Հայրենիքի նվիրյալ լինելու համար պարտադիր չէ ծնված լինել այնտեղ: Սերը Հայրենիքի հանդեպ գենետիկ հիշողություն ունի: Այն ծնվում է քեզ հետ և դու զգում ես նրա հոսքը երակներիդ մեջ՝ որտեղ էլ լինես: Ու երբ ամեն անգամ գալիս ես օդանավից երեւացող մի սրտի չափ երկիր՝ քո մատներով ճակատագրեր փոխելու, գիտես, որ տանելու ես քեզ հետ ամենակարեւորը՝ ժողովրդիդ օրհնությունը:
Աշխարհահռչակ բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբան Եղիա Նոել Կարապետյան. Մարդ, ով յոթանասուն տարվա կենսագրության կեսը նվիրել է հայ բժշկության պատմության մեջ նոր էջ բացելու, մասնագիտական եւ նյութական կարողությունները հայրենական բժշկության զարգացմանը անմնացորդ նվիրելու, ԼՕՌ ուղղությունը եվրոպական չափանիշներին հասցնելու բարդ ու դժվարին գործին: Մարդ, ում վիրասրահ տանող արահետն անցել է նվիրումի ու մասնագիտական սխրանքի ճանապարհով:
«Պրեստիժ» ամսագրի բացառիկ հարցազրույցը մեր հայրենակից, Փարիզի «Նեկեր» կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Եղիա Նոել Կարապետյանի հետ:
Մասնագիտական գործունեության համառոտ նկարագիր
- Փարիզի համալսարանի «Նեկեր» մանկական համալսարանական հոսպիտալ
Մանկական օտորինոլարինգոլոգիայի և գլխի ու պարանոցի վիրաբուժության բաժանմունք, - Փարիզի համալսարան
- Օտորինոլարինգոլոգիայի և գլխի ու պարանոցի վիրաբուժության պրոֆեսոր,
- Արման Տրուսոյի անվան մանկական հոսպիտալ, Փարիզ, 1987 – 2013
- «Նեկեր» մանկական հոսպիտալ, Փարիզ, 2013 – 2016
- Մանկական օտորինոլարինգոլոգիայի և գլխի ու պարանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ
- Ֆրանսիայի ԼՕՌ Ազգային ակադեմիայի նախագահ, 2007- 2012
- Փարիզի համալսարանական հոսպիտալների բժշկական խորհրդի նախագահ, 2016 – 2020
- Փարիզի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, 2022
- «SANTE՛ ARME՛NIE» հասարակական կազմակերպության փոխնախագահ, 2021
- Գիտական միությունների անդամ
- Օտորինոլարինգոլոգիայի, գլխի ու պարանոցի վիրաբուժության ֆրանսիական միություն – Նախագահ 2018-2019
- 1992 թվականին Մանկական օտորինոլարինգոլոգիայի ֆրանսիական ասոցիացիայի հիմնադիր: Մանկական օտորինոլարինգոլոգիայի ամերիկյան միություն:
- Միջազգային անդամ, եվրոպական պատվիրակ՝ 1996 թվականից ի վեր
- Հրավիրյալ դասախոս, պրոֆեսոր Հարվարդի, Սթենֆորդի, Ֆիլադելֆիայի, Սան Դիեգոյի, Նյու Յորքի համալսարաններում
- Ամերիկյան բրոնխո-էզոֆագոլոգիական ասոցիացիա,Միջազգային անդամ՝ 2001 թվականից ի վեր
- Մանկական օտորինոլարինգոլոգիայի եվրոպական միություն
- Նախագահ՝ 2006-2010 թթ.
Պարգևներ և մրցանակներ
- Chevalier de la Lռgion d’Honneur 2002
- Officier de la Lռgion d’Honneur 2011
- ԼՕՌ հազվագյուտ արատների եվրոպական կենտրոն. Ֆրանսիայի Առողջապահության նախարարության և Եվրոպական համայնքի առողջապահական հանձնաժողովի կողմից բաժանմունքը ճանաչվել է որպես ԼՕՌ արատների ազգային տեղեկատու կենտրոն: Այս կենտրոնի առաքելությունները ներառում են ազգային տվյալների բազաների և եվրոպական ուղեցույցների կառավարում, ԼՕՌ հազվադեպ հիվանդությունների և արատների վրա կենտրոնացած լայնածավալ հետազոտությունների վերահսկում:
- Հազվագյուտ հիվանդությունների ազգային տեղեկատու կենտրոն. Գենետիկա և Լսողության կորուստ – Համագործակցություն PASTEUR Գենետիկ հետազոտությունների ինստիտուտի հետ:
- 272 Միջազգային հրատարակություններ, հղումները՝ Pubmed-ում (EN, N Garabedian):
Բժշկության մեջ հրաշք չկա: Հրաշքը վիրաբույժի ձեռքերի մեջ է: Ես հավատում եմ Աստծուն, բայց ապավինում եմ իմ ձեռքերին:
Իմ աշխատանքային կենսագրության էջերն իսկապես հարուստ են տարատեսակ դրվագներով, որոնցից յուրաքանչյուրը ստեղծվել է մարդկանց օգտակար լինելու ցանկությամբ. հուսով եմ՝ դա ինձ հաջողվել է:
Ինձ Նոել են կոչել, որովհետեւ ես ծնվել եմ Սուրբ Ծննդյան տոներին:
Հայ հիվանդները երախտապարտ են բուժող բժշկին, դա շատ հաճելի է, միաժամանակ՝ պարտավորեցնող:
Ես մի տեսակ կիսվել եմ Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ. մի կեսս այստեղ է, մյուսն՝ այնտեղ:
-Եղիա Կարապետյան անունը Հայաստանում հայտնի դարձավ Արցախյան առաջին պատերազմի տարիներին, երբ բարձրակարգ մասնագետների ու հոգատար ձեռքի առկայությունը մեր երկրի համար կենսական նշանակություն ուներ: Առաջին անգամ եկաք հայրենիք, որտեղ երկրաշարժից ու պատերազմից խեղված մարդիկ էին: Ի՞նչ զգացողություններ ունեիք այդ օրերին:
-Այո, առաջին անգամ, երբ եկա Հայաստան, երկրաշարժից ընդամենը մեկուկես տարի էր անցել: Շատ տխուր էր Հայաստանը, ու սիրտս ճմլվեց ցավից: Ճիշտ է՝ քաղաքացիությունս Ֆրանսիայի է, բայց սիրտս հայկական է… Միանգամից հասկացա, որ ինձ դժվար օրեր են սպասվում, բայց պետք է պատրաստ լինեմ անել անհնարինը՝ երեխաներին օգնելու համար: Հիվանդանոցները վատ վիճակում էին, գործիքներ չկային, իսկ ես պետք է վիրահատություններ անեի: Ինձ համար անգնահատելի էր ֆրանսահայ բժիշկ, ֆրանսահայ բժիշկների միության՝ UMAF-ի նախագահ Գևորգ Աբգարյանի աջակցությունը, ով ավելի վաղ էր եկել Հայաստան և օգնեց ինձ վիրահատել «գայլի երախ», «նապաստակի շրթունք» կոչվող հիվանդություններով բազմաթիվ երեխաների, կատարել ականջի և կոկորդի տարբեր վիրահատություններ: Վիրահատում էինք հիմնականում մանկատների երեխաներին, ավելին անելու ցանկությունը մեծ էր, բայց հնարավորություններ չկային: Մարդիկ լսել էին, որ Ֆրանսիայից վիրաբույժ է եկել, և մեքենաներով հետևում էին ինձ, որպեսզի գոնե լսեմ իրենց, խորհուրդ տամ, որովհետև քիթ-կոկորդ-ականջի լուրջ խնդիրներ կային և մարդիկ վստահելի բժիշկների կարիք ունեին: Ցավալին այն էր, որ հետխորհրդային տարիներ էին, և մենք չէինք տեսնում երիտասարդ մասնագետների, ում հետ կարող էինք աշխատել և պատրաստել ապագայի համար: Բոլորը խորհրդային բժիշկներ էին, պրոֆեսորներ, ովքեր աշխատում էին իրենց իմացած մեթոդներով:
-«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքի ստեղծման ակունքներում եք, և մինչ այժմ էլ բաժանմունքը գտնվում է Ձեր անմիջական ուշադրության ներքո: Զարգացման ի՞նչ ընթացք է ապրել և այսօր ի՞նչ հնարավորություններ ունի բաժանմունքը:
-Առաջին անգամ հենց «Էրեբունի» բժշկական կենտրոնը` Հարություն Քուշկյանի գլխավորությամբ հրավիրեց մեզ, վստահեց և աշխատելու հնարավորություն ստեղծեց: Մենք էլ ընդառաջ գնացինք նրանց, և սկսվեց մեր համատեղ աշխատանքը: Վիրահատությունները հաջորդեցին միմյանց. դրան զուգահեռ սկսվեցին բաժանմունքը վերազինելու, անհրաժեշտ սարքավորումներով հագեցնելու, մասնագիտական կադրերին վերապատրաստելու աշխատանքները: Եվ արդեն ավելի, քան երեսուն տարի ես Ֆրանսիան Հայաստանին ու Արցախին կապող ճանապարհին եմ: Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի փոքրիկ հերոսն ասում է՝ դու պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես… Ես պատասխանատու էի այն բաժանմունքի համար, որն ստեղծել էինք Հայաստանի համար ամենաբարդ ժամանակաշրջանում, և պետք է ամեն ինչ անեի, որպեսզի այն արդարացներ մեր հիվանդների սպասումները: Բաժանմունքի ստեղծումից տասը տարի անց բաժանմունքի ղեկավարի՝ Արթուր Շուքուրյանի և Կալիֆոռնիայի UCLA համալսարանի առաջատար վիրաբույժ Ակիրա Իշիյամայի հետ իրականացրեցինք կոխլեար իմպլանտացիա, որը Հայաստանում կատարվում էր առաջին անգամ: Ի դեպ, Արթուր Շուքուրյանն ու իր թիմը հնարավորություն են ունեցել նաև Փարիզում հետևելու թմբկաթաղանթի փոխպատվաստման ընթացքին, սովորելու, թե ինչպե՞ս պետք է վերականգնել և ստուգել ընդհանուր անզգայացման տակ գտնվող երեխայի լսողությունը, ուսումնասիրել քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բուժման բազմաթիվ մեթոդներ:
Այս տարիներին իրականցրել ենք նաև բազմաթիվ սկրինինգային ծրագրեր, կոխլեար իմպլանտացիա, երեխաների կոկորդի տարբեր գոյացությունների վիրաբուժական միջամտություններ, այլ կարևոր ծրագրեր: Այժմ մենք աշխատում ենք նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վիրաբույժ Դավիթ Դալլաքյանի և նյարդավիրաբույժ Նառա Լալազարյանի հետ, ովքեր շատ արագ յուրացնում են նորագույն մեթոդները և շատ խոստումնալից բժիշկներ են: Ես շատ ուրախ եմ, որ մանկական վիրաբուժությունը Հայաստանում ապագա ունի:
-Ցավոք, 44-օրյա պատերազմի հետևանքով ևս ունեցանք շատ զինվորներ, ովքեր ստացել էին ականջի թմբկաթաղանթի վնասվածքներ, և կրկին ունեին Ձեր հրաշագործ ձեռքի կարիքը: Եվ Դուք, իհարկե, կրկին այստեղ էիք, մեր զինվորների կողքին: Արդյո՞ք համեմատելի են 90-ականների և մեր օրերի վիրահատությունները, և նաև արդյունքները:
-Պայթյունների պատճառով մեր տղաների մոտ վնասվել էին թմբկաթաղանթները, խախտվել էին ոսկորները, ինչն ուղեկցվել էր լսողության մասնակի կամ ամբողջական կորստով, և մենք ստիպված եղանք հենց իրենց մաշկից մասնիկ վերցնել և որպես թմբկաթաղանթ տեղադրել ականջի մեջ: Այդ ընթացքում երեք անգամ եկել եմ Հայաստան, թե՛ «Էրեբունի» և թե՚ «Նաիրի» բժշկական կենտրոններում կատարել ականջի թմբկաթաղանթի փոխպատվաստում և այլ անհրաժեշտ միջամտություններ, ընդհանուր առմամբ մոտ քսան վիրահատություն: Իհարկե, եթե համեմատվելու լինենք 90-ական թթ.-ների վիրահատությունների հետ, տարբերությունը էականորեն շատ մեծ է. թե՛ սարքավորումները, թե՛ մասնագետները, և թե՛ մեթոդները որակապես փոխվել են:
-Դուք այս տարիների ընթացքում մեծապես նպաստել եք նաև բաժանմունքի տեխնիկական վերազինմանը, օգնել սարքավորումներով: Ի՞նչ նոր սարքավորումների կարիք ունի բաժանմունքն այսօր:
-Իմ յուրաքանչյուր այցի ժամանակ ես ինձ հետ Փարիզից գործիքներ եմ բերել: Այդպես՝ երեսուն տարի: Այսօր առաջին անհրաժեշտության բոլոր սարքավորումներն, իհարկե, ունենք և բաժանմունքում որևէ բանի կարիք չկա, բայց ժամանակակից բժշկության մեջ գործիքներն անընդհատ փոփոխվում և զարգանում են, և բնականաբար, ժամանակի ընթացքում նոր սարքավորումներ ևս պետք է բերենք: Իհարկե, միայն ժամանակակից սարքավորումների առկայությունը բավարար չէ. պետք է տիրապետել դրանց և կարողանալ կիրառել պրակտիկայում: Եվ այդ առումով շատ կարևոր է ունենալ պատրաստված, հմուտ մասնագետներ:
-Մի բան է պարբերաբար գալ, կատարել բարդագույն վիրահատություններ, այլ բան՝ կրթել, պատրաստել մասնագետների սերունդ, ովքեր Ձեր փորձը կտարածեն Հայաստանի այլ կլինիկաներում ևս: Մտածե՞լ եք Հայաստանում Ձեր դպրոցը ստեղծելու մասին կամ գուցե ունեք արդեն:
-Այդ դպրոցն արդեն կա Հայաստանում, և գոհունակությամբ պետք է նշեմ, որ շատ երիտասարդ բժիշկների հասցրել եմ փոխանցել իմ փորձն ու գիտելիքները, և այսօր արդեն քաղում ենք պտուղները: Ես կարևորում եմ ուսումնական գործընթացների շարունակականությունը և ամեն ինչ անում եմ, որպեսզի մեր երիտասարդ մասնագետներն անընդհատ ունենան կատարելագործվելու, մասնագիտական աճի հնարավորություն:
-Հայաստանի բժիշկների համար շատ կարևոր են շփումներն այլ երկրների առաջատար մասնագետների հետ: Ֆրանսիայում ստեղծված «Sante՛ Arme՛nie» բժիշկների ասոցիացիան ի՞նչ դերակատարում ունի այս հարցում և ի՞նչ գործունեություն է ծավալում այսօր:
-«Sante՛ Arme՛nie»-ն ստեղծվեց պատերազմի օրերին՝ միության նախագահ, պրոֆեսոր Արսեն Մեքինյանի ջանքերով: Ես փոխնախագահն եմ: Միության շուրջ համախմբվեցին 300-ից ավելի տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկներ, ովքեր պատրաստ էին իրենց մասնագիտական աջակցությունը ցուցաբերել պատերազմից տուժած Հայաստանին և Արցախին: Միության գործունեության մեջ շատ կարևոր դերակատարում ունի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Նադյա Գործունյանը, ով իրականացնում է կազմակերպչական գրեթե բոլոր աշխատանքները: Միության բոլոր անդամներն աշխատում են բարեգործական հիմունքներով և նվիրաբերված յուրաքանչյուր լումա բացառապես ծառայում է իր նպատակին: Մեր բժիշկները պարբերաբար գալիս են Հայաստան, շրջայցեր են կազմակերպում դեպի Սյունիք, սահմանամերձ գյուղեր, ծանոթանում առողջական խնդիրներ ունեցող բնակիչների կարիքներին: «Sante՛ Arme՛nie»-ն Հայաստանի բժիշկների համար իրականացնում է շատ կարևոր կրթական ծրագիր: Այս պահին ունենք բժշկության տարբեր ճյուղերի քսանվեց մասնագետ, ովքեր միության միջոցներով կարողանում են վերապատրաստումներ անցնել Փարիզի առաջատար մասնագետների մոտ, որպեսզի նոր ասելիքով և անելիքով վերադառնան հայրենիք: Մենք իրականացնում ենք հեռանկարային և շարունակական ծրագրեր և Հայաստանում միության համակարգված աշխատանքի համար պարտական ենք բժիշկ Գևորգ Աբգարյանին:
-Բժիշկը, իհարկե, անընդհատ էներգիա է տալիս իր հիվանդներին, սակայն շատ կարևոր են նաև այն իմպուլսները, որոնք բժիշկն է ստանում հիվանդից: Ինչո՞վ են տարբերվում հայ և ֆրանսիացի բուժառուները:
-Հայ և ֆրանսիացի բուժառուները շատ տարբեր են, և առաջին հերթին տարբեր են իրենց մտածողությամբ: Ֆրանսիացի հիվանդի համար դու ուղղակի բժիշկ ես, ով անում է այն, ինչ պետք է անի: Այսինքն՝ քո աշխատանքն իրեն բուժելն է, դու զբաղված ես քո գործով, և դա նորմալ է: Հայաստանում գիտեն` մենք ինչ ենք անում, և երբեմն՝ ինչ ջանքերի գնով ենք անում. և դա գնահատում են: Հայ հիվանդները երախտապարտ են բուժող բժշկին, դա շատ հաճելի է, միաժամանակ՝ պարտավորեցնող:
-Դուք հավատու՞մ եք բժշկի ձեռքի ֆենոմենին և արդյո՞ք կա հրաշք բժշկության մեջ:
-Բժշկության մեջ հրաշք չկա: Հրաշքը վիրաբույժի ձեռքերի մեջ է: Ես հավատում եմ Աստծուն, բայց ապավինում եմ իմ ձեռքերին:
-Դուք մարդկանց կապում եք աշխարհին, օգնում լսել կյանքի ձայները. ի՞նչ զգացողություն եք ունենում բարդ վիրահատություններից հետո, երբ ստուգում եք՝ լսու՞մ է հիվանդը, թե ոչ:
-Օ՜, դա անբացատրելի զգացողություն է, հրաշալի մի բան: Մեր ստացած արդյունքը մեր աշխատանքի ամենամեծ շնորհակալությունն է:
-Ի՞նչ նոր ծրագրեր, նախագծեր ունեք՝ կապված Հայաստանի հետ:
-Նախատեսում եմ Հայաստան այցելել մարտ-ապրիլ ամիսներին: Պլանավորել եմ հանդիպումներ ինչպես «Էրեբունի», այնպես էլ «Նաիրի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնների մանկական վիրաբույժների հետ: Իհարկե, բազմաթիվ անելիքներ կան և իմ յուրաքանչյուր այց հագեցած է թե՛ վիրահատություններով, թե՛ գիտական-կրթական գործընթացներով:
-Ինչո՞վ է յուրահատուկ Հայաստանը Ձեզ համար:
-Դա դժվար է բացատրել բառերով. դա ուղղակի զգացողություն է, որը միշտ քեզ հետ է: Ես ապրում եմ Ֆրանսիայում, բայց երբ Հայաստանում ինչ-որ բան է տեղի ունենում, չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում ինձ հետ: Ես մի տեսակ կիսվել եմ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև` մի կեսս այստեղ է, մյուսն՝ այնտեղ:
-Ո՞րն եք համարում Ձեր՝ չափազանց հարուստ մասնագիտական կենսագրության ամենակարևոր էջը:
-Ես Ֆրանսիայում կարողացել եմ ստեղծել մանկական օտորինոլարինգոլոգիայի դպրոց, որը դարձել է ժամանակակից բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկը, որը գնահատվել է ամբողջ աշխարհում: Ես ստացել եմ բազմաթիվ հրավերներ ամերիկյան ամենահեղինակավոր համալսարաններից և դասախոսություններով հանդես եմ եկել Հարվարդի, Սթենֆորդի, Ֆիլադելֆիայի, Սան Դիեգոյի, Նյու Յորքի համալսարաններում:
Ֆրանսիայի կառավարության կողմից պարգևատրվել եմ «Պատվո լեգեոն» շքանշանով, ՀՀ առողջապահության նախարարի կողմից արժանացել եմ «Մխիթար Հերացի» շքանշանի: Այսպես կարելի է երկար թվարկել: Իմ աշխատանքային կենսագրության էջերն իսկապես հարուստ են տարատեսակ դրվագներով, որոնցից յուրաքանչյուրը ստեղծվել է մարդկանց օգտակար լինելու ցանկությամբ, հուսով եմ՝ դա ինձ հաջողվել է:
-Ո՞վ է Եղիա Կարապետյանը վիրասրահից դուրս: Հաջողվու՞մ է ժամանակ առ ժամանակ «փախչել» մասնագիտությունից և ապրել սովորական մարդկանց նման՝ այլ հետաքրքրություններով:
-Մասնագիտությունից ցանկացած «փախուստ» ինձ տանում է իմ ընտանիք, որտեղ կինս է, երեք երեխաներս և յոթ թոռներս: Կինս ֆրանսուհի է, բայց շատ լավ հայերեն է խոսում, և ամեն ինչ արել է, որպեսզի մեր զավակները հայ մեծանան: Ազատ ժամանակ սիրում եմ շախմատ, նարդի և գոլֆ խաղալ:
-Սովորաբար բժիշկների ընտանիքներում բժիշկներ են ծնվում: Ինչպե՞ս է Ձեր դեպքում:
-Իմ դեպքում ևս այդպես է: Տղաս՝ Շառլ-Վահեն ևս ընտրել է բժշկությունը և ես շատ ուրախ եմ դրա համար: Նա գինեկոլոգիայի պրոֆեսոր է:
-Իսկ Ձեր հայրը:
-Ոչ, հայրս՝ Շառլ-Կարապետը, այն ժամանակ Ֆրանսիա գաղթած շատ հայերի նման զբաղվում էր դերձակությամբ: Մայրս Իզմիրից էր, իսկ հորս արմատները տանում են Արցախ: Իմ անունը Եղիա պապիս անունն է, ում թուրքերը սպանել են, երբ ընդամենը երեսուն տարեկան է եղել, տատս փրկվել է:
-Եղիա Նոել Կարապետյան – ինչու՞ Նոել. Նոել ֆրանսերեն նշանակում է Սուրբ Ծնունդ
-Նոել, այո՛, նշանակում է Սուրբ Ծնունդ, և ինձ Նոել են կոչել, որովհետև ես ծնվել եմ Սուրբ Ծննդյան տոներին:
Հարցազրույցը՝ Աստղիկ Աբրահամյանի