Շառլ Ազնավուր 100․ Քեզ համար, Ազնավուր

1924 թվականի մայիսի 22-ը նշանավորվեց համաշխարհային երգարվեստի երկնակամարի լուսաշող աստղերից մեկի ծնունդով, որի լույսն իր անկրկնելի ելևեջումներով արդեն հարյուր տարի մի անբացտրելի հմայքով գերում է ունկնդրին՝ անկախ ազգությունից ու դավանանքից:

Շառլ Ազնավուր… Ծնողները՝  Միշա (Մամիկոն) Ազնավուրյանը և Քնար Բաղդասարյանը,  Հայոց ցեղասպանության դժնի տարիներին  գաղթել էին Արևմտյան Հայաստանից  և ժամանակավոր ապաստան գտել նախ՝ Հունաստանում, որտեղ 1923 թ. հունվարի 13-ին ծնվել է Շառլի քույրը՝ Աիդան, ապա  մեկնել էին  Ֆրանսիա, որտեղ 1924 թ. մայիսի 22-ին լույս աշխարհ եկավ Շառլը: Ազնավուրյանների ընտանիքն այդ ընթացքում սպասում էր ԱՄՆ մուտքի արտոնագրերին և նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ հենց Ֆրանսիան է դառնալու իրենց երկրորդ  տունը։

 

Շառլի ծնողներն արվեստի մարդիկ էին և շատ հյուրընկալ. նրանք հաճախ էին հյուրեր ընդունում. Նրանց ընտանիքում  յուրաքանչյուր  երեկոն վերածվում էր տոնախմբության՝ ներկայացումներ էին բեմադրում, երգում, պարում՝ ներգրավելով երեխաներին, ընկերներին, մտերիմներին։ Միշա Ազնավուրյանը նաև «Le Caucase» («Կովկաս») անունով մի փոքրիկ ռեստորան ուներ, որտեղ հաճախ անվճար ճաշ էր հյուրասիրում կարիքավորներին, և որտեղ հայր ու որդի երգեր էին կատարում այցելուների համար: Նման սրտաբաց ու անվճար հյուրասիրությունները թույլ չէին տալիս ապահովել ռեստորանը պահելու համար անհրաժեշտ եկամուտ,  և Միշան շուտով ստիպված է լինում  փակել այն։ Այդ ընթացքում ընտանիքի հոգսը հիմնականում իր վրա է վերցնում Շառլի մայրը՝ Քնարը, ով աշխատում էր որպես դերձակ:

Կարդինալ Լըմուեն փողոցում Թատերական դպրոց կար։ Վաղ տարիքից  ծնողները  Շառլին  քրոջ՝ Աիդայի հետ ուղարկում են այնտեղ:  1933 թվականին՝ ինը տարեկանում, նա սկսում է  էպիզոդիկ դերեր խաղալ  տարբեր ներկայացումներում ՝ հանդես գալով վաև պարային համարներով։ Մասնակցելով տեղական մրցույթներին և շահելով դրամական պարգևներ՝ Շառլը և Աիդան նույնիսկ իրենց համեստ ներդրումն են ունենում ընտանեկան բյուջեում։ Շառլն այնքան էր տարված երգ ու պարով, այնքան էր ուզում հմտանալ, զարգացնել իր այդ կարողությունները, որ դասերի համար գումար վաստակելու նպատակով սկսում է թերթեր  վաճառել փողոցներում ու տարբեր մանր աշխատանքներ անել:

 

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿՅԱՆՔ

 

11 տարեկանում Մարինյի թատրոնում  Շառլը մասնակցում  է Էդուարդ Բուրդեի «Մարգո» բեմադրության ստեղծմանը ։ Այս բարդ պիեսը, որը ներկայացնում էին Պիեռ Ֆրեսնեյը և Իվոն Պղենտանը՝ Ժորժ Օրիկի ու Ֆրանսիս Պուլենկի երաժշտական ձևավորմամբ, անմիջապես դառնում է  թատերաշրջանի ամենանշանավոր իրադարձությունը՝ պատանի Շառլին քայլ առ քայլ ճանաչելի դարձնելով ֆրանսիայի թատերասեր հասարակության շրջանում:

«ՌՈՇ ԵՎ ԱԶՆԱՎՈՒՐ»  դուետի ծնունդը

Ազնավուրի երաժշտական  կարիերան սկսվեց պատերազմի ավարտին, երբ նա հանդիպեց Պիեռ Ռոշ անունով մի երիտասարդի, որը շնորհալի դաշնակահար էր: Երջանիկ պատահականությունը սկիզբ դրեց  «Ռոշ և Ազնավուր» դուետի  կազմավորմանը: 1943 թ. հունվարի 10-ն էր.   «Պրեսլի» անունով մի  փոքրիկ հանդիսասրահում Պիեռ Ռոշը պատրաստվում էր ելույթ ունենալ յոթ այլ արտիստների, այդ թվում՝ Շառլի քրոջ՝ Աիդա Ազնավուրի  հետ: Շառլն այդ համերգային ծրագրին չէր մասնակցում:

Երկրորդ աշխարհամարտի խառնաշփոթ օրերից էր, ու համերգին մասնակցող արտիստներից մեկն անսպասելի կանչ ստանալով ստիպված էր հեռանալ: Ստեղծված իրավիճակում Ազնավուրը պարզապես փոխարինեց նրան:

Հաղորդավարը ելույթ ունեցող հերթական արտիստներին ներկայացնելիս  սխալ թույլ տվեց, ինչի պատճառով Ռոշը և Ազնավուրը ստիպված էին բեմ բարձրանալ միասին ու կատարել դուետ-իմպրովիզ: Իմպրովիզն այնքան հաջող էր և համատեղ ելույթն այնքան ստացված, որ մնում էր ազդարարել  դուետի ծնունդը: Այդ օրվանից սկիզբ առավ երկու երիտասարդների ստեղծագործական համագործակցությունն ու հրաշալի ընկերությունը: Նրանք գրում էին երաժշտություն և տեքստեր նախ իրենց, իսկ ավելի ուշ՝ նաև այլոց համար: Շատ շուտով նրանք ճանաչում ձեռք բերեցին որպես «Ռոշ և Ազնավուր» ստեղծագործող դուետ:

ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Երբ ֆաշիստների կողմից բռնազավթված Փարիզում Դիմադրության շարժումը ծավալվեց, ֆաշիստներն է՛լ ավելի դաժան ու անողոք դարձան. գեստապոն ամեն օր ավելի էր խստացնում կտտանքներն ու խուզարկությունները։ Հենց այդ պայմաններում Միշա Ազնավուրը՝ Շառլի հայրը,  իր ընկերոջ՝ դիմադրության շարժման առաջնորդներից մեկի՝  Միսաք Մանուշյանի, միջնորդությամբ, սկսեց վտանգավոր աշխատանք տանել գերմանական բանակի հայ «կամավորների» հետ։ Առօրյա զրույցի ու կատակների միջոցով համոզվում էր, որ նրանք հայ են, խնդրում էր երգել, պատմել հայրենի գյուղերի մասին և այդպես կարողանում էր հստակ տարբերել՝ զինվորները հայերենը սովորել են հատուկ դպրոցներում, որտեղ ֆաշիստները գործակալներ էին պատրաստում, թե՞ իսկապես այն նրանց մայրենի լեզուն է։ Ընդ որում, այդ զրույցները վարում էր «Րաֆֆի» ռեստորանում, որտեղ այդ պահին աշխատում էր. նա զուգահեռ սպասարկում էր հարևան սեղանին նստած նացիստ սպաներին՝ ահռելի ռիսկի դիմելով և վտանգելով իրեն։ Այս յուրատեսակ քննությունը բարեհաջող «հանձնած» հայ զինվորներին Միշան հասկացնում էր, որ կարող է օգնել նրանց փախչել։ Տղաներն, իհարկե,  համաձայնում էին, և ռեստորանը փակելուց հետո հանդիպում էր նրանց ապահով վայրում, ապա՝ տուն բերում ։ Ամենից առաջ վառարանում այրում էին զինվորների գերմանական համազգեստը, իսկ մութն ընկնելուն պես Շառլն իր քրոջ հետ վերցնում էր զենքն ու տանում, գցում կոյուղու հորը։ Այդ ամենը կրկնվում էր գրեթե ամեն երեկո, և Ազնավուրների՝ Նավարեն փողոցի փոքրիկ բնակարանում գիշերողների թիվն օր օրի ավելանում էր… Այդպիսի զինվորներից էր նաև Սուրեն Կոջոյանը՝ Խորհրդային բանակին միացած երիտասարդ հայ լեյտենանտը, որը 1942 թվականին ստացել էր ծանր վիրավորում և գերեվարվելով գերմանացիների կողմից՝ հայտնվել համակենտրոնացման ճամբարում: Արդեն ճամբարում նրան առաջարկել էին միանալ ֆաշիստական բանակի հայկական լեգիոնին և այդպիսով փրկվել մահից:

Գերմանական բանակի կազմում Կոջոյանը հասնում է Փարիզ, որտեղ այլ հայերից լսում է Միշա Ազնավուրի ու «Րաֆֆի» ռեստորանում նրա ծավալած գործունեության մասին:
Փարիզի կայարանից նա անմիջապես ուղևորվում է «Րաֆֆի» ռեստորան և այնտեղ հանդիպում Միշա Ազնավուրին: Զրուցակիցները գաղտնի պայմանավորվածություն են ձեռք բերում և հրաժեշտ տալիս միմյանց:  Սուրենին նախանշված վայրում հանդիպում են  Մելինե Մանուշյանը և նրա քույրը: Երկու կողմից թևանցուկ են անում և խնդրում պարբերաբար բարձր ծիծաղել, որպեսզի տարօրինակ և կասկածելի չթվա նրանց հանդիպումը: Այդպես Կոջոյանը հայտնվում է Ազնավուրների տանը, որտեղ ամեն օր նոր փրկվածներ էին հավաքվում:

Հաջորդ օրն արդեն նա միանում է Դիմադրության շարժմանն ու տեղափոխվում հատուկ թաքստոց, որտեղից մասնակցում էր իրականացվող օպերացիաներին: Շաբաթներ անց, սակայն, գերմանացիները բացահայտում են այդ թաքստոցը և ձերբակալում նրան՝ տանելով Ֆրենի բանտ: Բանտից Կոջոյանը կարողանում է ազատվել միայն Ֆրանսիայի ազատագրումից հետո: Ամիսներ անց Կոջոյանը վերադառնում է Փարիզ և այցելում Ազնավուրներին: Ընտանիքը դիմավորում է նրան մեծ զարմանքով, քանի որ բոլորը վստահ էին, որ թաքստոցի հայտնաբերման պահին Սուրենին սպանել են:

Երբ գալիս է Հայաստան վերադառնալու ժամը, Աիդա Ազնավուրը, ի նշան նրանց ընկերության, նվիրում է Սուրեն Կոջոյանին իր լուսանկարը:

 

— Աիդայի լուսանկարը՝ կայքից

 

Սուրեն Կոջոյանի մասին պատմությունն ու լուսանկարը փոխանցել  է նրա թոռը` քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Պատերազմի մասին պապի թողած ձեռագրերի ու հիշողությունների հիման վրա Էդգարը պատրաստվում է գիրք հրատարակել:

Այս պատմությունը վկայությունն է այն փաստի, թե ինչպես են Ազնավուրները, վտանգելով սեփական կյանքը, կարողացել տասնյակ կյանքեր փրկել:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ազնավուրի ընտանիքը՝ ծնողներն ու երեխաները, իրենց փարիզյան բնակարանում ապաստան են տվել բազմաթիվ հրեաների և հայերի։

Այս անձնվեր գործունեության համար 2017 թվականին Ազնավուրին ու նրա քույր Աիդային շնորհվեց Ռաուլ Վալենբերգի անվան մրցանակ:

 

 

Շառլի հոր՝ Միշա Ազնավուրի  մտերիմ ընկերն էր  հայազգի բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանը, ում  հետմահու շնորհվեց Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում: Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է Դիմադրության շարժմանը՝ ղեկավարելով շարժման հիմնական խմբավորումներից մեկը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945 թթ.) ընթացքում, երբ Գերմանիան գրավում է  Ֆրանսիան, շատերի հետ Մանուշյանը նույնպես ձերբակալվում ու նետվում է համակենտրոնացման ճամբար:Երեք ամիս անց փախչելով ճամբարից վերադառնում է Փարիզ և ակտիվորեն մասնակցում գերմանական զավթիչների դեմ պայքարին: 1943թ. Մանուշյանի գլխավորած   խումբը հարձակում է գործում գերմանացիների վրա: Նոյեմբերի 16-ին Մանուշյանը իր 22 ընկերների հետ ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում, իսկ երեք ամիս անց՝ 1944թ. փետրվար 21-ին, մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերիեն ամրոցում։

2024 թվականի փետրվարի 21-ին՝ Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների մահապատժի 80-ամյակի օրը, նրա և կնոջ՝ Մելինեի աճյունները տեղափոխվել են Փարիզի Պանթեոն՝ ի պատիվ բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր միացել են Դիմադրությանը՝ հանուն Ֆրանսիայի ազատության։

 

Ազնավուրյանների ընտանիքն իր կիրակնօրյա հանգիստը Բուլոնյան անտառում անցկացնելու գեղեցիկ ավանդույթ ուներ: Այնտեղ ուրիշ հայեր էլ էին հավաքվում. Միշա Ազնավուրյանը երգում էր՝ սովորական հանգիստը վերածելով իսկական խնջույքի: Այդ հավաքներին միանում էին նաև Միսաք և Մելինե Մանուշյանները:

Միսաք Մանուշյանը հավաքների ընթացքում Շառլ Ազնավուրին սովորեցնում էր շախմատ խաղալ. նրանք ժամերով խոտերին էին մեկնվում ու ուսումնասիրում այդ խաղի գաղտնիքները: Ըստ երևույթին, Մանուշյանը լավ ուսուցիչ էր, որովհետև հիսուն տարի անց էլ Շառլ Ազնավուրը հաճույքով էր շախմատ խաղում ու հաճախ, նախքան բեմ մտնելը, երբ հանդիսատեսի աղմուկը մինչև ետնաբեմ հասնում էր, նա փակվում էր դիմահարդարանոցում ու բացում իր համար ասես մասունք դարձած  շախմատի տուփը: Այդ տուփը նրա հետ շրջել էր աշխարհով մեկ և հանգերի բառարանի հետ մեկտեղ  դարձելԱզնավուրի հավատարիմ ուղեկիցը:

Միսաք Մանուշյան և Շառլ Ազնավուր՝  Հայաստանն ու ֆրանսիան կամրջող երկու խորհրդանիշ՝   ամփոփված Ֆրանսիայի սրտում՝ որպես բարեկամ հողին պահ տված մասունքներ։

 

 

ՊԻԱՖ ԵՎ ԱԶՆԱՎՈՒՐ

Ազնավուրի մասնագիտական առաջխաղացման գործում նշանակալի դեր խաղաց ծանոթությունը Ռաուլ Բրետոնի և նրա կնոջ հետ. հենց նրանց շնորհիվ  «Ազնավուր և Ռոշ»  դուետը ծանոթացավ ֆրանսիական շոու-բիզնեսի տարբեր ազդեցիկ ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև՝ Էդիթ Պիաֆի: Սկզբնական շրջանում Շառլը մի քանի երգ գրեց ֆրանսիական բեմի աստվածուհու համար, այնուհետ վերջինիս հրավերով դարձավ նաև նրա մենեջերը։ Այս արդյունավետ ու ստեղծագործ համագործակցությունից շուտով սկիզբ առավ նաև շատ ամուր ընկերություն: Ազնավուրը Պիաֆի համար գրեց ամերիկյան «Jezebel» հիթային երգի ֆրանսերեն տարբերակը, և կարճ ժամանակահատվածում այս երգը դարձավ առաջատար: Շառլի ու Էդիթի հարաբերություններն անհասկանալի էին. դա ընկերությո՞ւն էր, սե՞ր: Ո՞վ իմանա: Շառլի բնորոշմամբ՝ դա ավելին էր, քան ընկերությունը, բայց ավելի պակաս, քան սերը:

1947-1948 թթ. Պիաֆն Ազնավուրին և Ռոշին հրավիրեց ԱՄՆ-ում շրջագայության: ԱՄՆ այցելելուց հետո Շառլը և Պիեռը որոշ ժամանակով հաստատվեցին Կանադայում: Այս ընթացքում՝ 1947 թ. մայիսի 21-ին, ծնվեց Սեդան՝ Ազնավուրի ավագ դուստրը: Պիեռի հետ դուետը հաջողություն ունեցավ. Կանադայի Քվեբեկ քաղաքում նրանք արեցին իրենց առաջին վեց ձայնագրությունները: Ավելի քան 40 շաբաթ համերգներ տվեցին «Faisan Doré»-ում՝ շաբաթական 11 ելույթ հաճախականությամբ, և աստիճանաբար հայտնի դարձան տեղական շուկայում: Շառլը ցանկանում էր տուն վերադառնալ, բայց Պիեռը որոշել էր մնալ Կանադայում: Ֆրանսիայում դեռ ոչ ոք չգիտեր, թե ով է Ազնավուրը, բայց նա որոշեց վերադառնալ ու ամեն բան նորից սկսել, այս անգամ՝ արդեն միայնակ: Ջերմ ընդունելություն գտնելով Էդիթ Պիաֆի ընկերների շրջանում՝ նա փորձեց իր սեփական տեղը գտնել՝ ի հեճուկս բոլոր քննադատների, ովքեր կանխատեսում էին Շառլի տապալումը՝ ասելով, թե նա շատ կարճահասակ է,  բավականաչափ բարետես չէ և տարօրինակ ձայն ունի…

1956 թ. Ազնավուրն սկսեց գրանցել  առաջին լուրջ հաջողությունները՝ որպես միայնակ հանդես եկող երգիչ, հեղինակ կատարող։ Հենց 1956-ին գրված «Sur Ma Vie» երգը դարձավ Ազնավուրի առաջին հանրահայտ ստեղծագործությունը, իսկ նրա դիրքը՝ որպես առաջին մեծության աստղ, հիմնավորապես ամրագրվեց փարիզյան «Օլիմպիա» սրահի մենահամերգից հետո…

«J’aime Paris au mois de mai», «Ay ! mourir pour toi», «Sa jeunesse»… «Music-Hall»  ամսագիրը նրան դասեց արական սեռի վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում:

1960 թ. դեկտեմբերի 12-ին Շառլ Ազնավուրին հաջողվեց վերջնականապես ու հիմնովին գրավել հանդիսատեսին: Համերգային այդ բացառիկ տրիումֆը դարձավ նրա համաշխարհային փառքի մեկնակետը:

Երաժշտական պրոդյուսեր Էդդի Բարքլեյը, ով ոլորտի շատ ազդեցիկ ներկայացուցիչներից էր, մեծ համերգ էր կազմակերպել Ալհամբրա համերգասրահում: Շառլ Ազնավուրին նվագակցում էին դիրիժոր Պոլ Մորիան և նրա նվագախումբը: Էդդի Բարքլեյը համերգին հրավիրել էր այդ ժամանակների ամենահայտնի ու ազդեցիկ անձանց՝ Ժան Կոկտո, Դալիդա, Լուի Արմսթրոնգ, Ջուլիետ Գրեկո… Ողջ Փարիզն այնտեղ ներկա էր:

Շառլն անձամբ հաճախ էր հիշում այդ առանձնահատուկ երեկոն, երբ հանդիսատեսը անհաղորդ սառնությամբ ընդունեց իր կատարած առաջին յոթ երգը։ Հետո նա երգեց վերջին՝ «Je m’voyais déjà» երգը, որը պատմում է մեծ նկրտումներով, սակայն ձախողակ արտիստի մասին: Ելույթի ավարտին լուսարձակներն ուղղվեցին դեպի հանդիսատեսը. ծափահարություններ չկային: Այնտեղ՝ ետնաբեմում, Շառլն արդեն պատրաստ էր հանձնվել…  Երբ բեմ դուրս եկավ  վերջին անգամ խոնարհվելու, անասելի մեծ էին նրա զարմանքն ու հուզմունքը, որովհետև դահլիճից օվացիաներ ու հիացական բացականչություններ հնչեցին։ Դա այդքան երկար սպասված ճանաչման ու հաղթանակի ձայնն էր, շռնդալից հաղթանակի…

Այդ օրվա նրա երգացանկում նաև այլ երգեր կային, որ հետո բացարձակ հիթ դարձան աշխարհի տարբեր երկրներում՝ «Emmenez-moi», «Trop tard», «Les comediens»: Ամերիկյան հայտնի Կառնեգի համերգասրահում գրանցած հաջողությունից և Ամերիկայում, Եվրոպայում ու Ասիայում երկարատև շրջագայությունից հետո Շառլ Ազնավուրը դարձավ աշխարհահռչակ աստղ: Նրա ձայնասկավառակները սկսեցին վաճառվել միլիոնավոր օրինակներով: Հաջորդող տարիները նշանավորվեցին մի քանի ստեղծագործությունների թողարկումով, որոնք ևս համաշխարհային հիթեր դարձան՝ «Tu t’laisses aller» (1960 թ.), «Il faut savoir» (1961 թ.), «Les comédiens» (1962 թ.), «La mamma» (1963 թ.), «Et pourtant» (1963 թ.), «Hier encore» (1964 թ.), «For Me Formidable» (1964 թ.), «Que c’est triste Venise» (1964 թ.), «La Bohème (1965 թ.), «Emmenez-moi» (1967 թ.) և «Désormais» (1969 թ.):

Սիրո և անցնող ժամանակի մասին պատմող այս երգերը հատեցին ժամանակի ու տարածության սահմանները ու մնացին որպես հավերժական սիրո խորհրդանիշեր:

ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿԻՆՈՅՈՒՄ

Թեև Շառլ Ազնավուրն առաջին անգամ կինոյում է հայտնվել 1936 թվականին, երբ դեռ դեռահաս էր, 1959 թվականը նշանավորվում է նրա առաջին գլխավոր դերով։ Ժորժ Ֆրանժուի «Գլուխը՝ պատին» ֆիլմում Էրտուվենի կերպարը նրան բերեց ֆրանսիական կինոյի մրցանակ: Հենց այս ընթացքում է նա հանդիպում Ժան-Պիեռ Մոկիին, որի հետ որոշ ժամանակ անց սկսում է համագործակցել։

Այս համագործակցությունը դառնում է բեկումնային  նրա կինոկարիերայի համար։ Շառլ Ազնավուրը գլխավոր դերեր է  խաղում Ֆրանսուա Տրյուֆոյի «Tirez sur le pianiste» և Դենի Դե Լա Պատելերայի «Un taxi pour Tobrouk» ֆիլմերում։ Ավելի ուշ՝ 60-ականներին, շանսոնյե-արտիստը հանդես է գալիս շատ այլ ֆիլմերում՝ որպես դերասան և կոմպոզիտոր, այդ թվում՝ «Gosse de Paris» (1961) ֆիլմում: Այս ֆիլմի երաժշտությունը Ազնավուրը  գրում է ռեժիսոր Մարսել Մարտինի հետ, նույնը արվում է  նաև «Las cuatro verdades» ( 1962) և «Caroline chérie» (1968) դրամաների համար:  «Les Fables de la Fontaine» (1964) հեռուստասերիալում ստանձնալով գլխավոր դերը՝  այնուհետև Ազնավուրը նկարահանվում է  նաև հանրաճանաչ «Monsieur Carnaval» (1965) մյուզիքլում, որտեղ հնչեցնում է  իր հիթային՝ «La Bohême» երգը (խոսքերի հեղինակ՝ Ժաք Պլանտ)։

 

ՇԱՌԼ ԵՎ  ՈւԼԼԱ

1968 թ. Ազնավուրի համար  սիրո  ու ընտանեկան կյանքի ներդաշնակության տարի էր: Նա վերագտավ իր ներքին խաղաղությունը կնոջ՝ Ուլլա Թորսելի հետ: «Նրա  շնորհիվ ես կարողացա սահմաններ գծել և ազատվել ինձ շրջապատող բոլոր «մակաբույծներից»,- այսպես է բնութագրել իր կյանքի այս փուլը բեմի ու ետնաբեմի աղմուկից անդին ներդաշնակություն փնտրող Ազնավուրը:

Շառլը և Ուլլան երեք զավակ ունեցան՝ դուստր Կատյան, որդիներ Միշան ու Նիկոլան, և միասին ապրեցին ջերմությամբ ու փոխըմբռնմամբ լի ընտանեկան կյանք։

1976 թ. Ազնավուրն ընտանիքի հետ տեղափոխվեց Շվեյցարիա, որտեղ էլ 1977 թ. ծնվեց նրա կրտսեր որդին՝ Նիկոլան: Սա Ազնավուրի համերգային համաշխարհային շրջագայությունների գերակտիվ մի շրջան էր, երբ նա մշտապես ստիպված էր տնից հեռու գտնվել : 1982 թ. նա ընտանիքի հետ կրկին երկու տարով տեղափոխվեց Ամերիկա – նախ՝ Լոս Անջելես, այնուհետև՝ Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաք: 1984 թ. նրանք վերջնական ետ վերադարձան Շվեյցարիա:

ՇԱՌԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Աշխարհի ամենաշքեղ բեմերի շլացուցիչ լույսերը չէին կարող խամրեցնել հեռուներից առկայծող մի շող, որն իր ձգողական ուժով Ազնավուրի համար դարձել էր դեպի Հայաստան տանող փարոս:   Իսկ Հայաստանը գենով փոխանցված Սեր էր, որի տրամադրություններով  ապրում էր Ազնավուրը, և որի մասին պատմում էր աշխարհին՝ իր երգը դարձնելով  Ղողանջ Հայրենական:

« ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆ »

Ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցի՝ Շառլ Ազնավուր իր փեսայի՝ Ժորժ Կառվարենցի հետ գրեց «Ils sont tombés / Նրանք ընկան» երգը, որն անմիջապես լայն տարածում ստացավ՝  սկիզբ դնելով Ցեղասպանության ճանաչման նրա արդար պահանջներին։

Ցավոք, այն Հայաստանի ցավի մասիին պատմող միակ երգը չեղավ:

1988թ.-ին Հայաստանը պատուհասած ահեղ երկրաշարժը ստիպեց Ազնավուրին կրկին աշխարհը  հավաքել, այս անգամ՝ «Քեզ համար, Հայաստան» երգի շուրջ:

Շառլ Ազնավուրի ու Ժորժ Կառվարենցի կողմից գրված այս ստեղծագործությունը զբաղեցրեց առաջին հորիզոնականը համաշխարհային վարկանշային աղյուսակի առաջին 50-յակում և մնաց առաջատար դիրքում 10 շաբաթ շարունակ: 1989 թ․ փետրվարին ավելի քան իննսուն աշխարհահռչակ արտիստների համագործակցությամբ ձայնագրված «Pour toi Arménie» երգի՝ Անրի Վեռնոյի կողմից նկարահանված տեսահոլովակով սկավառակը վաճառվեց երեք միլիոն օրինակով՝ նպաստելով սոցիալական ծրագրերի իրագործմանը Գյումրիում։  Երգի ողջ հասույթը,   որպես  հումանիտար օգնություն, տրամադրվեց  Հայաստանի ժողովրդին:

1988 թ. Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժը շրջադարձային դեր խաղաց Ազնավուրի կյանքում: Մեծ Հայի նախաձեռնությամբ հիմնադրված  «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ասոցիացիան դարձավ  փրկօղակ՝ աղետից տուժած հազարավոր ընտանիքների համար:

 

Ի նշան երախտագիտության ՝

2001թ. Հայաստանի իշխանությունները Երևանի կենտրոնում գտնվող հրապարակներից մեկն անվանակոչեցին Շառլ Ազնավուրի անունով: Նույն տարում նաև նրա արձանը տեղադրվեց ավերիչ երկրաշարժից առավել տուժած քաղաքներից մեկում՝ Գյումրիում:

2004թ. Շառլ Ազնավուրն արժանացավ  Հայաստանի ազգային հերոսի կոչման։

2008թ. Հայաստանի կառավարության կողմից Շառլ Ազնավուրին շնորհվեց ՀՀ քաղաքացիություն, իսկ մեկ տարի անց` 2009 թ., նա ստանձնեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը:

Ազնավուրը եղել է նաև  ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:

Որպես իր մարդասիրական առաքելության շարունակություն՝ Շառլ Ազնավուրը որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ  ստեղծեց «Ազնավուր» հիմնադրամը ։
Այսօր հիմնադրամն ակտիվորեն ծրագրեր է իրականացնում տարբեր ոլորտներում՝ Նիկոլայի և նրա կնոջ՝ Քրիստինայի հմուտ ղեկավարմամբ՝ շարունակելով մեծ մարդասեր Շառլ Ազնավուրի նվիրական գործը:

 

Հայ ժողովուրդը սիրել ու գնահատել է Ազնավուրին՝ որպես իր նվիրյալ զավակի: Աշխարհը ընդունել է նրան՝ որպես համամարդկային արժեքների կրողի, որպես մոլորակը սիրո ուժով պտտեցնող երևույթի:

2017 թ․ օգոստոսի 24-ին լեգենդար երգիչ-երգահան Շառլ Ազնավուրին շնորհվել է  Հոլիվուդյան Փառքի ծառուղու 2618-րդ աստղը, որը գտնվում է պատմական «Pantages» թատրոնի կողքին։

Աստղը մեծ շանսոնյեին  շնորհվել է  «Կենդանի կատարում» անվանակարգում:

2017 թվականին Ռաուլ Վալլենբերգի միջազգային հիմնադրամը (IRWF)  Ազնավուրներին շնորհել է  «Ռաուլ Վալլենբերգ» մեդալ ։ Այս հեղինակավոր մրցանակը հարգանքի տուրք էր Ազնավուրների ընտանիքին՝ Քնար մայրիկին, Միշա հայրիկին և նրանց  զավակներ  Աիդային  և Շառլին,  ովքեր Ֆրանսիայում նացիստական օկուպացիայի մռայլ օրերին օգնության ձեռք էին մեկնել նացիստների կողմից հալածվողներին։

Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցերից  ամենաազդեցիկ դրվագներից մեկը, թերևս, հանգուցյալ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հետ Երևան նրա այցն էր: Ազնավուրը Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հավերժական կրակի մոտ Ave, Maria երգեց: 

Դա, իրոք, նման էր աղոթքի: Հռոմի պապն ուշադիր լսում էր ու թվում էր, որ նա ևս կատարողի հետ միասին աղոթում է առ Աստված…

2018 -ի գարնանը Շառլ Ազնավուրը վնասվածք ստացավ։ Ի հեճուկս բոլոր հակառակ պնդումների՝ նրան հաջողվեց կազդուրման 5-ամսյա դադարից և համերգների չեղարկումից հետո նորից բեմ դուրս գալ

Նրա վերջին երկու համերգները կայացան Ճապոնիայում` սեպտեմբերի 17-ին և 19-ին:

2018 թվականի հոկտեմբերի 1-ին փակվեց  մեծ շանսոնյեյի  բեմի վարագույրը՝ ետևում թողնելով  աշխարհի  ամենահեղինակավոր դահլիճների ազնավուրյան  շնչառությունը, հիասթափության ու ոգևորության  ակնթարթները,  ձախողումների սիրտ ճմլող զգացողություններն ու փառքի թրթիռները,  աշխարհը կախարդած ձայնի հնչյուններն  ու ծափերի որոտը , որոնցով Ազնավուր  երևույթի  կյանքը դարձել էր օվացիա, իսկ կենսագրությունը՝ դեպի  օվացիա  տանող  փշոտ , բայց ոգեղեն ճանապարհ:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարանքով լի ժպիտներ` «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, *քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…»:

 

Ֆրանսիայում պոետները  երբեք չեն մահանում.  Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի  նախագահ Էմանուել Մակրոն

Վստահ եմ, որ դեռ շատ երկար տարիներ միլիոնավոր մարդիկ դժվարության, հույսի, ուրախության պահերին իրենց հիշողության մեջ կպահեն այն երաժշտությունը կամ այն երգերի բառերը, որ այս բացառիկ բանաստեղծը թողել է մեզ: Յուրաքանչյուրիս սրտում նա կշարունակի իր ճանապարհը` քայլելով ուղիղ, ձեռքը գրպանում, ժպիտը դեմքին, և մեզ հետ միասին նա հպարտորեն կանցնի այս դարը: Այլևս նա մեզ չի լքի, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթ

«Նա մեծ հպարտություն էր Հայաստանի, հայերի համար: Մարդ, ով ամենադժվար պահերին կանգնել է Հայաստանի կողքին։ Հայաստանը կարող է հպարտանալ, որ Ֆրանսիային տվեց իր մեծագույն դեսպաններից մեկին, մեծագույն ներկայացուցիչներից մեկին: Ազնավուրի մահից հետո Ֆրանսիան և Հայաստանը հիրավի համատեղ սգում են այս մեծ արտիստի կորուստը, ով ինքն իրեն համարում էր 100 տոկոսանոց հայ և 100 տոկոսանոց ֆրանսիացի»

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀՌՉԱԿ ՎԱՅԵԼՈՂ ԱՐՏԻՍՏ, ԵՐԳԱՀԱՆ,

ՊՈԵՏ, ԴԻՎԱՆԱԳԵՏ, ՀՈՒՄԱՆԻՍՏ, ՄԵԾ ԼԵԳԵՈՆԵՐ

Իր ստեղծագործական հարուստ  ու բեղմնավոր ճանապարհին  Շառլ Ազնավուրը  ձայնագրել է 1400 երգ՜ 9 լեզվով, թողարկել 91 ալբոմ եւ վաճառել ավելի  քան 200 միլիոն ձայնագրություն։ Նրա ձայնագրություններից շատերը  հարստացրել  են համաշխարհային երաժշտության  պլատինե եւ ոսկե   ֆոնդերըԱզնավուրի բացառիկ տաղանդը դրսևորվել է նաև կինոյում.  նկարահանվել է  ավելի քան 90 ֆիլմում

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի առիթով

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձը: Սա մի հոբելյան է, որ մեզնից յուրաքանչյուրի հոգում ու մտքում հույզեր է արթնացնում, որովհետև Շառլ Ազնավուր անունը Հայաստանի Հանրապետությունում գիտեն բոլորը, և այդ անունը հարազատ է բոլորին ու յուրաքանչյուրին:

Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ նրանք, ովքեր երաժշտության սիրահար չեն, գիտեն Շառլ Ազնավուրին` որպես մեծ հայի, որպես մարդու, ով իր ներկայությունն ապահովել է մեզնից յուրաքանչյուրի կյանքում: Նա Հայաստանի Ազգային հերոս է` Հայաստանի Հանրապետությանն իր մատուցած անգնահատելի ծառայությունների համար, բայց նա նաև համամարդկային հերոս է, ով իր արվեստի շուրջ համախմբել է մարդկությանը` սիրված լինելով աշխարհի բոլոր անկյուններում:

Շառլ Ազնավուրն ինքն է իրեն ստեղծել` լինելով աննկարագրելի աշխատասիրության տեր մարդ, ով կարողացել է իր տաղանդը զարգացնելով դարձնել համամարդկային արժեք, ստեղծել երաժշտական մի ձեռագիր, որն անկրկնելի է: Կես դարից ավելի լինել և մնալ համաշխարհային արվեստի երկնակամարում, պահանջված լինել բոլոր առաջատար բեմերում կարող էր միայն այն մարդը, ով ասելիք ունի աշխարհին, և Շառլ Ազնավուրն այդ ասելիքն ասաց լիարժեք և անմնացորդ, և այդ ասելիքն առաջին հերթին սիրո մասին է:

Այդ ասելիքը դեռ երկար կապրի, այդ ասելիքը դեռ կոգեշնչի միլիոնավոր երկրպագուների և այդ ասելիքը պետք է ոգեշնչի մեզ, որովհետև Շառլ Ազնավուրը փառքի և համաշխարհային հարգանքի վայելքների մեջ տառապում էր Հայաստանի Հանրապետության ցավերով, ուրախանում և ցնծում ձեռքբերումներով:

Լինելով Հայաստանի Ազգային հերոս, համաշխարհային մեծության արվեստագետ` նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունեց, նաև ի վերջո Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պետական պաշտոն ստանձնեց, և պաշտոնավարեց մինչև կյանքի վերջը, այսպիսով, թերևս խորհրդանշելով իր գաղթական տոհմի ապաստանելը պետության՝ Հայաստանի Հանրապետության տանիքի ներքո: Այսօր Շառլ Ազնավուրի ընտանիքը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում և սա առավել քան խորհրդանշական է: Երևանի փողոցներում զբոսանքի դուրս եկած նրա թոռնիկը` փոքրիկ Միսակն ինձ համար դարակազմիկ խորհրդանիշն է այն բանի, որ հայ ժողովրդի հայրենիքի փնտրտուքն, ահա, ավարտված է, որովհետև այդ հայրենիքը գտնված է` ի դեմս Հայաստանի Հանրապետության:

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձն է: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի խոսքը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկին

«Շառլ Ազնավուրի ընտանիքի սիրելի անդամներ,

Պետական այրեր,

Տիկնայք և պարոնայք,

Այսօր մեկնարկում են ամենահռչակավոր հայի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Պատահական չէ, որ այդ մեկնարկը տրվում է հենց Հանրապետության նախագահի նստավայրից, քանի որ Ազնավուրը ոչ միայն հայ ժողովրդի նվիրական զավակն էր, այլև Հայաստանի Հանրապետության մեծ բարեկամը և մեր երկրի դեսպանը:

Չափազանց դժվար է տարանջատել Ազնավուր երգչին, երգահանին, դերասանին ու բանաստեղծին, հասարակական գործչին ու բարերարին:

Դժվար, որովհետև աշխարհում յուրաքանչյուր հայ ունի իր Շառլին՝ որպես իր ամենասիրելի շանսոնյե, որպես տաղանդավոր դերասանի, որպես երգահանի, որպես մեծագույն բարերարի, և այս շարքը շատ երկար կարելի է թվարկել:

Նրա տաղանդի մասին կարելի է երկար խոսել: Այս առումով իր ինքնակենսագրական գրքում նա գրել է.

«… Միշտ չէ, որ տաղանդավոր մարդը միանգամից աչքի է ընկնում: Իսկական տաղանդը հիմնականում համեստ է և ամոթխած: Բայց մի օր նրան անպայման նկատում են, բացահայտում: Դրա համար էլ դու պետք է հավատաս քո ուժերին և չվախենաս մարդկանց քո ընդունակություններով ներկայանալուց: Չմոռանաս նաև համբերատարության մասին. մի օր կգա նաև քո ժամը»:

Ազնավուրի ստեղծագործությունն արվեստի անվերջ աշխարհ է իր ամբողջ գույներով, հնչյուններով, բառերով: Դրանով էլ պայմանավորված անհնար է գնահատել Շառլ Ազնավուրի ներդրումը, համարձակվում եմ ասել, համաշխարհային մշակույթի գանձապնակում, որովհետև իր հարուստ ստեղծագործական կյանքի ընթացքում նա կերտել է անմահ արժեքներ բոլոր այն բնագավառներում, որտեղ գործել է:

Նրան ներկայացնելը շատ դժվար է, հաշվի առնելով իր բազմաբովանդակ գործունեությունը: Եվ, միաժամանակ, շատ հեշտ, որովհետև նա պարզապես Շառլ Ազնավուրն է:

Հարգելի ներկաներ,

Օգտվելով այս տոնական առիթից, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքին իրենց գործունեության համար, որը միտված է մեծ արվեստագետի ու բարերարի գործի շարունակությանը՝ ստեղծելուն, ապրեցնելուն ու արարելուն:

Շնորհակալություն եմ հայտնում նաև այսօրվա միջոցառման կազմակերպիչներին:

Շնորհավորում եմ բոլորիս և հայտարարում Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը»:

Էմանուել Մակրոնի հայերեն գրառումը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ

«Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։ 100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է»

ԱԶՆԱՎՈՒՐԸ՝  ՀԱՅՐ

Ազնավուրն ամուսնացել է երեք անգամ. առաջին անգամ 1946 թվականին՝  տասնյոթամյա Միշելին Ռյուգելի հետ  երկրորդ անգամ 1955 թվականին՝ Էվելին Պլեսիսի հետ , երրորդ անգամ՝ 1967 թվականին  շվեդուհի Ուլլա Թորսելի հետ:

«Առաջին անգամ ամուսնացա, երբ շատ երիտասարդ էի: Երկրորդ անգամ՝ երբ շատ հիմար էի: Երրորդ անգամ ես, վերջապես, ամուսնացա նրա հետ, ում մասին մշտապես երազել էի՝ բաց գույնի աչքերով եւ մետաքսե մաշկով շիկահերի հետ: Դրանից բացի, Ուլլան ինձանից 17 տարով փոքր է: Կարծում եմ՝ տարիքային հոյակապ տարբերություն է: Իսկ ընդհանրապես, երկարատեւ ամուսնական կյանքի գաղտնիքը իրար կողքի քեզ առավելագույնս բնական պահելն է եւ միշտ իրար ասել այն, ինչ ցանկանում ես ասել… Ես արտասովոր կին ունեմ, չնայած նա ոչ միշտ է ինձ հետ համաձայն: Մենք տարբեր ծայրերում ենք ծնվել. նա՝ սառը, իսկ ես՝ տաք: Դրանից բացի, նա բողոքական է, եւ մենք երեխաների դաստիարակության հարցում տարբեր կարծիքի ենք: Սակայն արդյունքում մեզ հաջողվել է ներդաշնակության հասնել»:

Ունեցել է 5 երեխա՝ Սեդան, Պատրիկը, Կատյան, Միշան և Նիկոլան։

Ազնավուրյան գենով փոխանցված սերն առ Հայաստան  մեծ հայի զավակներին հաճախ է բերում Հայրենիք:

Իսկ Նիկոլա Ազնավուրի՝ Հայաստան տեղափոխվելու և հայազգի կնոջ՝ Քրիստինայի հետ իրենց զավակին Հայրենիքում մեծացնելու  որոշումը եղավ այդ սիրո ամենավառ ապացույցը:

Նիկոլայի՝  Տաթևում մկրտվելու որոշումը Ազնավուրն ընդունեց մեծ ուրախությամբ. «Ես շատ հպարտ եմ, որ որդիս որոշեց Հայաստանում կնքվել: Ծնողներս երջանիկ կլինեին, եթե իմանային, որ իմ որդիներից երկուսը՝ Միշան եւ Նիկոլան, այստեղ են կնքվել՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին»:

Սեդան՝ Շառլ Ազնավուրի ավագ դուստրը, թողարկել է հայկական ավանդական երգերով ալբոմ, նաև՝  հյուրախաղեր ունեցել Վիլյամ Սարոյանի դստեր՝ Լյուսի Սարոյանի հետ: Սեդան հոր հետ հանդես է եկել նաև զուգերգով՝ կատարելով Սայաթ Նովայի «Աշխարհումս» երգը:

«Հայրս գերմարդ էր։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ 94 տարեկանում ինքնաթիռ նստել Ճապոնիայում երկու համերգ ունենալու համար, վերադառնալ եւ իրար հետեւից հարցազրույցներ անցկացնել։ Մինչեւ բավականին պատկառելի մի տարիք հասնելը, նա ընդամենը գիշերը մի քանի ժամ էր քնում։ Նա միշտ ստեղծագործում էր՝ տեքստ գրում, երաժշտություն ստեղծում, համերգ տալիս կամ շրջագայում: Նա պետք է որ ապրած լինի սովորական մարդու առնվազն երեք կամ չորս կյանքին համարժեք։ Կարծում եմ, որ ստեղծագործելով ապրելու այս անհագ ծարավը նրան փոխանցվել էր իր ծնողներից, ովքեր մազապուրծ էին եղել ցեղասպանությունից։ Այդ խոր ցնցումը մղում է ապրելու»։  Նիկոլա Ազնավուր

Մեծերը՝ Մեծի մասին

Վիլիամ Սարոյան. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»:

Ֆրանսիայի նախագահ  Շառլ դը Գոլ.  «Դուք կնվաճեք աշխարհը, որովհետեւ կարողանում եք հուզել…»:

Ֆրանսիացի շոնսոնյե և դերասան Մորիս Շևալյե. «Շառլ Ազնավուրը խոշոր դրամատիկ տաղանդ է: Ազնավուրն այնպես է սեր երգում, ինչպես մինչ այս ոչ ոք չի երգել: Այդպես նա սիրում է, զգում, ապրում: Միանգամից նվաճում է մարդուն: Նա իր արվեստում մեծագույնն է»:

Հայտնի արվեստաբան, Ազնավուրի կենսագիր Իվ Սալգ «Այդ ձայնը, որ թվում է կանգնած է աղետի եզրին և ցանկացած պահի կարող է խզվել ու լռել, շնչարգելությամբ տառապողի, բայց տղամարդավարի ալպինիստական գագաթը գրավողի շքեղ ձայն է: Վիրավոր թռչնի խուլ ու պատռված ձայն, որը բեմի վրա իր փետուրների հետ մեկտեղ նետում է սիրո հրաշալի երգեր: Հոգեվարքի մեջ գալարվող այդ ստրադիվարիուսը, այդ ձայնը, որ կարծես հանգած հրաբուխից լինի, բառեր է ուղղում ավելի շուտ սրտին, քան լսողությանն ու հնչում է ամբողջ աշխարհում»:

Էմանուել Մակրոն   «Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով: Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր՝ պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ»:

«Շառլ Ազնավուրի շնորհիվ այսօր հնարավորություն կա հիշելու, թե ինչ ենք մենք պարտք այն հայերին, ովքեր փախչելով իրենց հայրենիքից, եկել են շենացնելու մեր հայրենիքը»,- նշել էր Ֆրանսիայի նախագահը:

 

Ֆրանսուա Տրյուֆո.  «Դու զարմանալի դերասան ես։ Քեզ նկարահանման հրապարակում իմ առջև տեսնելն ինձ մեծ վստահություն էր տալիս։ Ուշադիր ու լայնախոհ, բծախնդիր ու ճկուն, ջղագրգիռ ու պոետիկ»

Ատոմ Էգոյան

«Շառլը  հայկական սփյուռքի ամենամեծ «աստղն» է, և նրա հետաքրքրասիրությունն ու կյանքի հանդեպ մեծ կիրքը ոգեշնչման աղբյուր էին ինձ համար։ Մեծ պատիվ էր նրա հետ աշխատել «Արարատ» ֆիլմում. նա  նաև մեծ աջակցություն էր ցուցաբերում ֆիլմին, ընդհուպ մինչև պրեմիերան, որը կայացավ  Կաննում՝ 2002 թվականին: Ես շատ յուրահատուկ հիշողություններ ունեմ՝ կապված այդ կախարդական երեկոյի հետ, և հատկապես մեր  առաջին հանդիպման հետ: Դա տարիներ առաջ էր՝ 1996թ.-ին, Կաննում,  երբ ես ժյուրիի կազմում էի: Այդ ժամանակ նա կատակով ասաց՝ «դու պետք է ինձ ընդգրկես  քո ֆիլմերից մեկում»: Դա նման էր  երազանքի, որը դարձավ  իրականություն.  ես սիրում եմ նրա խաղը:

Ֆիլմի օդանավակայանի տեսարանը, որտեղ նա կոտրում է  նուռը, չափազանց  գեղեցիկ միջոց է՝ վկայակոչելու ցեղասպանությունը վերապրած իր  մոր հիշատակը: Շառլը ֆիլմի վերջում պատմում է այս պատմությունը դերասաններից մեկին. և այս  «նոր երկիր» գալուց առաջ նռան հատիկներն ուտելու նրա որոշումը  շատ խորհրդանշական ու հուզիչ է ինձ համար՝ հաշվի առնելով Շառլի սեփական պատմությունը և, իհարկե, նրա՝ «Նրանք ընկան» հիանալի երգը։

Միշտ երազում էի, որ աշխարհի ամենահայտնի հայը խաղա իմ ֆիլմում. Երազանքս իրականացավ: Աշխարհում ամենահայտնի հայ լինելը պարտավորեցնում է: Ինչպես արդեն ասել եմ, Ազնավուրը մեզ շատ ավելին է տվել, քան կարող ենք պատկերացնել` իր սերը, նաև՝ սերը դեպի իր ժողովուրդը…

 

Հետաքրքիր փաստեր՝ Ազնավուրի մասին

  • 2010 թվականին լեռնագնաց Սերգեյ Քայֆաջյանը նվաճել է Պամիրի գագաթներից մեկը, որն  անվանել է հռչակավոր հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով։ Լեռան գագաթին լեռնագնացը իր աշխարհահռչակ հայրենակցի նկարն է տեղադրել։
  • Ֆրանսիայում կա հատուկ «Նարինջ» մրցանակ, որը շնորհվում է լրագրողների կողմից մամուլի նկատմամբ բարյացկամությամբ առանձնացող հանրային դեմքերին։  1970 թվականին Ազնավուրը մի ամբողջ զամբյուղ նարինջ է ստացել՝ ի նշան շնորհակալության մամուլի առաջ բաց լինելու եւ լրագրողների աշխատանքի նկատմամբ հարգանքի համար։
  • Իր բոլոր ճանապարհորդություններին մաեստրոն նոտաների հետ մեկտեղ վերցնում էր լավագույն ռեստորանների ուղեցույցերը, իսկ համերգից առաջ կուշտ ուտում էր եւ մի քանի գավաթ գինի էր խմում։ Նախընտրում էր ֆրանսիական ու իտալական խոհանոցը։
  • Նրա հորը պատկանող «Կովկաս» ռեստորանում ժամանակին հավաքվում էին ռուս եւ հայ գաղթականների, նաև՝ փարիզյան մտավորականության ներկայացուցիչները: Այստեղ ընթրելու էր գալիս Թիֆլիսի հայկական թատրոնի դերասան Արշո Շահխաթունին, ով Ֆրանսիայում դարձել էր համր կինոների աստղ, ֆրանսիացի հեռուստադիտողների սիրելի Իվան Մոզժուխինը եւ հայտնի հայ–ֆրանսիական ծագմամբ ռեժիսոր Ժորժ Պիտոեւը։
  • Ազնավուրին շնորհվել էր «Կանադայի ասպետ» պատվավոր կոչումը։ Այս տիտղոսը կրող ամենահայտնի 75 կանադացիների շարքում  նա միակ օտարերկրացին էր։
  • Մաեստրոն չէր սիրում նշել իր ծննդյան տարեդարձը եւ չէր սիրում հիշել իր տարիքը։ Նա համոզված էր, որ մարդը նաեւ զառամյալ տարիքում պետք է ապրի այնպես, ասես 30 տարեկան է։
  • Ազնավուրը սիրում էր Իր տան յուրաքանչյուր սենյակ կահավորել ինչ–որ ժամանակաշրջանի ոճով՝ բարոկկոյից մինչեւ մոդեռն։
  • Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու տաղանդի երկրպագուն էր։

 

Ազնավուրն՝ իր սովորությունների, թուլությունների մասին

  • Ես ամեն օր 340 մետր լողում եմ գոտու վրա ծանրացուցիչով: Մշտապես ուտում եմ ափսեի մեջ եղածի կեսը: Արդեն 40 տարի չեմ ծխում, չնայած երբեմն կարող եմ ինձ բավականություն պատճառել սիգարով: Սակայն թունդ ալկոհոլ չեմ խմում: Միայն գինի եւ շամպայն:
    Ես նախատեսել եմ համերգ 2024 թվականի մայիսի 22-ին՝ իմ հարյուրամյակի օրը: Իսկ հետո՝ կտեսնենք: Եվ ինչո՞ւ պիտի ինձ կապկպեի: Որ մեռնեի տա՞նը, բազկաթոռին նստա՞ծ: Ո՛չ, մերսի:
  • Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ: Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը եւ ծաղր ու ծանակը ընտանիքիս էին բաժին հասնում… Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում՝ ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին՝ պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…
  • Կյանքում պետք է ծիծաղել: Ով ծիծաղում է, նա ավելի լավ ու երկար է ապրում:
  • Իմ հայկական գլխավոր հատկանիշը աշխատասիրությունն է: Ես, որպես վարպետ, յուրաքանչյուր բառը կռում եմ, յուրաքանչյուր արտահայտությունը հղկում: Անհրաժեշտ արտահայտությունը գտնելու համար եթե պիտի օրեր, շաբաթներ եւ անգամ ամիսներ անցկացնեմ, ես այն համառորեն փնտրում եմ:
  • Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը:
  • Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել:
  • Անցյալը հիանալի թանաքաման է նրա համար, ով գրին է նվիրվում:
  • Հավանաբար, իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստարանը և այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել:
  • Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ մյուսներին:
  • «Երբեք նորաձև չեմ եղել: Լավ է հայտնի. ոչինչ այնքան արագ չի հնանում, որքան նորաձև իրը: Իսկ երգն ապրում է անվերջ՝ այնքան, որքան մարդը»: Այդուհանդերձ, 1974-ին էլեգանտ արտաքին տեսքի համար Ազնավուրը ստացավ «Brummel» մրցանակը` որպես «պոպ» անվանակարգում լավագույն հագնված մարդը:

 

 

Շառլ Ազնավուրն իր ողջ կյանքում մնաց ամենահայ ֆրանսիացին ու ամենաֆրանսիացի հայը. «Ես 100 տոկոսով հայ եմ և 100 տոկոսով ֆրանսիացի: Ես նման եմ կաթով սուրճի, որի բաղադրիչներն այլևս անհնար է առանձնացնել»

 

  • «Գուցե ես աշխարհի հայերից ամենաֆրանսիացին եմ, բայց ես հպարտ եմ իմ Հայաստանով եւ դա երբեք չեմ թաքցրել»:
  • «Ինձ հաճախ են հարցնում՝ ինչու եմ ես այդքան շատ բան անում Հայաստանի համար։ Չգիտեմ՝ ինչպես ճիշտ պատասխանել։ Ներսում ինչ-որ բան կա… Այո՛, իմ արվեստը հայկական չէ, կրթությունս ֆրանսիական է։ Փոխարենը ընտանիքս, արմատներս, պատմությունս հայկական են։ Մենք հայ ենք ծնվել եւ հայ կլինենք մինչ մահը»։
  • «Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է»։
  • «Ես ինձ իհարկե հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել, բայց առաջին բառերս ֆրանսերեն են հնչել: Հետագայում արդեն ես, քույրս և աղջիկս հայերեն սովորեցինք: Ես լավ խոսում եմ, բայց ո՛չ գրում եմ, ո՛չ էլ կարդում եմ հայերեն: Հոգ չէ: Վերջիվերջո իմ նախնիները, ովքեր դպրոց չեն հաճախել, դրանից ավելի վատ հայեր չեն եղել: Իսկ ո՞վ ասաց, թե լեզուն գոյություն ունի միայն գրքերում»:
  • «Բոլոր նրանց համար, ով չի ճանաչում Հայաստանը՝ դուք չգիտեք, թե ինչ եք բաց թողել այս կյանքում: Իմ հավերժական սերը Հայասատանն է՝ իմ նախնիների երկիրը»:
  • «Հայը սիրում է լավ սեղանն ու լավ գինին: Այո՜, գինին, որն ազգային խմիչք է, հայը նույնքան է սիրում, որքան ֆրանիսացին: Տոնը առանց ճոխ սեղանի, առանց գինու, առանց երգի, տոն չէ հայի համար»:
  • «Իմ հայրը երգում էր Սայաթ-Նովայի երգերը, ես դրանք թարգմանում էի: Մայրս սիրում էր հույն ողբերգակներին: Իմ նախնիների երգերը, Արևմտյան Հայաստանի գուսանների երգերը մեր ընտանեկան երգացանկում էին»:

 

 

Դրվագներ

 

Շառլի հայրը դիմել էր  իր  ընկերներից մեկին որդու՝ թատերական դպրոցի համար գումարով օգնելու խնդրանքով: «Միշա, գժվե՞լ ես, ինչ է. ի՞նչ թատրոն, – ասում է հոր ընկերը։- Հայերն ստեղծված են կոմերցիայի համար։ Եթե քո Շառլն ուզում է առևտրով զբաղվել, կօգնեմ նրան։ Իսկ եթե ուզում է ամբողջ կյանքը զվարճանալ, Աստված վկա, նա ինձնից ֆրանկ անգամ չի ստանա»։  Հոգու խորքում Ազնավուրյանը համաձայն էր ընկերոջ հետ՝ առևտուրը որդու համար շատ ավելի հեռանկարային աշխատանք էր։ Բայց նաև մեկ այլ բան էր հասկանում՝ առանց բացառությունների կանոններ չեն լինում․․․

1964 թվականն էր: Հայաստանում առաջին անգամ պետք է հնչեին Շառլ Ազնավուրի կենդանի կատարումները: Տոմսեր գտնելը գրեթե անհնար էր, համերգասրահի միջանցքներում անգամ կանգնելու տեղ չկար: Հիմնական տեղերում Կոմկուսի ներկայացուցիչներն էին: Ազնավուրը միայն մեկ բան էր խնդրել՝ ազատ թողնել առջևի 7 տեղերը: Ցանկացել էր այնտեղ տատին տեսնել: Համերգի ընթացքում ու հետո տատի ծափերը չէին դադարում, չէին չորանում աչքերից թափվող արցունքները: Շանսոնյեն ծնկի իջավ ու տատին փոխանցեց թաշկինակը:

 

Ազնավուրը՝ Ազնավուրի մասին

 

Սկզբում հորս գինետան հաճախորդները սակավ էին։ Մեկ ուրիշը լիներ նրա տեղը, կնվնվար։ Բայց ոչ հայրս։
Երբեմն էլ, վաճառասեղանի հետևում ծվարած, հաճախորդներին սպասելուց հոգնած, միայնակ, մանավանդ՝ մեկի հետ զրուցելու հնարավորությունից զրկված՝ հայրս հանկարծ իջեցնում էր վերնաշապկի թևքերը, հագնում բաճկոնն ու ասում․
– Շտապի՛ր, վազի՛ր տուն, հագնվի՛ր։ Կինո ենք գնում։
Աիդային ու ինձ կանոնավոր կերպով շաբաթը երկու անգամ կինո էր տանում։ Այն էլ՝ միշտ «Օդեոն» կամ «Սեն Միշել» կինոթատրոնները։
Բոլորովին չեմ հիշում այն առաջին ֆիլմը, որ դիտել եմ։ Անգամ չեմ հիշում՝ հնչյունայի՞ն, թե՞ համր էր այն։ Բայց լավ եմ հիշում, որ ինձ համար կատարյալ հայտնություն էր։ Խոսք չեմ գտնում արտահայտելու այն շլացումն ու ոգևորությունը, որ ապրեցի՝ էկրանի վրա տեսնելով Չառլի Չապլինին, Դուգլաս Ֆերբենքսին, Իվան Մոզժուխինին, Մերի Փիքֆորդին․․
Էկրանի առաջ նստած, կոնֆետ ծծելով՝ կախարդված դիտում, ապրում եմ միզանսցենով, բեմական զգեստներով, երաժշտությամբ ու դերասանների խաղով։ Չեմ համարձակվում այդ մասին որևէ բան ասել հորս․ գիտեմ, որ դա նրան ցավ կպատճառի։ Բայց ինքս ինձ մտածում եմ, որ սա այլ բան է՝ հայերի խեղճուկրակ բեմադրություններից բոլորովին տարբեր։
Այդ տարիներին է, որ իմ մեջ իսկապես արմատացավ արտիստ դառնալու ցանկությունը։ Մինչ այդ մանկական երևակայություններով էի տարված։

Ինչե՜ր չէի ուզում դառնալ։ Ուզում էի գաղութարարի սաղավարտ հագնել ու գնալ կռվել աֆրիկյան բանակում։ Ուզեցի հրուշակագործ դառնալ, երբ մեր հարևան հունգարացի Ջուազը կրեմ պատրաստել սովորեցրեց ինձ։ Ուզում էի անիվավոր չմշկավազքի չեմպիոն դառնալ, բայց երբ իմ շանը սովորեցրի պարզել թաթն ու գդալից կաթ խմել, միտքս փոխեցի, որոշեցի գազան վարժեցնող դառնալ։ Այդպես էլ հայրս գաղութարարի սաղավարտ չգնեց ինձ համար, և ռազմատենչությունս էլ աստիճանաբար չքացավ։ Ո՛չ հրուշակագործ դարձա, ո՛չ  չմշկավազքի չեմպիոն, ո՛չ էլ գազան վարժեցնող։ Բայց արտիստ դարձա…

Տասնմեկ-տասներկու տարեկան եմ։ Ավելի հասուն ու համարձակ երևալու համար կուլիսներում ծխել սկսեցի։ Ծուխը ներս չէի քաշում, փստացնում էի՝ շրջապատս լցնելով էժանագին ծխախոտի զզվելի հոտով։ Ես երջանիկ էի։ Բեմ էի ուզում բարձրանալ․ ահա բեմի վրա եմ։ Հրճվում եմ։ Լինելով երկչոտ (միշտ էլ երկչոտ եմ եղել)՝ առավել շատ էի կարիք զգում ինձ ցուցադրելու։ Ծնողներիցս թաքուն, սենյակում առանձնացած, պարում էի հայելու առաջ, ինչ-որ դերեր էի խաղում, գրիմ էի անում ու, երևակայական հանդիսատեսի ծափերից շլացած, վեհասքանչ ու հաղթական գլուխ էի տալիս։ Այո՛, արդեն այդքան հեռուն էի տեսնում…

Հավաքույթից հավաքույթ, տոնից տոն (իսկ դրանք շատ էին) աստիճանաբար սկսեցի ավելի համարձակ դառնալ, այն աստիճան, որ մի օր խիզախություն ունեցա նամակ գրել «Փոքրիկների թատրոնի» տնօրենին՝ խնդրելով լսել ինձ։ Հրավերը չուշացավ։ Մորս ընկերակցությամբ գնացի։ Ահա այդ օրն էր, որ առաջին անգամ հանդիպեցի «հրաշք երեխաների» ծնողներին, ովքեր հիմարության ու սնապարծության մի զզվելի խառնուրդ են։ Անտանելի են հատկապես այդ երեխաների մայրերը, ովքեր իրենց երեխաների միջոցով ուզում են փայլել այն ասպարեզում, որի մասին թաքուն երազել են։
Այնտեղ կային կինոաստղերի նման զուգված-զարդարված աղջնակներ, տղաներ՝ հագնված հանրաճանաչ երգիչների կամ պարողների նման։ Ոմանք աչքի տակով իրար էին զննում, աքլորանում ու ծամածռություններ անում։ Ուրիշները կռվում կամ լաց էին լինում։ Այս անտանելի աղմուկի մեջ մայրերը գովերգում էին իրենց «հրաշք երեխաների» տաղանդն ու արժանիքները։
Իսկ խեղճ մայրս, այս աղմուկի մեջ կորած, վախեցած կանգնած էր մի անկյունում ու լուռ, բայց սիրով ինձ էր նայում։ Ես տարբերվում էի մյուս երեխաներից։ Ես կիրակնօրյա զգեստներ չէի հագել, որովհետև չունեի։ Բացի այդ՝ Ազնավուրյանների համար կիրակի օրը սովորական մի օր էր՝ մյուս բոլոր օրերի նման։ Շաբաթվա բոլոր օրերին նրանք աշխատում էին ծայրը ծայրին հասցնելու համար։                                                                                                                                     Մայրերն ինձ նայում էին արհամարհանքով։ Իսկ երեխաները՝ ինքնագոհությամբ։
– Հաջո՜րդը,- սանձարձակ ամբոխի աղմուկի մեջ լսվելու համար բղավում էր մեկը։
Ու ամեն անգամ, իրար հրելով, ատամների արանքից իրար անպատվելով, բոլորը միասին վազում էին դեպի դուռը՝ իրենց երեխաների համար մի պայմանագիր, մի դեր կամ մի խոստում պոկելու հույսով։
Մայրս ու ես, այս աղմուկից հեռու, կծկված կանգնած ենք մի անկյունում։ Ժամերն անցնում են, ու արդեն զղջում եմ, որ եկել եմ այստեղ։ Վերջապես բոլոր մայրերն իրենց «փոքրիկ գանձերով» եղան տնօրենի մոտ։ Տնօրենը բացեց դուռն ու ասաց․
– Ո՞վ մնաց։
Լռություն։ Հետո երկչոտ ասացի․
– Ես։

– Ի՞նչ ընդունակություն ունես։
– Պարում եմ։

Գրպանիցս հանեցի դեղնած ու ճմրթված պարտիտուրան ու մեկնեցի դաշնակահարին։
Մայրերի հեգնոտ հայացքների տակ, առանց համարձակվելու որևէ մեկին նայել, կատարեցի ռուսական մի պար։
– Մենա՞կ ես  եկել։
– Ո՛չ, մայրիկիս հետ։
– Ո՞ւր է նա։
Ցույց տվի։ Մայրս մոտեցավ։ Ասելու, գովելու, ծախելու ոչինչ չուներ։ Մյուս բոլոր մայրերից տարբերվող այս հեզ ու խոնարհ մորը տնօրենն ասաց․

– Թողեք ձեր հասցեն, մենք ձեզ կգրենք։
Քանի որ ստիպված էինք անվերջ խնայողություն անել, այդ երեկո ոտքով տուն վերադարձանք։ Ծանր էր մորս համար, իսկ ես ինձ շատ նվաստացած էի զգում՝ կյանքումս առաջին անգամ։
Երկու օր հետո նամակ ստացա։ Ընդունված էի։

Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել։ Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ, կատակի տակ քողարկված չարախոսություններ․ «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»․․․ Այս և նման այլ արտահայտություններ։ Ես ճաշակել եմ այդ բոլորը։

Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել։

Շատերի նման մտածել եմ, որ գուցե ավելի լավ կլիներ ոչինչ չասել։

Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ։

Կասկածն ու հուսահատությունը, չհասկացված լինելու ու բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ։ Բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պաշտպանվելու համար։

Քաղցը, ցուրտը, հոգնածությունը, զսպված արցունքը իմ ճանապարհի անբաժան ընկերներն են եղել։

Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել, սիրել են ինձ, խաբել, պաշտել, լքել։ Բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ։

Ուստի, ես ինձ ո՛չ զոհ եմ համարում, ո՛չ էլ սուրբ։ Հաճախ ես նույնն եմ փոխհատուցել նրանց, քանի որ, ես էլ մյուսների նման, մարդ եմ։ Ես էլ իմ հերթին, հաճախ եմ նրանց արցունքների մեջ թողել։ Գնահատել չիմանալով իսկական սերը, վազել եմ վաղանցիկ սերերի ետևից։

Խաբել եմ, նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ․․․ Ի՜նչ արած, այդ է կյանքը, այդ է սերը․․․

Բայց այդ մասին չէ, որ ուզում եմ խոսել, ու պատճառն այն չէ, հավատացեք ինձ, որ ուզում եմ թաքցնել կյանքիս մութ անկյունները, ո՛չ։ Ես պարզապես չեմ ուզում ձեզ մասնակից դարձնել իմ հույզերին ու տխրություններին։ Հաջողության հասած մարդը չպետք է իր անցած ծանր օրերի սրտաճմլիկ նկարագրությունն անի։

Անչափ շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ անցկացրեց այդ բոլոր փորձությունների միջով, երազելու և այդ երազն ապրելու հնարավորություն տվեց ինձ։

Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս։

Եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ։

 

ֆրանսիական շանսոնի Նապոլեոնը

 

Ազնավուրի մասնակցությամբ զուգերգերից յուրաքանչյուրը մի ուրույն պատմություն է, ուր միաձուլվում են սերը, կյանքը , ընկերությունն ու մարդակային ամենանվիրական զգացմունքները:

 

Լայզա Մինելլի  Երբ Ազնավուրն արդեն  բոլորել էր իր չորրոդ տասնամյակը, Լայզան ընդամենը 17-ամյա աղջնակ էր:  Նա եկել էր Ազնավուրի Բրոդվեյի մենահամերգին, մոտեցել երգչին ու ասել՝ ուզում եմ Ձեզ նման երգել: Այս խոստովանությունը դարձել էր նաև սիրո յուրօրինակ խոստովանություն:  Իսկ 50-ամյակին Լայզան  լսում էր, թե ինչպես է Շառլը իր համար երգում  «Դեռ երեկ, երբ 20 տարեկան էի» երգը:

Միրեյ Մաթյո –Ազնավուր  լեգենդար դուետի կատարմամբ «Հավերժ սերը» ապահովել է ունկնդրի հավերժական սերն այս երգի նկատմամբ: «Թեհրան 43» ֆիլմի համար գրված երաժշտությունը ստեղծել էր Ժորժ Կարվարենցը, իսկ խոսքերի հեղինակը Շառլ Ազնավուրն է: Ֆիլմում  երգը հնչում է միայն շանսոնյեի մեկնաբանությամբ,  իսկ բեմում այն հնչում է Ազնավուր- Միրեյ Մաթյո դուետի հզոր կատարմամբ: Այդ ժամանակ նրանք արդեն 15 տարվա ծանոթ էին:

 

Սթինգ-Ազնավուր «Կյանքն ամեն օր նորովին էր»

Խուլիո Իգլեսիաս-Ազնավուր  «Ինչ տխուր է Վենետիկը»

Իդիր –Ազնավուր  «Բոհեմ» /արաբերեն/

Սեդա Ազնավուր – Շառլ Ազնավուր Սայաթ-Նովա՝ «Աշխարհումս»

Ֆրենկ Սինատրա, Ռեյ Չարլզ, Պլասիդո Դոմինգո, Անդրեա Բոչելլի,Նանա Մուսկուրի, Սելին Դիոն, Պատրիսիա Կաաս, Ջոնի Հալիդեյ,  Զազ,  Յուսու Ն’Դուր, Բոբ Դիլան,-  աշխարհն իրենց ձայնով նվաճած տասնյակ անուններ կիսել են բեմը Ազնավուրի հետ:

«Քեզ համար, Հայաստան»  երգը դարձավ մոլորակ՝ իր առանցքի շուրջ համախմբելով   աշխարհին հայտնի  մեդիաաստղերին: 90 երաժիշտ հաղորդավար, դերասան բազմաձայն հույսի նամակ ուղարկեցին Հայաստան՝ ասելով «քո գարունները կծաղկեն նորից»:

Հայկական աղցան՝ Շառլ Ազնավուրի բաղադրատոմսով

Գիտեի՞ք, որ խոհանոցը եղել է Ֆրենկ Սինատրայի հոբբիներից մեկը:  Նա շատ էր սիրում պատրաստել և նույնիսկ խոհարարական գրքեր է հրատարակել՝ հետաքրքիր բաղադրատոմսերով: Նրա՝ «The Sinatra Celebrity Cookbook: Barbara, Frank & Friends» գրքում տեղ է գտել մի բացառիկ բաղադրատոմս՝ Շառլ Ազնավուրի ստորագրությամբ: «Հուսամ՝ իմ վատ անգլերենը հասկանալի կլինի ձեր խոհարարական գիրքն ընթերցողների համար, և որ նրանց դուր կգա իմ այս պարզ բաղադրատոմսը», -ահա այսպես է ներկայացրել Ազնավուրը իր բաղադրատոմսը:

 «Հայկական աղցան՝ հավով»

 

-Բաղադրությունը՝
1/3 հավի կրծքամիս, մի թեյի գդալ աղ, 1/3 բաժակ ձիթապտղի յուղ կամ կարագ, 2/3 ֆունտ լոլիկ, 3/4 ֆունտ թթվաշ խնձոր, 3 պինդ խաշած և կտրատած ձու 2 փունջ կտրատած հազար։

 

-Թանձրուկի համար՝

1/3 բաժակ մայոնեզ, 1/3 բաժակ կետչուպ, 1 ճաշի գդալ աղ և սոխ, մաղադանոսի 1 փունջ՝ մանր կտրատած, 1 կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ կոնյակ:  Խառնել բոլոր բաղադրիչները:

 

-Պատրաստման եղանակը.

Հավը մարինացնել աղով և տապակել կարագի (յուղի) մեջ մի քանի րոպե: Մի քիչ ջուր ավելացնել և ծածկած կափարիչով եփել, մինչև փափկի: Հետո թողնել, մինչև սառչի, և կտրատել բարակ շերտերով: Լոլիկը կեղևազատել, սերմերը հանել և խորանարդիկներով կտրատել: Կեղևազատել ու խորանարդիկներով կտրատել նաև խնձորը։ Խառնել լոլիկը, խնձորը, ձուն, հազարն ու հավը: Ավելացնել սոուսը և դնել մատուցվող ափսեի մեջ:

 

Ազնավուրը՝ աշխարհի երգիչ

 

«Դարի արվեստագետ», – փաստել է CNN/TIME-ի հարցման արդյունքները:

«Ֆրանսիացի փոփ-աստված», – ասել է Ստեֆան Հոլդերը (New York Times):

«Շանսոնի վարպետ»,– նշել է Deutsche Welle-ը:

«… համարվում է բոլոր ժամանակների խոշորագույն երգիչ-երգահաններից մեկը…»,– գրել է Huffington Post-ը:

«… Ֆրանսիայի ամենահայտնի երգիչը…»,– նշել է The Hollywood Reporter-ը:

Ֆրանսիացիներն Ազնավուրին անվանել են «Ֆրանսիական Ֆրենկ Սինատրա», «ֆրանսիական շանսոնի Նապոլեոն»

Ֆրանսիական շանսոնի Նապոլեոնի՝ 9  տարբեր լեզուներով գրված երգերը նվաճել են աշխարհի լավագույն բեմերը:

Ազնավուրը համերգներով հանդես է եկել  Հայաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում,  Ճապոնիայում, Ասիական երկրներում, Բելգիայում, Նիդերլանդներում: Լատինական Ամերիկայում, Ռուսաստանում, Վրաստանում, Անգլիայում, Գերմանիայում:

Միայն  2014-2016 թվականների  շրջագաության ընթացքում  եղել է Բրյուսելում, Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Բարսելոնայում, Մադրիդում, Վարշավայում, Պրահայում, Մոսկվայում, Բուխարեստում, Անտվերպենում, Լոնդոնում, Դուբայում, Մոնրեալում, Նյու Յորքում, Բոստոնում, Մայամիում, Լոս Անջելեսում, Օսակայում, Տոկիոյում, Լիսաբոնում, Մարբելյեում, Մոնակոյում, Վերոնում, Ամստերդամում , Հռոմում, Թել Ավիվում,  Փարիզում:

Բանաստեղծություններ

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին.
Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով:
Հայրս երգում էր օպերետներում,
Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ,
Մայրիկս այնտեղ մի սուբրետուհու դեր էր կատարում,
Բայց նրանց խումբը կարիքավոր էր ու դրամ չուներ,
Ես ու քույրս էլ` ուրախ ու խնդուն,
Ծիկրակում էինք բեմանկարի ետևից թաքուն:
Այդ արտիստները – հոգսը ուսերին, ընտանիքի տեր –
Որ խոսում էին բնավ ոչ սահուն ֆրանսերենով,
Համաձայն էին ցանկացած գործի, միայն տեղ լիներ,
Համաձայն էին տաքսի վարելով կամ կար անելով
Դրամ վաստակել ու մի կերպ ապրել,
Եվ աշխատանքում բարեխիղճ լինել:
Եվ գործից հետո, աշխատանքային բոլոր օրերին,
Այդ արտիստները` կյանքից վտարված, փորձ էին անում,
Որպեսզի գոնե դրամի մասին չմտածելու հաճույքն զգային
Գեթ երկու անգամ ամսվա ընթացքում,
Ու բեմ դուրս գալով երկչոտ, ամոթխած,
Կանգնեն տարագիր մարդկանցով լցված դահլիճի դիմաց:
Երբ, պատահում էր, փող հայթհայթելը դառնում էր անհույս,
Երբ ցուրտն էր նեղում, ուտելու ոչինչ չէինք ունենում,
Կոտրված սրտով ու խռովահույզ
Մենք գնում էինք Մոն-դե-Պիետե ու գրավ դնում
Մի հին ինքնաեռ, այլ անպետք իրեր`
Մեզ շատ հարազատ անցյալի հուշեր:
Մենք հիշում էին անցավորներին Բոսֆորի ափին ընկած, հոշոտված,
Մեր ընկերների, մեր կյանքի համար բաժակ բարձրացնում,
Կանայք սուսուփուս լաց էին լինում, իսկ տղամարդիկ, մինչև լուսաբաց,
Բյուր անգամ երգված երգն էին երգում,-
Դա մեր ֆոլկլորն է, որը գալիս է դարերից հին-հին,
Մեր այդ երգերում հավերժ ապրում են անցավորները, սերը և գինին:
Մեր տան սեղանից անպակաս էին ընկեր, բարեկամ,
Նրանց հետ սիրով միշտ կիսում էինք մի կտոր հացը,
Իսկ ծնողներս ինձ ասում էին.”Վերևն Աստված կա,
Լավություն արա` մի օր անպայման կգա քո դիմաց”:
Այդ ամենի մեջ նշույլ իսկ չկար խղճահարության.
Հյուրը տեղ ուներ մեր գլխի վրա, Աստված էլ մեզ էր հասնում օգնության:
Մինչ խոհանոցում, մի ձեռքին` կաթսա, մի ձեռքին` տապակ,
Իր անելիքն էր հայրս որոշում,
Գիշեր ու ցերեկ մայրս նստում էր նավթի լույսի տակ
Ու մեծահարուստ տների համար նա կար էր անում:
Իսկ ես ու քույրս գնումներ անում, տունն էինք մաքրում
Եվ հետո միայն դպրոց հաճախում:
Ազատ, ինքնիշխան` այսպես մեծացա,
Գիշերները ես թունդ հարբում էի, բայց ցերեկները պետք էր աշխատել,
Կյանքիս ընթացքում էլ ինչեր ասես, որ ես չտեսա-
Էլ իսկական սեր, էլ մահից պրծնել,
Ես երեխաներ ունեցա, որոնք վկա են եղել,
Թե ամեն անգամ, ա՜խ, լցված սրտով ինչպե՜ս եմ հիշել.
Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ միայն անցյալ ունեին, բայց ոչ ապագա,
Այդ մարդիկ չքնաղ, աննմա՜ն էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայրեն լեզվով:

 

Autobiographie Ինքնակենսագրություն

J’ai ouvert les yeux sur un meublé triste

Rue Monsieur-le-Prince au Quartier Latin

Dans un milieu de chanteurs et d’artistes

Qu’avaient un passé, pas de lendemain

Des gens merveilleux un peu fantaisistes

Qui parlaient le russe et puis l’arménien

Si mon père était chanteur d’opérette

Nanti d’une voix que j’envie encore

Ma mère tenait l’emploi de soubrette

Et leur troupe ne roulait pas sur l’or

Mais ma soeur et moi étions à la fête

Blottis dans un coin derrière un décor

Tous ces comédiens chargés de famille

Mais dont le français était hésitant

Devaient accepter pour gagner leur vie

Le premier emploi qui était vacant

Conduire un taxi ou tirer l’aiguille

Ça pouvait se faire avec un accent

Après le travail, les jours de semaine

Ces acteurs frustrés répétaient longtemps

Pour le seul plaisir un soir par quinzaine

De s’offrir l’oubli des soucis d’argent

Et crever de trac en entrant en scène

Devant un public formé d’émigrants

Quand les fins de mois étaient difficiles

Quand il faisait froid, que le pain manquait

On allait souvent, honteux et fébriles

Au Mont de piété où l’on engageait

Un vieux samovar, des choses futiles

Objets du passé, auxquels on tenait

On parlait de ceux morts près du Bosphore

Buvait à la vie, buvait aux copains

Les femmes pleuraient, et jusqu’au aurores

Les hommes chantaient quelques vieux refrains

Qui venaient de loin, du fond d’un folklore

Où vivaient la mort, l’amour et le vin

Nous avions toujours des amis à table

Le peu qu’on avait, on le partageait

Mes parents disaient “Ce serait le diable

Si demain le ciel ne nous le rendait”

Ce n’était pas là geste charitable

Ils aimaient les autres, et Dieu nous aidait

Tandis que devant poêles et casseroles

Mon père cherchait sa situation

Jour et nuit sous une lampe à pétrole

Ma mère brodait pour grande maison

Et nous avant que d’aller à l’école

Faisions le ménage et les commissions

Ainsi j’ai grandi sans contrainte aucune

Me soûlant la nuit, travaillant le jour

Ma vie a connu diverses fortunes

J’ai frôlé la mort, j’ai trouvé l’amour

J’ai eu des enfants qui m’ont vu plus d’une fois

Me souvenir, le coeur un peu lourd

Rue Monsieur-le-Prince au Quartier Latin

Dans un milieu de chanteurs et d’artistes

Qu’avaient un passé, pas de lendemain

Des gens merveilleux un peu fantaisistes

Qui parlaient le russe et puis l’arménien

 

Charles Aznavour / Georges Garvarentz

 

 

ՄՆԱ

Մնա՜,
Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այստեղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…

 

Reste-Մնա

 

Reste encore

Avec moi

Sur mon corps

Dans mes bras

Enlacée

Essoufflée

Assouvie

Étourdie

Reste au chaud

Alanguie

Dans l’enclos

De la nuit

Sur mon cœur

Sans pudeur

Éperdue

Presque nue

Reste ainsi

Sur ta faim

Sur ma vie

Dans mes mains

Décoiffée

Possédée

Étendue

Détendue

Reste là

Sans un mot

Sur ta joie

Sur ma peau

Dans l’espoir

Dans le noir

Jusqu’au jour

Mon amour

 

ՄԻ ԱՂՋՆԱԿ

Մի աղջնակ,
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
Գարնանաբույր մի աղջնակ,
Նա պառկած է ճամփին մենակ:
Նա ապրում էր այն թաղերից մեկում,
Ուր բոլոր մարդիկ ոսկի են դիզում,
Բայց ծնողներին մի օր լքելով,
Նա բոհեմ սիրող մի տղայի հետ էր իր բախտը կապել:
Այդ տղան գիտեր “ես քեզ սիրում եմ” բառերն ասելով,
Խելքահան անել, սրտեր նվաճել:
Եվ հոգում արև՝ նրանք հեռացան,
Թե ո՞ւր գնացին՝ Աստծուն էր հայտնի,
Ու ջահելության թովչանքը միայն իրենց հետ տարան
Եվ քաղցրությունը իրենց հանցանքի:
Մի աղջնակ,
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
Գարնանաբույր մի աղջնակ,
Նա պառկած է ճամփին մենակ:
Աղջկա սիրտը ամառ թե ձմեռ միշտ նույնն էր եղել,
Նա մի տենչ ուներ՝ ազատ թափառել:
Նրանք երկուսով ապրում էին լոկ մեկ օրվա կյանքով,
Տեղից տեղ թռչում թիթեռների նման,
Տիեզերք էր պետք սրտերին նրանց,
Որ սավառնեին իրար սիրելով:
Աղջկա ներկան, նաև ապագան
Այդ սերն եր միայն՝ չքնա՜ղ, աննմա՜ն,
Որ օրհներգի պես ասում էր օրօր,
Եվ քնեցնում էր հայացքը նրա երկնքում լազուր:
Մի աղջնակ,
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
Գարնանաբույր մի աղջնակ,
Նա պառկած է ճամփին մենակ:
Բայց սերը նրա անշեջ էր, անմար,
Չափազանց մեծ էր մի մանկահասակ աղջկա համար,
Եվ ապրում էր նա իր սրտով միայն,
Եվ նրա սիրտը աշխարհ էր դարձել
Բայց չի հանդուրժում Աստված երբեք աշխարհները այն,
Որոնց կերտողը ինքը չի եղել…
Ա՜խ, սերը միակ խնջույքն էր նրանց…
Մի որ էլ տղան, մի կտոր հացի որոնումներում, լքեց աղջկան,
Կյանքի անիվը շուռ եկավ այնժամ,
Աղջնակն զգաց քաղցի դառըն համ:
Մի աղջնակ,
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,
Գարնանաբույր մի աղջնակ,
Նա պառկած է ճամփին մենակ:
Մեռա՜ծ, մեռա՜ծ…

 

ԴԵՌ ԵՐԵԿ

Դեռ երեկ քսան տարեկան էի
ՈՒ վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,
ՈՒ գիշերները ցերեկ դարձնում,
Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում
ՈՒ հալվում է այս ժամանկի մեջ:
Ես ծրագրեր կազմեցի բազում, որոնք այդպես էլ մնացին օդում,
Եվ փայփաեցի ես այնքան հույսեր – այդ պատրանքները հոդս ցնդեցին,
Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ուր գնամ,
Եվ երկնքին եմ հայացքս հառել, բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
ՈՒ մսխում եի ժամանակը իմ,
Ես հույս ունեի կանգնեցնել նրան,
Զսպել ու սանձել,
ՈՒ առաջ անցնել նրանից անգամ,
Բայց ես վազեցի, վազեցի միայն,
Շունչս կտրվեց և ես հևասապար կանգնել եմ հիմա:
Անտեսում էի անցած օրերս և ապագային իմ ապավինում,
Իմ “ես”-ն անպայման առաջ էր ընկնում բոլոր խոսքերից,
Համոզված էի, որ իմ կարծիքը ամենաճիշտն էր այլ կարծիքներից,
Երբ աշխարհն էինք ըմբոստ կեցվածքով մենք քննադատում:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Բայց ես կորցրեցի ժամանկը իմ
Հիմարություններ անելով միայն,
Որոնք իմ հոգում բնավ չթողին
Ոչ մի ճշմարիտ, որոշակի հետք,
ճակատիս վրա մի քանի կնճիր գոյացավ միայն,
ՈՒ ձանձրույթի վախ:
Քանզի սերերս, լույս աշխարհ չեկած, իջան գերեզման,
Ընկերները իմ ինձնից հեռացան, նրանք այլևս չեն վերադառնա,
Մեղքը իմն է, որ շուրջս մարդ չկա, դատարկ ե այսօր,
Ջահել օրերս ու կյանքս, ավաղ, վատնեցի իզուր:
Իմ լավն ու վատը ես չհասկացա,
Դեն շպրտեցի ամեն մի լավ բան,
ՈՒ ինձ մնացին ժպիտներս պաղ,
ՈՒ ինձ մնացին արցունքներս քար:
Որտե՞ղ է հիմա
Ջահելությունը
Իմ քսանամյա…

Hier encore-  Դեռ երեկ

Hier encore, j’avais vingt ans

Je caressais le temps et jouais de la vie

Comme on joue de l’amour

Et je vivais la nuit

Sans compter sur mes jours qui fuyaient dans le temps

J’ai fait tant de projets qui sont restés en l’air

J’ai fondé tant d’espoirs qui se sont envolés

Que je reste perdu ne sachant où aller

Les yeux cherchant le ciel mais le cœur mis en terre

 

Hier encore j’avais vingt ans

Je gaspillais le temps en croyant l’arrêter

Et pour le retenir, même le devancer

Je n’ai fait que courir et me suis essouflé

Ignorant le passé, conjuguant au futur

Je précédais de moi toute conversation

Et donnais mon avis que je voulais le bon

Pour critiquer le monde avec désinvolture

 

Hier encore j’avais vingt ans

Mais j’ai perdu mon temps à faire des folies

Qui ne me laissent au fond rien de vraiment précis

Que quelques rides au front et la peur de l’ennui

Car mes amours sont mortes avant que d’exister

Mes amis sont partis et ne reviendront pas

Par ma faute j’ai fait le vide autour de moi

Et j’ai gaché ma vie et mes jeunes années

Du meilleur et du pire en jettant le meilleur

J’ai figé mes sourires et j’ai glacé mes pleurs

Où sont-ils à present, à present mes vingts ans?

 

ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ

Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո,
Կվերընձյուղվի կենաց ծառը քո –
Քեզ համար, Հայաստան:
Գալիք օրերդ նորից կերգեն,
Զավակներդ ամուր տուն կկառուցեն,
Սարսափից հետո ու վախից հետո,
Աստված կբուժի լլկված հողը քո –
Քեզ համար, Հայաստան:
Ամբողջ աշխարհը ոտքի է ելել,
Ամբողջ աշխարհը քեզ հետ է հիմա,
Եվ քեզ համար է, մոռացված իմ ազգ,
Արար աշխարհը իր սիրտը բացել,
Ու քեզ է մեկնել ձեռքերը ահա:
Եթե քո բախտն ես անգամ անիծում,
Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,
Հույսի մի շող եմ ես ուզում տեսնել,
Ուզում եմ տեսնել, ցանկություն, ձգտում,
Ճակատագիրդ ձեռքդ առնելու,
Ճակատագիրդ ամուր պահելու:

Pour Toi Arménie-Քեզ համար, Հայաստան

Tes printemps fleuriront encore
Tes beaux jours renaîtront encore
Après l’hiver
Après l’enfer
Poussera l’arbre de vie
Pour toi Arménie
Tes saisons chanteront encore
Tes enfant bâtiront plus fort
Après l’horreur
Après la peur
Dieu soignera ton sol meurtri
Pour toi Arménie

Le monde s’est levé
Le monde est avec toi
Pour toi peuple oublié
Il a ouvert son coeur
Il a tendu ses bras.

Et même si tu maudis ton sort
Dans tes yeux je veux voir
Arménie
Une lueur d’espoir

Une flamme, une envie
De prendre ton destin
Entre tes mains
A bras le corps.

 

ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆ

Նրանք ընկան ու այդպես էլ չհասկացան, թե ինչո՞ւ,
Տղամարդ, կին, թե երեխա, որ ապրել էին ուզում այնքան,
Հարբածի պես մարմնակործան նրանք ընկան,
Հոշոտված ու սրի քաշված, աչքերը բաց, սարսափազդու:
Նրանք ընկան` աղերսալի հայացքները Աստծուն հառած`
Եկեղեցու նախադռան կամ հարազատ շեմին ընկան,
Անապատում խառնուխռիվ ու մոլորյալ հոտի նման,
Հուր ու սրից կոտորվեցին ծարավ, սոված:
Եվ ամենքը լուռ մնացին այս աշխարհում ցնորական,
Երբ ողջ մի ազգ իր իսկ արյան մեջ էր խեղդվում,
Իսկ Եվրոպան ջազն էր դեռ նոր հայտնագործում,
Շեփորների թառանչներում խլանում էր լաց ու կական:
Նրանք ընկան մաքրաբարո ու լուռումունջ, հազարներով,
Միլիոններով նրանք ընկան, և աշխարհը չսարսռաց,
Ալ ծաղիկներ նրանք դարձան մեկ վայրկյան անց,
Ու ծածկվեցին քամու բերած ավազներով, մոռացումով:
Նրանք ընկան` աչքերի մեջ լույսի շողեր արևահամ,
Օդում ճախրող թռչունի պես, որ զարկվում է մի գնդակից,
Նրանք ընկան` ուր պատահի, և ոչ մի հետք չթողեցին,
Չճանաչված ու մոռացված և քուն մտած վերջին անգամ:
Նրանք ընկան միամտորեն հավատալով, որ անկասկած,
Իրենց փոքրիկ զավակների մանկությունը կարող էր շարունակվել,
Եվ մի օր էլ կարող էին հուսո երկրում խրոխտ քայլել,
Երկրներում, որտեղ մարդկանց ընդունում են միշտ գրկաբաց:
Եվ այդ ազգի ծնունդն եմ ես, որ հանգչում է անգերեզման,
Հենց այն ազգի, որ նախընտրեց մահը` կյանքից, բայց հավատը իր չուրացավ,
Որը գլուխ իսկ չխոնարհեց անարգանքի առաջ բնավ,
Որ հարություն առավ կրկին, ի հեճուկս ամեն ինչի` չտրտնջաց հուր հավիտյան:
Նրանք ընկան, որ ընկղմվեն հավերժական խավարի մեջ ժամանակի,
Նրանք ընկան` քարեր դառնալ չհասցրեցին,
Առանց տարիք հարցնելու, մահը կանգնեց նրանց շեմին,
Քանզի նրանց մեղքը մեկն էր` զավակներն էին Հայաստանի:

Ils sont tombés Նրանք ընկան

lls sont tombés sans trop savoir pourquoi,

Hommes, femmes et enfants qui ne voulaient que vivre,

Avec des gestes lourds comme des hommes ivres.

Mutilés, massacrés, les yeux ouverts d’effroi,

Ils sont tombés en invoquant leur Dieu,

Au seuil de leur église ou le pas de leur porte.

 

En troupeaux de désert, titubant en cohorte,

Terrassés par la soif, la faim, le fer, le feu.

 

Nul n’éleva la voix dans un monde euphorique.

Tandis que croupissait un peuple dans son sang,

L’Europe découvrait le jazz et sa musique.

Les plaintes des trompettes couvraient les cris de leurs enfants.

Ils sont tombés pudiquement sans bruit,

Par milliers, par millions, sans que le monde bouge,

Devenant un instant minuscules fleurs rouges,

Recouverts par un vent de sable et puis d’oubli.

 

Ils sont tombés les yeux pleins de soleil,

Comme un oiseau qu’en vol une balle fracasse

Pour mourir n’importe où et sans laisser de traces,

Ignorés, oubliés dans leur dernier sommeil.

Ils sont tombés en croyant, ingénus,

Que leurs enfants pourraient continuer leur enfance,

Qu’un jour ils fouleraient des terres d’espérance,

Dans des pays ouverts d’hommes aux mains tendues.

Moi je suis de ce peuple qui dort sans sépulture,

Qui a choisi de mourir sans abdiquer sa foi,

Qui n’a jamais baissé la tête sous l’injure,

Qui survit malgré tout et qui ne se plaint pas.

Ils sont tombés pour entrer dans la nuit

Éternelle des temps, au bout de leur courage.

La mort les a frappés sans demander leur âge,

Puisqu’ils étaient fautifs d’être enfants d’Arménie !

 

Պետք է գիտնալ

 

Պետք է գիտնալ ժպտալ դեռ լայն,
Երբ կորչի բախտն իսկ լավագույն,
Եվ վատթա՛րը մնա միայն
Արցունքի շիթ չարժող կյանքում:
Պետք է գիտնալ կյանքի՛ գնով
Պահել պատիվ ու արժանիք,
Ետ չնայել հեռանալով,
Թեկուզ մահն իսկ գա այդ ժամին:
Պետք է կորած երջանկության,
Ճակատագրի դեմ անխնա
Գիտնալ ծածկել արցունքը դառն,
Բայց ես, հոգի՛ս, ես չգիտցա՜:

Պետք է գիտնալ ելնել, երբ որ
Սիրո սեղանն է հավաքած,
Եվ չկանգնել խեղճ ու մոլոր,
Այլ մեկնել լուռ, անվերադա՛րձ:
Պետք է գիտնալ ցավը դաժան
Պահել օրվա քողի ներքո
Եվ զսպել ճիչն ատելության,
Որը վերջին բառն է սիրո:
Պետք է գիտնալ սառը դատել
Եվ լռեցնել սիրտը մեռնող
Պետք է գիտնալ անհույզ դիտել,

Բայց ես չեմ կարող՝
Շա՜տ եմ սիրում ես քեզ,
Պետք է գիտնալ, բայց ես,
Ես չգիտե՜մ…

Il faut savoir

 

Il faut savoir encore sourire
Quand le meilleur s’est retiré
Et qu’il ne reste que le pire
Dans une vie bête à pleurer

Il faut savoir, coûte que coûte
Garder toute sa dignité
Et malgré ce qu’il nous en coûte
S’en aller sans se retourner

Face au destin qui nous désarme
Et devant le bonheur perdu
Il faut savoir cacher ses larmes
Mais moi, mon cœur, je n’ai pas su

Il faut savoir quitter la table
Lorsque l’amour est desservi
Sans s’accrocher l’air pitoyable
Mais partir sans faire de bruit

Il faut savoir cacher sa peine
Sous le masque de tous les jours
Et retenir les cris de haine
Qui sont les derniers mots d’amour

Il faut savoir rester de glace
Et taire un cœur qui meurt déjà
Il faut savoir garder la face
Mais moi, mon cœur, je t’aime trop

Mais moi, je ne peux pas
Il faut savoir mais moi
Je ne sais pas…


Facebook
Twitter
LinkedIn
Pinterest