«Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ի 45-ամյա հաջողության ճանապարհը

Յուրաքանչյուր պահի առաջ ենք քայլելու, քանի որ բժշկության ոլորտում չի կարելի դանդաղել ու համաշխարհային առաջընթացի տեմպից ետ ընկնել. Հովսեփ Միրոյան

Այսօր ակնաբուժության աշխարհագրությունը չունի սահմաններ։

Եկել են այն ժամանակները, երբ արտերկրից գալիս են մեր Կենտրոն՝ տեսնելու և սովորելու տարբեր վիրահատություններ։

Բժշկության համար 45 տարին բավականին երկար պատմություն է։

Քառասունհինգ տարիների ընթացքում չի եղել գոնե մեկ օր, մեկ ժամ, որ «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը›› չգործի։

Հեղափոխական տարիներ ենք ապրել գիտության և բժշկության մեջ:

Վստահ եմ, որ մենք շարունակելու ենք լինել տարածաշրջանի լավագույն Ակնաբուժական կենտրոնը։

«Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ քառասունհինգ տարիների կերտած պատմությունն իր մեջ է կրում բազմաթիվ անուններ, որոնց շնորհիվ մենք ունենք հնարավորություն քայլելու աշխարհի զարգացման տեմպին համահունչ: Պատմությունը նույնքան գեղեցիկ է, որքան ազնիվ ու գեղեցիկ են եղել նպատակներն այն մարդկանց, ովքեր իրենց մնայուն քայլերն են կատարել այս ճանապարհին:
Փորձել ենք քառասունհինգ տարի ետ գնալ և հասկանալ, որտեղից ուր է հասել և դեպի ուր է գնում ակնաբուժությունն ու գիտությունը մեր հայրենիքում:
«Պրեստիժ» ամսագրի հյուրն է «Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կետրոն»-ի տնօրեն, Հայաստանի առողջապահության նվիրյալ, ակնաբույժ-միկրովիրաբույժ, բ.գ.դ. Հովսեփ Միհրանի Միրոյանը։

– Պարո′ն Միրոյան, ուրախ ենք Ձեզ, և «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ը ներկայացնել «Պրեստիժ» ամսագրում: Դուք համարվում եք Հայաստանի պրոֆեսիոնալ ակնաբույժներից մեկը և ղեկավարում եք Հայաստանի Հանրապետության ակնաբուժական լավագույն կլինիկան:
Վերադառնալով Ձեր արմատներին՝ պետք է հիշենք, որ բժշկական ոլորտի ընտրության հարցում մեծ դեր է ունեցել Ձեր ծնողների օրինակը: Կասե՞ք, թե ինչու հենց ակնաբուժություն…

– Շատերիս մասնագիտական ընտրությունն է պայմանավորված մեր ծնողներով: Իմ հայրն ու մայրը եղել են բժիշկներ. հայրս ընդհանուր վիրաբույժ էր, մայրս՝ ակնաբույժ։
Մասնագիտությանս ընտրության հարցում մեծ է եղել մորս դերը։ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում սովորելու տարիներին հատուկ ուշադրություն դարձրեցի ակնաբուժությանը:
Սովորելու ընթացքում՝ 1996 թ.-ից, աշխատել եմ »Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում», որն այն ժամանակ դեռ կոչվում էր Հանրապետական ակնաբուժական կենտրոն, որպես բուժեղբայր:
Ավարտելով Բժշկական համալսարանը՝ շարունակեցի կրթությունս նույն համալսարանի «Աչքի հիվանդություններ» ամբիոնում, կլինիկական օրդինատուրայում՝ ակնաբուժություն մասնագիտությամբ:
1999 թ. ընդունվել եմ ասպիրանտուրա՝ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի «Աչքի հիվանդություններ» ամբիոնում, որը ավարտել եմ 2003 թվականին, պաշտպանելով թեկնածուական թեզը, այնուհետև աշխատանքի ընդունվեցի ‹‹Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»:
2004-2006 թթ., որպես ակնաբույժ ծառայության անցա ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ծառայության երկու տարվա ընթացքում կատարեցի մեծ քանակով տարբեր վիրահատություններ:
2006 թվականից վերադարձա աշխատանքի ‹‹Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն››, որպես «Անոթային պաթոլոգիա»-յի բաժանմունքի բժիշկ-օրդինատոր: Հենց այդ ժամանակ նշանակվեցի նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմաբժշկական վարչության գլխավոր ակնաբույժ:
2009 թվականին պաշտպանել եմ բժշկական գիտությունների դոկտորական թեզը:
2019 թվականին նշանակվել եմ Կենտրոնի բուժ. գծով փոխտնօրեն:
2020 թվականից մինչ օրս ղեկավարում եմ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» ՓԲԸ-ն, որպես գլխավոր տնօրեն։

– Ձեր մասնագիտական կայացման ճանապարհին ովքե՞ր են եղել Ձեր խորհրդատուները:

– Առաջնահերթ կցանկանամ նշել Նիկիտա Դավիթի Գզգզյանին, ով Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում «Աչքի հիվանդություններ» ամբիոնի դոցենտն էր, նա մեծ դեր է ունեցել իմ մասնագիտական կայացման մեջ, և ակնաբուժության ամբիոնի երկարամյա վարիչ Ալեքսանդր Սերգեյի Մալայանը:
Նաև կուզեմ նշել իմ ավագ ընկերներին, գիտնականներ՝ Գեորգի Լևոնի Գրիգորյանին, Լիլիթ Ալբերտի Ոսկանյանին, Ռուզաննա Գևորգի Հարությունյանին, ում շնորհիվ Կենտրոնը իր գործունեության ողջ ընթացքում գործել է ինչպես ակնաբուժության ասպարեզի, այնպես էլ՝ ընդհանրապես գիտության պահանջների համաձայն:

– Բժիշկ Միրոյան, Դուք բազմաթիվ վերապատրաստումների եք մասնակցել տարբեր երկրներում և այդ երկրների փորձը ներդրել եք Հայաստանում: Թերևս, Ձեր մասնագիտական բարձր գիտելիքների ու հմտությունների և Ձեր նվիրվելու արդյունքն է, որ այսօր «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ը Հայաստանի առաջատար ակնաբուժական հաստատություններից է: Ի՞նչ սկզբունքներով եք ղեկավարում կենտրոնը, և ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքն ու գրավականը:

– Մեր պատկերացման մեջ շատ բան է փոխվում արտերկրի բժշկական կենտրոններ այցելելուց կամ միջազգային գիտաժողովների մասնակցելուց հետո: Զարգացնելով ակնաբուժությունը և գիտությունը՝ նորագույնը մշտապես ներդրվել է և այսուհետ էլ պետք է ներդրվի մեր կենտրոնում, որովհետև առանց գիտության զարգացման կամ փորձի փոխանակման առաջընթաց չենք կարող ապահովել: Հիմնականում այս սկզբունքով ենք մենք առաջնորդվում և հասնում հաջողության:

– Որքանո՞վ եք կարևորում պրակտիկ և գիտական գործունեությունների համատեղումը:

– Առանց գիտության չկա բժշկություն՝ մանավանդ մեր ժամանակներում, երբ գիտությունը մեծ քայլերով առաջ է գնում, և ուղղակի անթույլատրելի է հետ մնալ բժշկության ոլորտում գիտության զարգացման տեմպից։

– Խոսենք «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ի, մասնավորապես վերջին տարիներին, սարքավորումներով հագեցնելու մասին:

– Այսօր չափազանց կարևոր է կենտրոնը ապահովել գերժամանակակից սարքավորումներով։ Մենք ձեռք ենք բերել ախտորոշիչ, բուժական և վիրահատական ժամանակակից սարքավորումներ: Փորձում ենք բժիշկների և բուժառուների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք արդյունավետ կլինեն բուժման համար: Այսօր արդեն ունենք վերջին սերնդի և աշխարհի լավագույն արտադրողներից ֆակոէմուլսիֆիկատորներ, վիտրէկտոմներ, մանրադիտակներ, ավտոռեֆրակտոմետրներ, տոնոպախիմետրներ, օպտիկո-կոհորենթ տոմոգրաֆներ, նոր ուլտրաձայնային սարքավորումներ, տեսադաշտի որոշման նոր սարքավորումներ:

– Խոսենք միջազգային գործընկերների հետ համագործակցության մասին:

– Միջազգային գործընկերների հետ համագործակցությունը շատ կարևոր է: Ուզում եմ շեշտել, որ ‹‹Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի›› կայացումն ու զարգացումը տարիների քրտնաջան աշխատանքի, որակյալ կադրերի պատրաստման և ներգրավման արդյունք է: Մեր մասնագիտական նվաճումների կարևոր հիմնասյուններից մեկը դարձավ Հայկական ակնաբուժական նախագծի հետ, արդեն մոտ 35 տարիների համագործակցությունը, որը մինչ օրս շարունակվում է: Այսօր մեր կենտրոնում կատարվում է չորս գիտական աշխատանք, ինչին նպաստում է մեր և միջազգային գործընկերների համատեղ աշխատանքը. «Glaukos» ամերիկյան, «Sanoculis» իսրայելական, «Ciliatech» ֆրանսիական կազմակերպությունները և համաշխարհային աչքի հյուսվածքների ամենամեծ բանկ «Lions»-ը, որն այսօրվա դրությամբ մեզ օգնում է ձեռք բերել դոնորական եղջերաթաղանթներ, ինչը թույլ է տալիս լուծել հյուսվածքների բանկի բացակայության խնդիրը Հայաստանում:

– «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում հետևողական և փոխկապակցված աշխատանք է կատարվում: Այստեղ են հաճախում տարբեր միջազգային կառույցների ղեկավարներ, կազմակերպում գիտաժողովներ, կատարում փորձի փոխանակում, Ձեր մասնագետները մեկնում են միջազգային գիտաժողովների: Կպատմե՞ք այս ամենի մասին:

– Այսօրվա Հայաստանում բժշկության և, մասնավորապես ակնաբուժության աշխարհագրությունը չունի սահմաններ: Բժիշկները մշտապես արտերկիր մեկնելու հնարավորություն են ունենում: Տեղի է ունենում փորձի փոխանակման կարևոր գործընթաց, որի ընթացքում մեր բժիշկները ներկայացնում են իրենց գիտելիքները և փորձը: Վերջերս Վիեննայում եվրոպական ամենամեծ՝ «ESCRS» համաժողովի ժամանակ, Ոսկանյան Լիլիթի կողմից ներկայացրած գիտական աշխատանքը շահեց «Լավագույն տպագրական աշխատություն» մրցանակը:
Հպարտորեն կարող եմ նշել, որ այսօր եկել է այն ժամանակը, երբ արտերկրից գալիս են Հայաստան՝ տեսնելու և սովորելու տարբեր վիրահատություններ՝ սա մեծ ձեռքբերում է Հայաստանի Հանրապետության և մեզ համար:

– ‹‹Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն››-ի համար տարին հոբելյանական է. լրանում է կենտրոնի գործունեության 45-ամյակը: Ձեզ համար ի՞նչ կարևոր ձեռքբերումեր և մնայուն արժեքներ եք առանձնացնում:

– Մենք ձգտում ենք պահպանել կենտրոնի լավագույն կոչումը, իսկ ստեղծված մթնոլորտը, պայմանները, թիմային ջերմ հարաբերությունները մեզ դարձրել են մեծ ընտանիք:
Կարևորում եմ նաև մեր կենտրոնի կուռ համակարգը, որդեգրած սկզբունքները, բուժառուի աչքի լույսը վերականգնելուն ուղղված ամենօրյա աշխատանքը, նորագույն տեխնիկայով հագեցվածությունը և գիտության տեմպին համընթաց շարժվելը: Կենտրոնը միշտ համարվել է կրթության օջախ, քանի որ այստեղից են դուրս եկել Հայաստանի լավագույն մասնագետների մեծ մասը:

– Անդրադառնանք 2020 թ.-ին: Դուք ևս ջանք չեք խնայել այդ օրերին վիրավորների կողքին լինելու համար: Խոսենք այդ փուլի մարտահրավերների հաղթահարման, գրանցված արդյունքների, ինչպես նաև կատարված հսկայածավալ աշխատանքի մասին:

– Անպայման ուզում եմ նշել, որ քառասունհինգ տարիների ընթացքում չի եղել գոնե մեկ օր, գեթ մեկ ժամ, որ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ը չգործի: Միշտ աշխատել ենք՝ լիարժեք սպասարկելով մեր բուժառուներին, լինելով նրանց կողքին ցանկացած պահին: Արտակարգ իրավիճակներում կամ պատերազմների ընթացքում մեր կենտրոնի Վնասվածքաբանական բաժանմունքը միանգամից վերափոխվում է հոսպիտալային բաժանմունքի: Պատերազմի օրերին սպասարկել ենք մեծ թվով վիրավորների: Մեր մասնագետները սպասարկում էին նաև կենտրոնից դուրս գտնվող վիրավորներին, այցելելով տարբեր բուժ. հիմնարկներ, որտեղ կատարում էին խորհրդատվություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վիրահատություններ: Կարող ենք ասել, որ պատվով ենք դուրս եկել այդ օրերի հսկայածավալ աշխատանքից:

– Բժի′շկ Միրոյան, խնդրում եմ ներկայացնեք վերջին մի քանի տարիներին «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում կատարված մեծամասշտաբ աշխատանքները:

– Վերջին չորս տարում կարողացանք կատարել հիմնանորոգման հսկայական աշխատանք: Ժամանակին համընթաց քայլելու համար կատարվեցին կենտրոնի զարգացմանը նպաստող մեծածավալ փոփոխություններ: Այսօր կենտրոնում ստեղծված են լավագույն պայմաններ բուժառուների և ողջ անձնակազմի համար։ Ցանկացած պահի առաջ ենք քայլելու, քանի որ բժշկության ոլորտում չի կարելի դանդաղել ու աշխարհի տեմպից ետ ընկնել: Վստահ եմ, որ շարունակելու ենք լինել ոլորտում առաջատարը:

– Այսօր բուժառուների դրական մեծ դինամիկա է նկատվում: Այցելությունների քանակից հասկանում ենք, որ մարդիկ իրենց առողջությանը վերաբերվում են առավել լուրջ գիտակցությամբ, և խնդիրները լուծվում են ճիշտ ժամանակին՝ կանխարգելելով զարգացող հիվանդությունները:

– ‹‹Ս.Վ. Մալայանի անվան կնաբուժական կենտրոնում›› կրթություն ստացող ակնաբույժներն այսօր կարողանում են իրենց առաջ դրված խնդիրը պատվով լուծել նաև Հայաստանի մարզերում: Այս առումով մենք մեծ հաջողություն ենք գրանցել, քանի որ մեր կենտրոնում ուսանած մասնագետները այսօր կարողանում են ճիշտ գնահատել մարդկանց առողջական վիճակը նաև Երևանից դուրս՝ տարբեր մարզերում: Սա էլ իր հերթին նպաստում է գրագետ բուժառուներ ունենալուն:

– Կենտրոնի կենսագրության կարևորագույն մասն են կազմում բազում մրցանակները, որոնք վկայում են տարիների բեղմնավոր աշխատանքի մասին: Վերջերս Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած «Որակի նշան» մրցանակաբաշխության ժամանակ արժանացաք մրցանակի «Տարվա առաջատար և պահանջված լավագույն ակնաբուժական կենտրոն» անվանակարգում: Որքանո՞վ եք կարևորում մրցանակները, և ինչ դեր ունեն դրանք կենտրոնի կյանքում:

– «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում բավականին մեծ աշխատանք է կատարվում: Երբ աշխատանքդ գնահատվում է, էլ ավելի ես պարտավորվում և ոգևորվում ավելի մեծ նվաճումներ գրանցելու համար։ Երբ Փարիզում էինք, Հայաստանում ծանր օրեր էին… Խորհրդանշական էր, որ մենք այդ մրցանակին արժանանում էինք Ֆրանսիայում՝ մի երկրում, որը միշտ եղել է մեր երկրի՝ Հայաստանի կողքին:

– Ըստ Ձեզ, բժիշկ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում:

– Իհարկե բժիշկ ծնվում են: Ես դա հասկացել եմ բազմաթիվ օրինակներով: Բժիշկը պիտի ունենա Աստծո կողմից տրված շնորհքը և այն զարգացնի իր մեջ տարիների ընթացքում:

– Ձեզ հետ աշխատում են բանիմաց մասնագետներ: Եկեք խոսենք Ձեր թիմի և բուժառուների նկատմամբ ունեցած նրանց մասնագիտական մոտեցման և հարաբերությունների մասին: Բժիշկներն ի՞նչ սկզբունքով են ապահովել և ձևավորել վստահության ճանապարհը:

– Որպես այս կենտրոնի ղեկավար, կարող եմ հպարտությամբ նշել, որ մեր կենտրոնում դրական և մարդկային սիրով լի փոխհարաբերություններ են տիրում: «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ը միշտ եղել է ակնաբույժների «դարբնոցը»: Մեր կենտրոնում է գտնվում մեր մայր ԲՈՒՀ-ի՝ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի Ակնաբուժության ամբիոնը։ Ակնաբուժության ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմը, կենտրոնի բժիշկները մշտապես ամենայն սիրով սովորեցնում են ուսանողներին, կլինիկական օրդինատորներին և երիտասարդ ակնաբույժներին: Այսօր իրենց համար ստեղծված են բոլոր պայմանները կրթվելու համար: Համագործակցելով Հայկական ակնաբուժական նախագծի հետ մեր կենտրոնի շնորհալի երիտասարդ մասնագետները ստանում են հնարավորություն կրթվելու արտասահմանյան լավագույն համալսարաններում: Նաև մեր կենտրոն մշտապես հրավիրվում են մասնագետներ՝ փորձի փոխանակման նպատակով:

– Ձեր ողջ կյանքը նվիրել եք առողջապահությանը և մարդկանց առողջություն պարգևելուն: Ձեր կյանքի լավագույն քսանյոթ տարիներն անցել են այս Կենտրոնում: Ի՞նչ նպատակներ ունեք այսօր՝ որպես բժիշկ և որպես տնօրեն:

– Ուզում եմ պահպանել այն մթնոլորտը, որը կար մինչ իմ ղեկավարությունը և որը շարունակվում է այսօր: Պետք է ապահովենք առաջընթացը այնպես, որ չզիջենք առաջատար երկրներին: Ապագայում անխտիր պետք է շարժվենք առաջ, ինչը կբերի ապահովության զգացում թե՛ բժիշկների, թե՛ բուժառուների համար:

– Կենտրոնի համար այս նշանակալից տարվա տարեվերջին ի՞նչ նոր անելիքներ եք նախատեսել և նախապատրաստական ինչ աշխատանքներ եք կատարում:

– Բժշկության համար 45 տարին բավականին երկար պատմություն է: Ամեն բան այնքան արագ է զարգանում, շատ քիչ մոտեցումներ են պահպանվել և չեն փոխարինվել նոր ու զարգացած ձևերով: Հեղափոխական տարիներ ենք ապրում գիտության և բժշկության մեջ: Այստեղ առաջին անգամ ներդրվել են լազերը, միկրովիրաբուժությունը, պաշտպանվել են բազմաթիվ դոկտորական ու թեկնածուական թեզեր: Այսօր մեր կենտրոնը ոչ միայն բժշկությամբ է զբաղված, այլ նաև մեծ ծավալի գիտական աշխատանքներով:
Դեկտեմբերին ծրագրում ենք կազմակերպել կենտրոնի 45-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով: Հրավիրվելու են լավագույն մասնագետներ Հայաստանից և արտերկրից: Մեր կենտրոնում կցուցադրվի կենդանի վիրաբուժություն: Հմտություններ ձեռք բերելու մեծ հնարավորություն կընձեռվի օրդինատորներին: Պատրաստվում ենք մեր կենտրոնի մի քանի կառույցների վերաբացում կատարել՝ ամբողջովին գերզարգացած սարքավորումներով: Դրանց շարքում են վիրահատարանը, գրադարանը, թանգարանը, նաև աչքի հյուսվածքների բանկը։

– Ինչպիսի՞ն է բժիշկ Հովսեփ Միրոյանը՝ առանց բժշկական խալաթի:

– Սիրում եմ իմ ժամանակն անցկացնել ընտանիքիս, ընկերներիս, կոլեկտիվիս հետ: Պատմել և՛ խնդիրների, և՛ ձեռքբերումների մասին՝ նկարագրելով բոլոր հույզերս ու ապրումներս:

– Ձեր զավակներին ի՞նչ արժեքներ եք փոխանցում, որոնք Ձեզ են փոխանցել Ձեր ծնողները:

– Սիրել կյանքը, սիրել ընտանիքը, վերաբերվել մարդկանց այնպես, ինչպես կցանկանաս, որ քեզ վերաբերվեն, և իհարկե, սիրել հայրենիքը:

– «Ազգ, հայրենիք, ընտանիք, պետություն» համատեքստում հայրենիքն ու ընտանիքը մեկ միասնական արժեհամակարգ են: Դուք ո՞ր արժեքներն եք կարևորում ընտանիքի և հայրենիքի արժեհամակարգերի պահպանման համար:

– Իմ հայրենիքը նույնպես իմ ընտանիքն է, բնականաբար թե՛ ընտանիքի, թե՛ հայրենիքի դեպքում միևնույն արժեքները՝ միասնությունն ու խաղաղությունն եմ կարևորվում:

– Հայտնի ասույթ է. յուրաքանչյուր կայացած ու հաջողակ տղամարդու թիկունքում ուժեղ և սիրող կին է կանգնած: Պատմեք, խնդրեմ, Ձեր ընտանիքի մասին՝ կնոջ դերը նկատի առնելով:

– Մեր ընտանիքը 22 տարեկան է: Կնոջս՝ Ռուզաննայի հետ ծանոթացել, ապա աստիճանաբար ճանաչել եմ համալսարանում և «Ս. Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոն»-ի կլինիկական օրդինատուրայում սովորելու տարիներին: Ստեղծեցինք մեր գեղեցիկ ընտանիքը և ունեցանք երկու զավակ: Այդ տարիների ընթացքում կինս մշտապես եղել է կողքիս՝ աջակցելով ինձ ամենածանր պահերին՝ լինի աշխատանքում, թե աշխատանքից դուրս: Ես շնորհակալ եմ, որ մեր ընտանիքում միշտ դրական մթնոլորտ է՝ նաև կնոջս ջանքերով:
Վերջերս նա մեծ ձեռքբերում ունեցավ ակնաբուժության ոլորտում. Հայաստանում իր կողմից ստեղծվեց մի նոր մասնագիտություն՝ Օպտոմետրիա, որը բավական կարևոր ոլորտ է ակնաբուժության մեջ: Այսօր օպտոմետրիան դասավանդվում է ուսանողներին: Ստեղծվել է Հայաստանի օպտոմետրիայի ասոցիացիան, ինչը նպատակ ունի այդ մասնագիտությունը տարածել բժիշկների և ուսանողների շրջանում: Ռուզաննան հանդիսանում է Հայաստանի օպտոմետրիայի ասոցիացիայի նախագահը։

– Ձեր զավակներից ո՞վ է ընտրել Ձեր գործը շարունակելու պատասխանատվությունը:

– Ավագ որդիս Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում է սովորում՝ համակարգչային գիտություն մասնագիտությամբ, արդեն 4-րդ կուրսում է, իսկ կրտսեր որդիս՝ Քվանտ վարժարանի աշակերտ է, դեռ մասնագիտություն չի ընտրել:

– Լինելով առողջապահական ոլորտի կազմակերպիչ և «Ս. Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոն»-ի տնօրեն՝ ի՞նչ նոր նպատակներ ու ծրագրեր եք Ձեր առջև դրել:

– Քայլել գիտությանը համահունչ, քայլել աշխարհին համահունչ: Նպատակս միշտ զարգանալն է՝ տարբեր միջոցներով. զարգացնելով այն կառույցը, որը ղեկավարում եմ՝ պահպանելով այն բոլոր ավանդույթները, որոնք ունենք կենտրոնում և ակնաբուժության ոլորտում:

– Ձեր մաղթանքը՝ հայ ժողովրդին և Ձեր բուժառուներին…

– Բուժառուներին կցանկանամ առողջություն, որ իրենց աչքի լույսը միշտ պայծառ լինի, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն:

Հարցազրույցը՝ Նոնա Թելոյանի

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest