Կին առաջնորդը՝ բժշկական հաջողությունների կիզակետում

Ինձ համար իմ և եղբորս օրինակը եզակի է այնքանով, որ մեր ծնողները պաշտոնավոր մարդիկ չեն եղել, և մենք ամեն ինչի հասել ենք մեր կրթության, աշխատասիրության և անչափ ջանասիրության շնորհիվ:

Առաջին անգամ ՀՀ-ում ես ներդրեցի երկփուլային քննական կարգը, որպեսզի կատարվի և՛ տեսական, և՛ գործնական ունակությունների ստուգում:

Երբ ամեն ինչ այդքան սիրով և նվիրվածությամբ ես անում, անգամ չես նկատում քո աշխատանքի ծավալները, բայց այսքան տարի անց, երբ նայում եմ այդ տարիներին կուտակած նկարները, վկայականները, շնորհակալագրերը, հիշում եմ, թե որքան էի աշխատում ամեն ինչ հասցնելու համար։

Ցանկացած փոխհարաբերություններում ամենակարևորն ազնվությունն է:

Բարությունն այն բանն է, որը, կարծես լուսավորիքեզ, բարի մարդը հեռվից հեռու նկատելի է:

Առաջնորդը պետք է ունենա իր տեսլականը, պատկերացումներն իր աշխատանքի շնորհիվ հասած արդյունքի մասին, նրա խոսքը պետք է լսելի և հուսալի լինի:

Այժմյան երիտասարդ մասնագետները մեր հաջողակ ապագայի երաշխավորներն են լինելու։

Ես շատ եմ ուզում մեր երկրի անունը հնչի ամեն տեղ, իմ աշխատանքն ուղղված է նաև մեր երկրի հաջողությանը և այս միտքն ինձ համար ավելի շատ աշխատելու մոտիվացիա է:

Ի վերուստ տրված է, որ կնոջ ամենակարևոր առաքելություններից մեկը մայրանալն ու սերունդ տալն է:

Կինն իր կյանքում շատ դերերում կարող է լինել, բայց ես իմ էությամբ առաջին հերթին մայր եմ:

Հայրենասիրությունը լավ մայր, լավ զավակ, լավ մասնագետ լինելն է, որ պիտանի լինենք մեր երկրին։

Երազանքը ձգտման մղում է տալիս, առանց երազելու այնքան անգույն է թվում ամեն բան, բայց,իհարկե, որպեսզի երազանքը դառնաիրականություն, պետք է հստակ և վստահ քայլեր անել:

«Պրեստիժ» ամսագրի զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Մաքսիմի Քուշկյանը:

-Տիկի՛ն Քուշկյան, ուրախ ենք Ձեզ հետ զրույցի համար:

Տիկի՛ն Քուշկյան, Դուք և Ձեր ընտանիքը տարիների մեծ ավանդ ունեք ՀՀ առողջապահության համակարգում. ինչպե՞ս եք ընտրել բժշկության ուղին և ինչպիսի՞ ճանապարհ եք անցել:

-Դեռ մանկուց ես երազել եմ բժշկուհի դառնալ, արդեն դպրոցից որոշված էր, որ այն ավարտելով` պետք է ընդունվեմ բժշկական համալսարան: Շատ լավ հիշում եմ` Սունդուկյանի անվան թատրոնումդպրոցի ավարտական միջոցառմանը մեծաթիվ հանդիսատեսի առաջ ելույթ ունենալով` ես ողջույնի խոսքով ներկայացա որպես ապագա բժիշկ: Հայրս պատմել է, որ այն մտածմունքներից և անհանգստությունից՝ թե ինչպես եմ հանդես գալու,շնչակտուր է եղել, բայց իմ փայլուն և վստահ ելույթից հետո հյուրերից մի պրոֆեսոր ասաց. «Դուք իմացեք, որ արդեն ընդունված եք բժշկական համալսարան»:

Թեպետ հայրական կողմի պապս բժիշկ էր, բայց, քանի որ հիմնականում ապրել եմ մայրական կողմիտատիկ-պապիկի հետ, չեմ կարող ասել թե մյուս պապիկիս բժիշկ լինելու գործոնը որքանով է նպաստել իմ ցանկությանը:

-Մինչ «Էրեբունի» ԲԿ-ում ակադեմիայի հիմնադրումը՝ Դուք բժշկական ոլորտում առաջին քայլերն անող բժիշկ էիք։ Խոսենք ակադեմիայի հիմնադրման մտքի և սկզբնական փուլի մասին։

-Ես բժշկության մեջ առաջին քայլերս արել եմ 1975թ.՝ընդունվելով համալսարան` Բուժական գործ ֆակուլտետ, այնուհետև աշխատել եմ չորրորդ վարչության պոլիկլինիկայում` որպես տեղամասային բժիշկ: Այդ տարիները մեծ սիրով եմ հիշում, քանի որ շատ հաճույքով եմ աշխատել և վստահ եմ, որ որպես բժիշկ աշխատելու դեպքում ևս շատ մեծ հաջողությունների կհասնեի և շատ բուժառուների բժշկած կլինեի: Կարող եմ ասել, որ այդ տարիներին ինքս հարմարվել էի իմ աշխատանքին, աշխատավայրին, որովհետև այն իմ տանը մոտ էր և երեխաներիս առումով շատ հարմարէր:

Սպիտակի երկրաշարժից և Արցախյան կռիվներից շատ չանցած, օրերից մեկ օր` 1993թ., առաջին տիկինԼյուդմիլա Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ,առաջարկվեց ծնողազուրկ երեխաների համար ‹‹Էրեբունի›› բժշկական կենտրոնին կից բացել քոլեջ:

Եվ Այսպես իմ գործունեությունը սկսվեց բարեգործությունից, ինչը հետաքրքիր փորձ էր իմ հետագա գործունեության համար:

Գալով քոլեջ` տեսա, որ արդեն ներգրավված են 40 որբ երեխա, բայց այստեղ չկա շենք, ուսումնական պլան, դասավանդման օրինակի որևէ թուղթ, բնականաբար, համակարգիչ ևս, և այսօրվա պես չէինք կարող արագ գտնել մեզ անհրաժեշտ ինֆորմացիան: Ես մինչ այժմ պահում եմ այն թղթերը, որոնց վրա ինքս մատիտով նշումներ անելով` ուսումնական պլան, ուսումնական ծրագիր էի գծում, ամեն ինչ ինքնուրույն եմ արել:

Ընդամենը չորս ամիս անց` 1993թ. դեկտեմբեր ամսին, Առողջապահության նախարարության և Քաղաքապետարանի առողջապահության վարչության առաջին դեմքերը եկել էին քննություններին մասնակցելու, քանի որ թերահավատությամբ էին վերաբերվում այս երիտասարդ քոլեջին:

Բուժքույրերին համապատասխան քննական թեստերը, ինչպես նաև գիտելիքը գործնականում կիրառելու պայմաններն ինքս էի ստեղծել: Այսպիսով, առաջին անգամ ՀՀ-ում ես ներդրեցի երկփուլային քննական կարգը, որպեսզի կատարվի և՛ տեսական, և՛ գործնական ունակություններիստուգում: Քննության վերջում Առողջապահության նախարարության փոխնախարարը՝ Դերենիկ Դումանյանը, իմ 40 ուսանողներից այնքան գոհ էր, որ անգամ ասաց` «Ալինա, դու արդեն կարող ես արդեն իրենց դիպլոմ տալ»: Գուցե անգամ իրենք նման արդյունքի չէին սպասում, բայց ես ուրախ էի, որ մենք զարմացրեցինք նրանց։ Դրանից հետո մեզ 40 տոնոմետր նվիրեցին և սկիզբ դրվեց կրթական աշխատանքների էլ ավելի բուռն փուլին և մենք ձեռք բերեցինք իրենց մոտ վստահություն և հարգանք:

Հետագայում քույրական կրթության մեջ կատարեցի բազում բարեփոխումներ: Նախկինում սովորում էին երկու տարի, ես ներդրեցի երեք տարին և այդպես շարունակ ինքս ինձ վրա աշխատելով, տարբեր մասնագետներից խորհուրդներ կորզելով կայացել եմ որպես տնօրեն: Նույն մարդիկ, որոնց առաջ հարցախեղդ էի անում էլ ավելի գիտելիք ստանալու համար, հետզհետե սկսեցին այլ ձևով ընդունել ինձ և շփվել ինչպես հավասարը հավասարի հետ:

-Դուք այն նվիրյալներից եք, ով ամբողջ կյանքը նվիրել է առողջապահական համակարգին. Ինքներդ ինչպե՞ս եք գնահատում Ձեր անցած ուղին արդեն 65 տարիների բարձունքից:

-Երբ ամեն ինչ այդքան սիրով և նվիրվածությամբ ես անում, անգամ չես նկատում քո աշխատանքի ծավալները, բայց այսքան տարի անց, երբ նայում եմ այդ տարիներին կուտակած նկարները, վկայականները, շնորհակալագրերը, հիշում եմ, թե որքան էի քրտնաջան աշխատում ամեն ինչ հասցնելու համար, հասկանում եմ, որ իրոք, մեծ աշխատանք է կատարվել, շատ ծրագրեր ներդրվել, որոնք այդ տարիներին մեր երկրին և առողջապահական համակարգին շատ անհրաժեշտ էին:

Ինչպես ես եմ մեր քոլեջում այդքան ներդրումներ արել և զարգացրել այն, այնպես էլ նա է ինձ զարգացրել, ինքս մեծ աճ եմ ապրել այս տարիներին: Մարդկային գործոնը` որպես մենեջմենթ, շատ կարևոր նշանակություն ունի: Անգամ շատ լավ բուժ հաստատություն և սարքավորումներ ունենալու դեպքում, այդքան զարգացում չես կարող ապրել, որքան լավ մասնագետներ և առողջապահական կազմակերպիչ ունենալու դեպքում: Այսինքն` հանրային առողջության կազմակերպումն ու առաջնորդությունը փոխկապակցված են, դրանք ճիշտ ձևով կապելու դեպքում գոհացնող արդյունքներն անխուսափելի են:

-Դուք զբաղվում եք գիտությամբ, հետաքրքիր է՝պրակտիկ աշխատանքին զուգահեռ որքանո՞վ եք կարևորում գիտական գործունեությունը: Եվ Ձեր գիտական աշխատանքներից, որո՞նք եք առանցքային համարում:

-Բժշկի համար շատ կարևոր է գիտական գործունեությունը։ Տարիների ընթացքում գիտությունն ինձ շատ է գրավել, տարվել եմ տպագրմամբ և բազում հոդվածներ, գրքեր հեղինակել: Հոյակապ դասագիրք եմ գրել, որով այժմ ամբողջ ՀՀ-ի բուժքույրերը պատրաստվում են քննություն հանձնելու, հենց դրանով են մեր ուսանողները կրթվում: Գիրք, որն ունիկալ է, արտասահմանյան ոճի, վերջին պահանջներին համապատասխան և բազմակողմանի նյութերով:

-Ովքե՞ր են եղել այն մարդիկ, որոնք կարևոր ու ճակատագրական դեր են ունեցել Ձեր կայացման ու զարգացման, մասնագիտական բարձր հմտությունների ձեռքբերման ճանապարհին:

-Բժշկական համալսարանում իմ ուսումնառության ընթացքում ինձ շատ լավ դասախոսներ են ուսուցանել: Ես շատ շնորհակալ եմ նրանց բոլորին այն գիտելիքների համար, որոնք ստացել եմ: Դասախոսներ, պրոֆեսորներ կան, որոնց դասախոսության անցկացման յուրահատուկ ձևը միշտ հիշում ես: Մեր դասախոսներից են եղել Մխեյանը, Օրդյանը, Անանիկյանը, Սարուխանյանը, Կոնստանտին Նազարեթյանը, Մամիկոնյանը։ Ի դեպ, Ռաֆայել Մամիկոնյանը նաև իմ հարսի հայրն է, շատ հետաքրքիր թերապիայի դասախոսություն էր կարդում: Հիմա բոլորի անունները գուցե չհիշեմ, բայց մենք այս դասախոսների շնորհիվ ենք կայացել:

Հետագայում իմ կայացման գործում մեծ դեր են ունեցել Առողջապահության ազգային ինստիտուտում Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական խորհրդի, որի անդամներից մեկն էլ ես էի, պատվավոր անդամներՌուբեն Հովհաննիսյանը և Վլադիմիր Դավիթյանը, ովքեր իմ ուսուցիչներն են եղել:

Ցավոք, Վլադիմիր Դավիթյանը և Ռուբեն Հովհաննիսյանը տարիներ առաջ մահացան Covid-19 համաճարակի պատճառով: Մյուս անձնավորությունը, ով իմ կայացման հարցում մեծ դեր է ունեցել և որին շատ սիրում եմ, Նոնա Սիմոնյանն է:

Այս երեք պրոֆեսորներից բացի Ազգային ինստիտուտում կային այլ գիտնականներ ևս, որոնցից շատ-շատ բան եմ սովորել: Երբ ես գնում էի այնտեղ, թվում էր` ուրիշ աշխարհ եմ ընկել, այլ մթնոլորտ էր, և ես միշտ սովորելու բան ունեի: Դա բժշկական գիտության կուլտուրայի, վարվելակերպի մակարդակն էր:

Իմ գիտական աշխատանքի ներկայացման մեջ իրենց կարևոր դերն են ունեցել նաև Թերեզա Սուրենովնան և Դերենիկ Դումանյանը: Նրանք իրենց պահանջներով ինձ մոտիվացնում էին և հնարավորություն ընձեռում ավելին սովորելու:

-2019թ. հիմնադրել եք «Էրեբունի» բժշկական ակադեմիան: Ի՞նչ դժվարություններ եղան այդ ժամանակ և ինչ մղումներ ունեիք այն հիմնելով:

-Եկավ ժամանակը, երբ ես պետք է թոշակի անցնեի: Փոքր տղաս, իմանալով իմ բնավորությունը, ասաց` դու այն կինը չես, որ նստես տանն ու չաշխատես, և առաջարկեց ստեղծել «Էրեբունի» բժշկական ակադեմիան: Թեպետ այդ ժամանակ մայրս առողջական խնդիրներ ուներ, ես էլ արդեն երիտասարդ չէի և շուտ էի հոգնում, բայց որոշեցի և մայրիկիս խնդրեցի «խելոք մնալ», որ կարողանամ իմ մտքերն իրագործել: Գալով քոլեջ շաբաթվա վերջին` հանգստյան օրերին, պատրաստեցի օրինակելի փաստաթղթեր և դրանով ամեն ինչ սկսվեց։

Ակադեմիան հիմնելով այնքան բարդ պահանջներ էինք առաջ քաշել, որ, երբեմն ինքս մտածում էի` տեսնես ո՞վ կգա այստեղ սովորելու, բայց պատկերացրեք` խստագույն պահանջներն անգամ հետ չպահեցին դիմորդներին: Մեր դրվածքի շնորհիվ«Էրեբունի» բժշկական ակադեմիան կարճ ժամանակում շատ լավ ուսումնական կենտրոնի վարկանիշ ձեռք բերեց: Մեզ համար շատ կարևոր էր «Էրեբունի» ԲԿ-ի աջակցությունը: Ուրախ ենք, որ մեր կողքին ամենալավ կլինիկան է, որի հիմնադիրն է եղբայրս` Արտյոմ Մաքսիմի Քուշկյանը: Մենք տեսնում ենք, թե այն որքան հնարավորություններ ունի` բարելավելու ազգաբնակչության առողջությունը: Մեզ մոտ արտասահմանից բավականին պատկառելի հյուրեր էին եկել, ովքեր ասացին, որ իրենց երկրում միլիարդատերերը կարող են նման կլինիկա ունենալ, և զարմացան, որմերը ոչնչով չի զիջում այդ կլինիկաներին. սրանք շատ ոգևորիչ խոսքեր էին:

Վերջերս մենք կարողացանք ձեռք բերել միջազգային հավատարմագրում, հասկանալով որ առանց միջազգային ինտեգրման մենք չենք կարող զարգացում ունենալ:

-Արդեն չորս տարի անց ունենալով այսքան կարևոր հաջողություն, ի՞նչ է առաջարկում «Էրեբունի» բժշկական ակադեմիան:

-«Էրեբունի» բժշկական ակադեմիան լիարժեք բարձրագույն ուսումնական հաստատություն է, որըշատ գեղեցիկ, կոմպակտ, ժամանակակից վերանորոգմամբ, արդիական սարքավորումներով հագեցված, դիդակտիկ նյութերով, սիմուլյացիոն կաբինետով և նոր հնարավորություններով կենտրոնէ: Մեզ մոտ հավաքված է պրոֆեսիոնալ դասախոսական անձնակազմ, որոնց մեծ մասը տարբեր ասոցիացիաների նախագահներ են, ԱՄՆ-ի գլխավոր մասնագետներ են, որը մեծ առավելություններ է տալիս: Համագործակցելով տարբեր մասնագիտական ուղղությամբկենտրոնների հետ` մենք մեր ուսանողներին հնարավորություն ենք տալիս տեսնելու, շփվելուտարբեր տեսակի հիվանդների հետ: Որպես առողջապահության մասնագետ` դու պարտավոր ես քո ուսանողին ուղարկել այլ կենտրոններ՝ մաշկաբանական կենտրոն, հոգեբուժարան և այլկենտրոններ` տեսնելու նման խնդիրներ ունեցող բուժառուների:

Մեր պարտականությունն է պատրաստել բազմակողմանի զարգացած, որակյալ մասնագետներ, ովքեր աշխատաշուկայում կլինենմրցունակ, կապահովեն որակ և ինտեգրված կլինենբժշկական հանրության մեջ: Մեր ծրագրերը պատրաստված են միջազգային չափանիշներին համապատասխան, որ հետագայում մեր ուսանողների դիպլոմներն ընդունվեն բոլոր երկրներում և նրանք այն մասնագետները լինեն, ովքեր կկարողանան աշխատել միջազգայինընկերություններում: Մենք մշակել ենք մեր չափորոշիչները, թե ուսանողը վերջնարդյունքում ի՞նչ պետք է իմանա, ի՞նչ անի և ո՞ր ոլորտներում պահանջված կլինի:

Մեր ակադեմիան դեռ բավականին երիտասարդ է, բայց արդեն գրանցել ենք այսքան հաջողություններ։ Իմ մտքում դեռ շատ ծրագրեր կան, պատրաստվում ենք հետագայում էլ ավելի նոր ծրագրերով հանդես գալ:

-Դուք ունեք հուշագրեր, պայմանավորվածություններ և՛ Հայաստանյան, և՛միջազգային տարբեր բժշկական հաստատությունների, համալսարանների հետ: Խոսենք նոր համագործակցությունների, միջազգային գործընկերների մասին:

-Մենք համագործակցային կապեր ունենք տարբեր երկրների ընկերությունների հետ, դրանցից են Կրթության գլոբալ զարգացման ինստիտուտը, Միչիգանի բժշկական համալսարանը, Տեխասի «Էյ ընդ Էմ» համալսարանը, ինչպես նաև Հայաստանի մանկավարժական, ‹‹Գլաձոր››, ‹‹Ուրարտու››համալսարաններն ու այլ կենտրոնները: Շուտով արտասահման գնալով՝ կրկին սկիզբ կդնեմ նոր համագործակցությունների: Այս համագործակցություններն առաջխաղացման բանալիներ են:

Ինձ շատ են հարցրել, և ես շատ եմ մտածել, թե ինչումն է մեր հաջողության գրավականը: Կարծում եմ՝ այն կայանում է մեր գլոբալ համագործակցությունների մեջ: Միջազգային լավ գործընկերներն իրենցից ներկայացնում են փորձի փոխանակում, մեթոդների քննարկումներ, միմյանց աջակցություն, ինչը նաև նոր լիցք է հաղորդում: Ինքս շատ եմ սիրում աշխատել արտասահմանյան գործընկերների հետ: Ես կազմակերպել եմ երեք մեծ միջազգային, ինչպես նաև բազմաթիվ տեղական համաժողովներ, և միշտ բարձր գնահատանքի, գովասանքների ենք արժանացել:

Իհարկե, երբեք չթերագնահատելով իմ գործոնը, ես միշտ մեր թիմի և ուսանողների աշխատանքնառաջնային եմ համարում: Մենք ամեն ինչ միասին ենք անում, բոլոր միջոցառումներին, համաժողովներին կարևորում եմ ուսանողների ներկայությունն ու նրանց կարողություններըներկայացնելը: Դուք պետք է տեսնեք` Եվրոպական մեծ համաժողովներին, երբ ամենազարգացած երկրներից մասնագետներ են նստած, ինչպես են ներկայանում մեր ուսանողները, ինչպես են տիրապետում օտար լեզվին, ներկայացնում իրենց և մեր երկիրն այդ տիրույթում: Հայերս շատ խելացի ենք, պարզապես պետք է ճիշտ աշխատել և ոգևորել մեզ:

-«Էրեբունի» ակադեմիան ​քանի՞ բաժին ունի:

-«Էրեբունի» բժշկական ակադեմիայի միջին մասնագիտական ուսումնական ծրագրով (սկսած 9-10–րդ դասարանից) ունենք հինգ բաժին` քույրական, մանկաբարձական, դեղագործական, ատամնատեխնիկական գործ և կոսմետոլոգիա, իսկ բարձրագույն ուսումնական ծրագիրն ավարտում են բարձրագույն բժշկական բուժական գործ մասնագիտությամբ և բարձրագույն բուժքույրական բակալավրի աստիճաններով, որը միայն մենք ևԱմերիկյան համալսարանն ունի: Վստահ եմ` այն մեծ ապագա է լինելու մեր ուսանողների համար, նրանք կկարողանան արտերկրում աշխատել, որպես մաստեր դիգրի: Մենք առաջարկում ենք շարունակական ինտեգրված կրթություն` այն է` չորս տարի բակալավր և երկու տարի մագիստրատուրա:

Առաջ ինչպե՞ս էր. բուժքույրը, եթե ցանկանում էր բարձրագույն կրթություն ստանալ, նա բժիշկ կամ հոգեբան պետք է դառնար, փոխեր իր մասնագիտացումը, բայց ես բացատրում էի, որ մենք կորցնում ենք որակ, և հիմա, վերջապես, ունենք բուժքույրական բարձրագույն կրթություն: Իսկ բուժական գործի համար կլինօրդինատուրայի բաժին դեռ չունենք, բայց հետագայում գուցե բացենք, իսկ առայժմ մեր ուսանողներին ուղղորդում ենք գնալ Առողջապահության ազգային ինստիտուտ, քանի որ նրանց հետ սիրով համագործակցում ենքկամ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան:

-Դուք դրսևորվում եք որպես լավ ղեկավար և կազմակերպիչ: Այս մասին խոսելով` ինչպիսի՞ սկզբունքներով եք առաջնորդվում և ո՞րն եք համարում դասախոս-ուսանող և բժիշկ-բուժառու փոխհարաբերության ամենակարևոր բաղադրիչը:

-Ցանկացած փոխհարաբերությունում ամենակարևորն ազնվությունն է: Մարդը դիմացի մարդու հետ պետք է ազնիվ և անկեղծ շփվի, էական չէ ինչպիսի հարաբերություններ կանվանվի այն: Ամեն մարդ պետք է ունենա իր կոմպետենտությունը, պատասխանատվությունն ու սկզբունքայնությունը:

Հատկապես խոսելով դասախոս-ուսանող հարաբերությունների մասին` ասեմ, որ դրանք պետք է հիմնված լինեն փոխադարձ վստահության և հարգանքի վրա, վիրավորանք չլինի շփման մեջ: Իսկ բժիշկ-բուժառու փոխհարաբերություններումհատկապես կարևոր է բժշկի գործոնը, նա պետք է բարեսիրտ լինի, հակառակ դեպքում՝ բուժառուն ամեն բան կզգա: Բարությունն այն բանն է, որը, կարծես լուսավորի քեզ, բարի մարդը հեռվից հեռու նկատելի է: Հատկապես բժշկական մասնագիտության մեջ` բոլորը պետք է մոռանան իրենց անձնական խնդիրներն ու լարված, նյարդային լինելու պատճառները, որովհետև բուժառուն մեղք չունի այդ ամենում, բացի դա` ինքն էլ իր խնդիրներն ունի: Բժիշկը պետք է բուժման ընթացքում դառնա բուժառուի բարեկամը: Շատ կարևոր է բուժառուի հետ ներքին հոգեբանական մտերմությունը, սա նրա բուժման գրավականն է: Այս ամենին մասնագիտական գիտելիքներն ու փորձառությունն ավելացնելով՝ կունենանք մեծ էֆեկտիվություն և առաջնորդության գրավական: Առաջնորդը միայն ղեկավարը չէ, ամենքս մեր տեղում կարող ենք առաջնորդ լինել, առաջնորդության ունակությունները զարգացնելու կարևոր հանգամանքը բուժաշխատողի համար շատ անհրաժեշտ է: Անգամ կրտսեր բուժքույրն իր աշխատանքը լավ և օրինակելի անելու դեպքում՝կարող է լինել լիդեր իր մյուս գործընկերների համար, ովքեր իրենից օրինակ կվերցնեն:

Հատկապես բժշկության մեջ գիտելիքը շատ կարևոր է, որպես առողջապահության ոլորտի ղեկավար, գիտնական, դասախոս` չես կարող թերի կրթված լինել: Ինձ համար անընդունելի է միջին որակի կրթությունը կամ պետք է սովորես լավ կամ՝չսովորես: Մենք` բժիշկներս, մարդու կյանքի հետ գործ ունենք, չենք կարող բուժումը կամ վիրահատությունն անել երեքի, դա թերի կլինի: Բուժաշխատողի և դասախոսի աշխատանքն ամենադժվարն է. նրանք քանակապես ամենաշատ մարդկանց հետ են շփվում: Դրան համապատասխան պետք է այնպիսի որակ տալ, որ կրթությունն ու սարքավորումների արդիականացումը համահունչ զարգանան: Ինքներդ կզգաք, թե նոր սարքավորումների շնորհիվ (հատկապես արհեստական բանականության) մի տարվա ընթացքում որքան կփոփոխվի առողջապահական համակարգը: Պետք է շատ արագ ադապտացվել նոր փոփոխություններին, որովհետև պահանջն այդպիսին է: Ինձ համար նպատակ է լավ մասնագետներով շրջապատված առողջապահական համակարգ ունենալը, և ինձ համար մեծագույն հաճույք է լսել, որ իմ շրջանավարտը լավագույններից է: Հաճույք է պատճառում, երբ ինքդ տեսնում ես արածիդ արդյունքը, հպարտանում, քանի որ աշխատանքդ գնահատվում է նաև այլոց կողմից: Իսկ նման արդյունքներ ունենալու համար անհրաժեշտ են թիմային աշխատանք, լավ առաջնորդություն, արդիական մեթոդների կիրառում:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա առաջնորդը։

-Առաջնորդը պետք է ունենա իր տեսլականը, պատկերացումներն իր աշխատանքի շնորհիվ հասած արդյունքի մասին, նրա խոսքը պետք է լսելի և հուսալի լինի:

Ըստ իմ տեսլականի` մենք մեր աշխատանքի շնորհիվ կրթական համակարգում կդառնանք միջազգային լավագույն ուսումնական հաստատություններից մեկը : Կարծում եմ՝ մեծ հաջողություն է, որ այսքան երիտասարդ լինելով` մեր ակադեմիան արդեն միջազգային հավատարմագրում ունի, որը մեր Հանրապետությունում առաջինն է: Դա հետևողական դժվար աշխատանք էր, որը նորանոր հաջողություններ գրանցելու համար իրենից անընդհատ աշխատանք է ակնկալում: Այս ճանապարհին կարևոր է կանգ չառնելը, պետք է նոր կապեր ձեռք բերել, կիրառել գլոբալ փոփոխություններն ու նորամուծությունները: Ինքներս պետք է ինովացիոն լինենք, նոր մոտեցում, նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ առաջարկենք:

Իմ մասին խոսելով` ասեմ, որ ես, կարծում եմ շատ բարի եմ, իհարկե որպես առաջնորդ` պահանջկոտ և խիստ եմ, բայց միևնույն ժամանակ շատ բարի եմ: Իմ խիղճը հանգիստ է, որովհետև ես իմ գործունեության մեջ գիտակցաբար որևէ մեկին վատություն չեմ արել: Գուցե ուսանողների վրա բարկացել, պատժել, խիստ եմ եղել, բայց գիտեմ, որ մեր բոլոր ուսանողներն ինձ հարգել և սիրել են, իմ խոսքը միշտ կարևոր է նրանց համար: Ինձ հաջողվել է իմ հաստատությունում ստեղծել մի մեծ ընտանիքի մոդել, հիմնված փոխադարձ հարգանքի, բարիության, աշխատասիրության վրա:

-Որպես ավագ և բազմամյա մասնագետ շփվելով երիտասարդ սերնդի հետ՝ Դուք ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում բժշկության ոլորտում:

-Իսկապես, մենք ունենք երիտասարդ, տաղանդավոր, խելացի սերունդ, որոնց պետք է կրթել ոչ միայն բժշկական գիտելիքներով, այլ նաև առաջնորդելու, բուժառուի հետ շփման ճիշտ մեթոդներով: Երիտասարդների հետ պետք է ընկերություն անել, գիտելիք տալ իրենց, իսկ դու էլ ավելի ժամանակակիցը լսես իրենցից և սովորես: Ամեն ինչ փոխադարձ պետք է լինի։ Վստահ եմ՝ այժմյան երիտասարդ մասնագետները մեր հաջողակ ապագայի երաշխավորներ են լինելու, նրանցով մենք ավելի մեծ հաջողություններ ենք գրանցելու։

-Ձեր նվիրական աշխատանքը տարիների ընթացքում գնահատվել են բազմաթիվ շնորհակալագրերով և պարգևներով, այս տարի ստացաք ևս երկուսը, առաջիկայում կրկին ունեք ստանալու` որպես լավագույն առաջնորդ: Հետաքրքիր է` Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունեն այդ շնորհակալագրերն ու մրցանակները:

-Ես երբեք առանձնապես չեմ սպասել որևէ մրցանակների կամ կոչման, բայց, իհարկե, շատ հաճելի է, երբ քո այդքան աշխատանքը գնահատվում է: Դրանք իմ անցած ճանապարհի մի մասն են, ամեն անգամ դրանք տեսնելով վերհիշում եմ մեր գործունեության դժվարին ճանապարհը, ևուրախանում` հիշելով մեզ գնահատողներին:

Ես տեսակով այնպիսին եմ, որ ինչ-որ բան անելիս որևէ ակնկալիք չեմ ունենում, բայց փոխադարձ արձագանքը մոտիվացիոն աղբյուր է: Ես այն մարդն եմ, ով առանց մրցանակների սպասելու` իր անելիքն անելու է, բայց գնահատված լինելու զգացողությունըդուրեկան է: Ինձ համար մեծ ուրախություն է արժանանալ և՛ հանրապետական, և՛ միջազգային մրցանակների: Այսպես մենք նաև մեր երկիրն ենք ներկայացնում, լավ մարդկանցով, արդյունավետ աշխատանքով կարող ենք դրական կարծիք ստեղծել մեր երկրի մասին: Ես շատ եմ ուզում մեր երկրի անունը հնչի ամեն տեղ, իմ աշխատանքն ուղղված է նաև մեր երկրի հաջողությանը և այս միտքն ինձ համար ավելի շատ աշխատելու մոտիվացիա է:

-Ըստ Ձեզ` բժիշկ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում. Աստծո շնորհը ի՞նչ դերակատարում ունի:

-Յուրաքանչյուր երևույթի, գործունեության մեջ Աստծո շնորհը դերակատարում ունի: Ես շատ հավատքով եմ և Աստծո շնորհն ամեն ինչումն եմ տեսնում, Աստված իմ սրտի մեջ է: Եվ վստահ եմ` պատահականություն չկա, ամեն ինչ ի վերուստ է տրված լինում: Շատ կարևոր հանգամանք է նաև ճիշտ դաստիարակությունը, որը սկսվում է մանկապարտեզից, դպրոցից և բակից, բայց այս ամենի հետ մեկտեղ՝ շատ կարևոր է ընտանիքի գործոնը:

-Քուշկյանների ընտանիքը մեծ ավանդ է ունեցել առողջապահության ոլորտում: Ձեր եղբայրը երկար տարիներ եղել է Առողջապահության նախարարը, հիմնադրել է «Էրեբունի» և «Նաիրի»բժշկական կենտրոնները, որոնք Հայաստանում լավագույն ԲԿ-ներից են: Ձեր նվիրումը մեր երկրին և առողջապահական համակարգին անգնահատելի է: Կպատմե՞ք՝ ինչպիսին էր Քուշկյանների ընտանիքը, և ի՞նչ արժեքներ են Ձեր մեջ սերմանել Ձեր ծնողները։

-Ծնողներս երկուսն էլ Գյումրիից են, հայրս՝ իրավաբան, մայրս մանկավարժ, բայց ես ու եղբայրս ծնվել ենք Երևանում: Մենք մեծացել ենք համեստ ծնողների կողքին, կիրթ ու ավանդական ընտանիքում, որտեղ սեր և հոգատարություն է եղել:

Երբ հետ ենք նայում, տեսնում ենք, որ մեր արժեքները վերցրել ենք մեր ընտանիքից: Փոքր տարիքում ես միշտ տեսել եմ հորս հարգանքը հացի նկատմամբ, այսինքն` մեր տանն անգամ հին հացը երբեք չի նետվել աղբը: Հայրս ինձ պատմել էր, որ իր հոր` Հայրենական պատերազմին մասնակցելու ընթացքում, ինքը, որպես տան մեծ` 12 տարեկանում, դեռ լուսադեմին արթնացել, գնացել հացի հերթ է կանգնել, մի կերպ կարողացել է հաց բերել տուն ուերբ մտքումս պատկերացնում էի թե ինչ խնայողաբար են օգտագործել հացը, կերել վերջին փշրանքները` հուզվում էի: Հորս խոսքերը՝ «Գիտես Ալինա, մարդիկ կան, որ այդ մի փոքր կտոր հացի կարիքը շատ ունեն», մինչ այժմ դաջվել են իմ մտքում: Այս պատմությունը մեկն է այն դաստիարակչական միջոցներից, որոնք իմ մեջ կերտել են խնայող և գնահատող մարդու:Նմանատիպ շատ օրինակներ կան, որ ինչպես ես և եղբայրս ենք ստացել, այնպես էլ բոլոր մարդիկ ստանում են իրենց ընտանիքներից: Կարծում եմ՝ մեր բախտը բերել է, որ մենք մեծացել ենք նման ընտանիքում, ավանդական կարգերով, որտեղ հայրը՝ տղամարդը, ամեն ինչ անում է իր ընտանիքի համար, իսկ կինը` լինելով ամուսնու համար սիրող և հնազանդ կին, զբաղվում է երեխաների դաստիարակությամբ ու տան գործերով: Մայրս միաժամանակ և՛ խելոք, և՛ շատ խելացի կին էր, հետևողական, ճիշտ խորհուրդներով և միշտ ամուսնուն քաջալերող: Հայրս շատ մեծ կարևորություն էր տալիս կրթությանը և երբ արդեն ուսում ստանալուց հետո անցա աշխատանքի, ամեն անգամ ինձ ասում էր` պետք է պաշտպանես դիսերտացիա, նշելով` եթե իրեն սիրում եմ, պետք է անեմ դա: Հիմա ես վստահ կարող եմ ասել, որ նրանք, ովքեր պաշտպանում են դիսերտացիա, սովորում են, և դա անում են ոչ միայն այդ պաշտպանության փուլում, այլ նաև դրանից հետո իրենց գործունեության ժամանակ` հազարավոր գրքեր, աշխատություններ կարդալուց հետո, գալիս են եզրահանգման և ներկայացնում տվյալ գաղափարի մասին իրենց համար ստեղծված ճիշտը:

Եղբորս մասին խոսելով` ասեմ, որ տարիները կարծես մեր կողքով են անցել, մեր հարաբերությունները նույն մանկական անկեղծ սիրով ու ակնածանքով են լեցուն: Ինչպես մանուկ ժամանակ, այժմ ևս ես իր կողքին ինձ փոքր աղջնակ եմ զգում, ով պաշտպան ունի, նրանով հպարտանում եմ և անչափ ուրախանում, երբ հենց նա է ինձ գովում: Միշտ փորձել եմ այնպիսի արարքներ չանել, որ իրեն դուր չի գա և բարձր պահել իր անունը: Ես ու եղբայրս ամեն ինչի հասել ենք մեր կրթության, աշխատասիրության և այդքան ջանասիրության շնորհիվ:

-Խոսենք կնոջ կարևորագույն դերի՝ մայրանալու բերկրանքի և դրա կարևորության մասին: Որպես կին ղեկավար՝ ըստ Ձեզ կնոջ կյանքում ո՞րն է ամենակարևոր առաքելությունը:

-Ի վերուստ տրված է, որ կնոջ ամենակարևոր առաքելություններից մեկը մայրանալն ու սերունդ տալն է: Կարծում եմ` որքան էլ աշխատասեր և զբաղված կին լինես, պետք է միշտ ժամանակգտնես երեխաներիդ համար: Մեծ բավականություն կարելի է ստանալ այն երևույթից, որ քո երեխաները մեծ հաճույքով և սիրով ուտում են քո պատրաստած սնունդը, մեծ երջանկություն է, որ քո չարչարանքը գնահատվում է, քո պատրաստածը պետք է հագեցնի իրենց: Կարծում եմ` խոհանոցում պատրաստելը ևս հոբբի է, ես շատ եմ սիրում պատրաստել, և համեղ եմ պատրաստում, բայց դա սիրում եմ անել իմ տանը, իմ սիրելի հյուրերի համար: Ամենահեշտ բանն է որևէ ռեստորանից սնունդ պատվիրելը, բայց մեծ հարգանքի նշան է, երբ քո հյուրերի համար ինքդ ես պատրաստում:

-Մանկատան մասին…

– Դեռ 1990թթ.-ից հաճախ եմ գնում Խարբերդի մանկատան մտավոր խնդիրներով երեխաներին հյուր։ Վերցնելով շարժումներն ու խոսքը զարգացնող հատուկ խաղալիքներ, քաղցրավենիքներ` գնում եմ հյուրընկալվելու մանկատան բալիկներին, հաճախ իմ ուսանողները ևս միանում են ինձ:

Ինձ շատ է ուրախացնում նաև որդիներիս այցն ու իրենցից յուրաքանչյուրի անհատական ներդրումները։ Մանուկ հասակում հաճախ նրանք գալիս և պարզապես հետևում էին իմ և այդ երեխաների շփմանը: Դաստիարակության ավելի լավ օրինակ չի կարող լինել, ծնողն ինքը պետք է օրինակ ծառայի իր երեխայի համար, մանկուց սովորեցնի խղճով և օգնող լինել, հարգել դիմացինին: Հատկապես այդ հանդիպումներից հետո ես տեսնում էի տղաներիս կրկնակի սերն իմ նկատմամբ, նրանք հասկանում էին` ես ինչ եմ անում և հպարտանում էինինձնով: Մարդկանց մեջ բարությունը պետք է տարածենք դեռ շատ մանկուց:

Մեր քոլեջի ուսանողների հետ ևս գնում ենք մանկատուն կամ ծերանոց, մտածում էի` թող մի անգամ տեսնեն, մտածեն, որ Աստծո պարգև է, որ իրենք առողջ են ծնվել, ինչպես նաև նորմալ համարեն, որ կան մարդիկ, ովքեր ինչ-որ խնդիրներով են ծնվել, բայց դա իրենց մեղքն ու ընտրությունը չէ: Որպես բուժաշխատող սա շատ կարևոր հատկանիշ է:

-Դուք ընտանիքում սիրելի մայր, անփոխարինելի տատիկ եք Ձեր զավակների համար: Խոսելով Ձեր որդիների մասին՝ նրանց ինչպիսի՞ խորհուրդներ, արժեքներ եք փոխանցում:

-Կինն իր կյանքում շատ դերերում կարող է լինել, բայց ես իմ էությամբ առաջին հերթին մայր եմ: Ինքս ինձ նվիրված և հոգատար մայր եմ համարում և այդ փոխադարձ սերը տեսնում եմ իմ որդիների կողմից: Ունեմ երեք որդի, որոնց մեկ օր անգամ առանց ինձ չեմ թողել` հատկապես մանուկ հասակում: Որքան էլ ծանրաբեռնված եմ եղել աշխատանքով, գիտական գործունեությամբ, ծավալուն դիսերտացիաներով` երբեք աչքաթող չեմ արել և միշտ փորձել եմ բավարար ժամանակ տրամադրել ընտանիքիս:

Ինչպես նշեցի, իմ հայրը շատ մեծ ուշադրություն էր դարձնում մեր կրթությանը, միշտ ասում էր՝դիսերտացիան կպաշտպանես, հետո կտեսնես որքան պետք կգա, և ես արդեն համոզվել եմ, որ ճիշտ էր ասում: Նույն ձևով էլ ես եմ փորձել կրթության հանդեպ սեր սերմանել որդիներիս մեջ:

Որդիներիցս Հրաչն ընտրել է բժշկության ուղին, նրա ուսանողական տարիներին հաճախ ասում էի` «պատիվս չգցես»: Նա ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և հետագայում Առողջապահության ազգային ինստիտուտում անցել Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում, ապա երեք անգամ ծավալուն կուրսերով կրթություն է ստացել նաև Հարվարդի համալսարանում. իր դիսերտացիան արդեն պաշտպանել է: Նա ամուսնացած է, և ի շնորհիվ իր և իր կնոջ` կատարվեց իմ փափագը` ես թոռ ունեցա: Ավագ թոռս Դավիթն է, կրտսերը` Սոֆին: Թեպետ ես երեք որդի ունեմ, բայց իմ թոռ Դավիթին անասելի սիրով եմ սիրում, նրա մեջ եմ ինձ տեսնում, շատ հետաքրքիր է մեր կապվածությունը:Միջնակ որդիս` Արտյոմը, բարի, հոգատար, շատ աշխատասեր մասնագետ է։ Նա այնքան ազնիվ ու պարզ մարդ է, որ, երբեմն զարմանում եմ, թե ինչպես եմ ես իրեն դաստիարակել: Նա հրաշալի միկրովիրաբույժ է, ուսանել է Արտավազդ Սահակյանի մոտ, որին մենք շատ սիրում և հարգումենք: Արտյոմն իր աշխատասիրության շնորհիվ նաևմազի փոխպատվաստման լավագույն մասնագետ է: Նա դիսերտացիան դեռ չի պաշտպանել, բայց ուսումնասիրությունների փուլում է:

Կրտսեր որդիս` Արթուրը, ով մասնագիտությամբ իրավաբան է, արդեն պաշտպանել է դիսերտացիան: Այնուհետև ստացել է նաև առողջապահության համակարգի կազմակերպչի կրթություն և այժմ մեր ակադեմիայի ռեկտորն է: Նա օգտագործելով իր հմտություններն ու կապերը` մեծ ներդրում ունի ակադեմիայի զարգացման, վերանորոգման, վերազինման գործում: Արթուրը ևս ամուսնացած է:

Իմ երեք որդիներն էլ շատ համեստ են, դաստիարակված և բանիմաց մասնագետներ են: Ես հպարտ եմ նրանց ունենալով:

-«ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» համատեքստում հայրենիքն ու ընտանիքը մեկ միասնական արժեհամակարգ է: Դուք ո՞ր արժեքներն եք կարևորում ընտանիքի արժեհամակարգի պահպանման և ո՞ր արժեքները՝ հայրենիքի համար։

-Կարծում եմ՝ վերջին տարիներին աշխարհում շատ է աղավաղվել ընտանիք հասկացողությունը: Հրաշալի կլինի, որ բոլորը սիրո մեջ ապրեն, բայց, ցավոք, այդպես չէ: Այնուամենայնիվ, ես շատ կարևորում եմ հատկապես մոր դերը, ումից շատ բան է կախված, նա է ստեղծում տան ջերմությունը և նա շատ բան կարող է փոխանցել իր զավակներին, պետք է կապող օղակ լինի բոլոր զավակների միջև:

Դեռ փոքրուց երեխային ճիշտ արժեքներ փոխանցելով` սուտը, վիրավորանքը, այլոց վնասելը, մեծամտությունը և նմանատիպ վատ սովորությունները բացառելով` երեխայի մեջ ճիշտ արժեքներ է պետք սերմանել: Երեխան պետք է դաստիարակվի ընտանիքում, այսինքն` ծնողները պետք է ճիշտ արժեքներով ապրեն, որ երեխան նրանցից օրինակ վերցնելով` ճիշտ դաստիարակություն ստանա:

Երեխաները պետք է շատ կապված լինեն իրենց մայրերի հետ, իսկ դրա համար մայրերը մեծ ներդրում պետք է ունենան և հետևողական լինեն։ Ես ցանկանում եմ, որ մեր մայրերը զարգացած լինեն, որ իրենց երեխային ճիշտ ուղղություն ցույց տան, լավը վատից տարբերեն։ Իմ պատկերացմամբ հայրենասիրությունը լավ մայր, լավ զավակ, լավ մասնագետ լինելն է, որ պիտանի լինենք մեր երկրին։ Հայրենասիրությունը միայն խոսքերով, բակում բամբասանք անելով չի լինում։ Հայրենասիրությամբ ևս պետք է օրինակ լինել երեխայի համար։

-Ինչի՞ մասին եք երազում:

-Կյանքին ուղղված մեծ ցանկություններ չունեմ, կարծում եմ՝ մարդկանց ձեռքում է ամեն բան։ Ես Աստծուց խաղաղություն և առողջություն եմ խնդրում, իմ, հարազատների և մեր ողջ ազգի համար, հատկապես՝ երեխաների, որովհետև նրանք պետք է չհիվանդանան։ Երբ բոլորն առողջ են, հանգիստ կարող ենք տրամադրվել աշխատանքին:

Թեպետ տեսակով ռեալիստ եմ, բայց մեկ գաղտնի երազանք ունեմ, որի մասին դեռ չեմ ուզում բարձրաձայնել, գուցե անգամ այն երևակայություն է, բայց վստահ եմ, որ սրտանց հավատալու դեպքում՝ բոլոր երազանքներն ունակ են իրականություն դառնալու։ Երազանքը ձգտման մղում է տալիս, առանց երազելու այնքան անգույն է թվում ամեն բան, բայց իհարկե, դրա իրագործումը մեզնից է կախված։ Եթե միայն երազենք և ոչինչ չձեռնարկենք այն իրագործելու համար, ո՞վ պետք է իրականացնի մեր մտքերը, մենք մեր խելքով ուաշխատասիրությամբ պետք է զարգանանք և իրագործենք մեր բոլոր նպատակներն ու իղձերը։

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

-Տարածել բարություն, լինել մարդ…

 

Հարցազրույցը՝ Ոսկեհատ Պողոսյանի

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest