Կյանքը սիրում է ուժեղներին: Կյանքն այն կռիվն է, որտեղ ոչ ոք իր հաղթանակը քեզ չի տալու՝ դու պիտի հաղթես: Այս բազմիցս կրկնված ճշմարտությունը մեկ անգամ ևս հաստատում է Նարինե Չարչյանը՝ բացառիկ կնոջ իր կերպարով: Եվ այսուհանդերձ կին- գործարարի հաջողության ճանապարհն ուղեկցվել է նույնիսկ անլուծելի թվացող խնդիրներով ու հարթվել միմիայն համբերության, համարձակության և անմնացորդ նվիրվածության շնորհիվ:
Նարինե Չարչյանի կյանքի լավագույն տարիները, որոնք իր խոսքով դեռ առջևում են, կենսագրության տարիները համարեցինք և կոչեցինք լավագույնին հասնելու նախադրյալներ և ամուր հիմքեր ստեղծելու ժամանակաշրջան:
Բացառիկ կնոջ գործունեության մեջ նրա կռահումներն իրենց հուժկու արտահայտությունն են գտել հայկական գործարարության մեջ՝ բիզնես աշխարհը տեղափոխելով ընկալումների ու ըմբռնումների նոր ընթացակարգի մեջ:
Գաղափարական- իմաստային շերտերի մեջ թափանցելու, գործարարությունն իր ծավալներով ու հղացման յուրահատկությամբ ընկալելու ճանապարհին, ակներև է դառնում, որ ամեն բանի հիմքը կարմիր գծով նշմարվում է ճշմարիտ գեղեցիկը:
«Պրեստիժ» ամսագրի զրուցակիցն է «Երկրի դեմք» , «ԵԱՏՄ- երկրների դեմք» ՝ ոսկե մեդալակիր, «Բարի կամքի դեսպան» , «խարիզմատիկ հայուհի» , Բացառիկ կին-գործարար, «The Leader 2023», միջազգային մրցանակակիր, անկրկնելի Նարինե Չարչյանը:
– Սիրելի′ տիկին Չարչյան, նախ շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար: «Պրեստիժ» ամսագիրն ամփոփելով 2023թ.-ը, այս համարում Ձեզ ներկայացնում եք որպես 2023թ. «Տարվա Հեղինակություն», քանի որ Ձեր գործունեության մեջ մշտապես այդ կերպարով եք հանդես եկել: Կխնդրեմ ներկայացնեք՝ ինչպե՞ս հասարակության կողմից ընդունվեցիք որպես հեղինակություն և ի՞նչ արձագանքներ ստացաք:
– Նախ, շնորհակալ եմ «Պրեստիժ» ամսագրին իմ գործունեության գնահատանքի և նման վերնագրի արժանացնելու համար: Առաջնահերթ կցանկանամ նշել, որ հեռվից փայլող հեղինակությունը մեկ օրում չի ստեղծվում, այն, որպես կանոն, ունենում է երկար պատմություն՝ անհարթ ուղիներով անցած ճանապարհ: Իմ գործունեությունը երբեք չի ունեցել միտումներ հեղինակության հասնելու ճանապարհով քայլելու համար և իրականում հնարավոր չէ պլանավորել կամ պատրաստվել դրան, քանի որ ըստ իս, այն մարդուն Աստծուց տրված Աստծու շնորհ է ու հիմնավորված իր էության մեջ:
Հավատացեք, հեղինակություն տանող ճանապարհը եղել է իմ ընտրած ապրելակերպը: Դեռ դպրոցական տարիներին իմ մեջ բոլորը նկատում էին հեղինակություն-աշակերտի բնավորություն և վարքագիծ: Այն ժամանակներում ունեինք օրագիր կոչվող մի տետր, որտեղ յուրաքանչյուրը լրացնում էր նույնատեսակ հարցերի պատասխաններ և իմ մեջ վառ տպավորված է այն օրը, երբ թերթելով այն հանդիպեցի զարմանալի ու չափազանց հաճելի մի երևույթի: Այն հարցին, թե ում կուզենայիք նմանվել, աղջիկների մեծամասնության պատասխանի մեջ գտա իմ անունը, իսկ տղաների պատասխաններում իմ անունը գրված էր իդեալական կնոջ նկարագրության բաժնում: Իմ պատասխանների մեջ որպես հեղինակություն՝ Նիկոլայ Օստրովսկին էր, և այն հարցին, թե ում կցանկանայիք նմանվել, հետաքրքրական է, պատասխանել էի՝ ինքս ինձ: Ամեն անգամ հիշելով այդ պատմությունը, գիտակցում եմ, որ հեղինակությունը մարդու էության հատկանիշներից է, որը գրեթե անհնար է սովորել, ինչպես ընդունված է այսօր՝ այդ մասին գրքեր կարդալով կամ թրեյնինգների մասնակցելով: Հաջողությունը կամ հարստությունը մարդուն դեռ բավարար չեն հեղինակության հասնելու համար: Եվ հետաքրքիրն այն է, որ վերջին շրջանում ինձ տրվող նոմինացիաներում հաճախակի հնչում է հեղինակություն բառը և հիմա ընդգրկել են հազարամյակի կին առաջնորդ նոմինացիայում:
-Արդեն բավականին երկար ժամանակ է, որ ճանաչում ենք Ձեզ և չենք դադարում զարմանալ ու հիանալ Ձեր բացառիկ կանացիության, եզակի քնքուշ կերպարով: Դուք ներկայացնում եք Չարչյան և Ղալումյան գերդաստանը, կխնդրեմ պատմեք Ձեր արմատների և ընտանիքի մասին:
– Այո, Չարչյանների ու Ղալումյանների տոհմածառի պատմությունը հետաքրքիր է, սիրով կկիսվեմ Ձեզ հետ: Նրանց արմատներն Արցախից են, ովքեր հետագայում տեղափոխվել են Տավուշի շրջան՝ Իջևանի Սև քար գյուղ , որտեղ հաստատվել ու ապրել են երկար տարիներ: Հետաքրքիր կանացի կերպար ուներ տատիկս, որ մշտապես ինձ ուղեկցում էր իր օգտակար խորհուրդներով:
– Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ բոլորս գալիս ենք մանկությունից: Հետաքրքիր է՝ ի՞նչ գույներով է հարուստ եղել Ձեր մանկությունը:
– Մանկության տարիներին վառ գույներով հիշողությունների համար պարտական եմ ծնողներիս, որոնց մասին խոսելիս ամեն անգամ Աստծուն փառք եմ տալիս և այդ ամենակարևոր հարցում ինձ բախտավոր համարում: Հոգեբանները միշտ շեշտում են, որ բոլորիս ներքին աշխարհը, մարդկային որակները, բնավորությունն ու սովորույթները ձևավորվում են հենց մանկության տարիներին: Մարդու կյանքում առաջին բախտավորությունն իր ծնողներն են, որոնցից է կախված հետագա կյանքիդ լուսավորությունը: Ես անսահման բախտավոր եմ, որ ծնվել Չարչյանների ընտանիքում և երախտապարտ եմ իմ ծնողներին, ովքեր իրենց խստության մեջ երբեք չեն կոտրել իմ ազատությունն ու ինքնուրույնությունը: Ես մշտապես կարողացել եմ ասել իմ կարծիքը և սովորել եմ որոշումներ կայացնելու արվեստը, ինչը նպաստել է հետագա կյանքում Նարինե-անհատի ձևավորմանը : Իմ և ծնողներիս շփումը մշտապես ուղեկցվել է անգնահատելի խորհուրդներով, սակայն ի վերջո կայացվել են ինձ հոգեհարազատ որոշումներ: Ինչպես նաև մասնագիտության ընտրության հարցում ուղղորդում էին դեպի բժշկություն, բայց իմ սրտի կանչը գնաց ուրիշ ուղղությամբ. կյանքում ամենակարևոր հարցերի ընտրություններն ինքս կայացրեցի:
– Մեզ հայտնի է, որ աշխատել եք դպրոցում որպես մանկավարժ և ունեցել եք հետաքրքիր փոխհարաբերություններ աշակերտների հետ: Կպատմե՞ք այդ տարիների հիշողությունների մասին:
-Այո, հետաքրքիր պատմություններով են ուղեկցվել աշխատանքային օրերս դպրոցում: Նախատեսված վեցամսյա մանկավարժության ժամկետը լրանալուց հետո, շարունակեցի աշխատանքս ևս վեց ամիս, որովհետև աշակերտները դասադուլներ էին կազմակերպում և պահանջում ընկեր Չարչյանի վերադարձը: Ժպիտով եմ անդրադառնում այդ տարվա հիշողություններիս, քանի որ ուսուցիչ – աշակերտ հարաբերություններն այնքան ամուր ձևավորվեցին, որ պահել ենք այդ կապը մինչ այսօր:
– Ինչպես որոշեցիք գործունեություն ծավալել բիզնես ոլորտում:
Ես միշտ սիրել եմ Հայաստանը, շատ հպարտ եմ, որ կարողանում եմ գեղեցիկ ու կոկիկ հետք թողնել իմ հայրենիքում և երախտապարտ եմ ճակատագրին, որ հայ եմ :
– Այն տարիներին նպատակ ունեի ապրելու և աշխատելու Միացյալ Նահանգներում, որտեղ ավելի նպատակահարմար էր զբաղվել բիզնես գործունեությամբ՝ այդ երկրի ազատ և լայն հնարավորությունների շնորհիվ: Ինքս էլ ազատ մտածելակերպ ունեի և այդ ժամանակներում ինձ վանում էին Հայաստանի խորհրդային խստացված կարգերը և մտքերս իրականացնելու երազանքով ձգտում էի ապրել կապիտալիստական հասարակարգում: Հետաքրքիր ու բողոքական կերպար ունեի՝ չհամակերպվելով բարքերի ու կանոնակարգի հետ, մեկնեցի ԱՄՆ և երեք ամիս անց վերադարձա հայրենիք : Ի ուրախություն ինձ, Հայաստանում սկսվեցին փոխվել կարգերն ու փոքրիկ քայլերով մոտենում էինք ազատ տնտեսական հարաբերություններին, որը նպաստեց գործունեությունս ծավալել հայրենիքում: Ես միշտ սիրել եմ Հայաստանը, շատ հպարտ եմ, որ կարողանում եմ գեղեցիկ ու կոկիկ հետք թողնել իմ հայրենիքում և երախտապարտ եմ ճակատագրին, որ հայ եմ :
– Տիկի′ն Չարչյան, Դուք միշտ առաջնորդվել եք ուրույն մտածելակերպով և ձեռագրով: Ինչպիսի՞ կանոններ ունեք բիզնեսում, որոնք տարբերվում են բիզնեսի ընդհանուր դրույթներից:
– Կյանքի բոլոր պարագաներում փորձել եմ ունենալ իմ անհատական վերաբերմունքը՝ լինելով մշտապես տարբերվող կին-գործարար: Առաջնահերթ գնահատել եմ մարդկային որակները, որից հետո փորձել աշխատանքային պրոցեսում հասնել փոխադարձ հասկացողության և մեծ արդյունքների: Պահանջներս կապված են եղել ճշմարտախոսության, ազնվության, աշխատանքի հանդեպ նվիրվածության և մեծ պատասխանատվության հետ: Որպես ղեկավար, կարողանում եմ սխալվելու բազմաթիվ հնարավորություններ տալ աշխատակիցներին և ցուցաբերել ջերմություն, ներողամտություն՝ միևնույն ժամանակ լինելով խստապահանջ և հետևողական յուրաքանչյուր մասնիկին:
– Դուք հասարակությունում հայտնի եք Ձեր գործունեությամբ՝ ընդունված լինելով որպես հեղինակություն բիզնես աշխարհում, և բոլորին հետաքրքրում է՝ ինչպե՞ս է այն արտահայտվում կյանքի այլ ոլորտներում:
Կինը ընտանիքի խորհրդանիշն է՝ սիմվոլը:
– Կնոջ կյանքում ամենածանր աշխատանքը՝ կին լինելն է: Ընտանիքում կնոջ կերպարն ու պահվածքը պիտի լինեն անգերազանցելի և օրինակելի, որին բաժին է հասել ամենամեծ պատասխանատվությամբ դերը: Եվ նա ծով սիրո ու ծով համբերատարության միջոցով միայն կարող է հատել կանացի ու մայրական հեղինակության սահմանը, որի ներսում բոլորն անսահման երջանիկ կլինեն: Կանացի դիվանագիտությունն ու մտքի ուժը պետք է լինեն ի շահ ընտանիքի և ամուսնուն աջակից լինելու համար, բայց ոչ երբեք տղամարդու դիրքը զբաղեցնելու կամ նրան կառավարելու համար: Կնոջ առաքելությունն է լինել ամուսնու ամենամտերիմ ընկերն ու բարեկամը, ում կվստահվեն բոլոր խնդիրները, ով ի զորու է ամեն տեսակի խնդիր հարթել իր կանացի բնությամբ: Քանի որ յուրաքանչյուր տղամարդու ամենաթույլ և ամենաուժեղ կողմն իր կինն է, մեր մեջ պետք է ակներև լինի կանացիության մեծ չափաբաժին, որը մեծ սիրո և գնահատանքի արժանացման օրինաչափությունն է: Պետք է սովորել ճիշտ պահին լռել և այնուհետև գործել կանացի խորիմաստությամբ, բայց ոչ խորամանկությամբ:Կարծում եմ յուրաքանչյուր կնոջ կենսագրության օրինաչափությունն ու առաքելությունն է շարունակաբար լինել ընտանիքի ոգին: Կինը ընտանիքի խորհրդանիշն է՝ սիմվոլը:
Կյանքումս ամենաթանկ բանը, որ բաժանում եմ մարդկանց, դրանք կյանքիս իմ բաժին ժամերն են:
Կյանքում և աշխատանքում բացառել եմ անհնար բառն ու երևույթը՝ փորձելով խնդիրների համար մշակել գոնե երկու լուծման տարբերակ: Մշտապես իմ մեջ փնտրել ու գտել եմ անսովոր ուժ, որով կարողացել եմ շատերին անհնար թվացող հարցերի համար գտնել հնարավոր լուծման տարբերակներ և անցնել առաջ: Բիզնես աշխարհում խելացի որոշումներ կայացնելու ճանապարհին պիտի նաև կարողանաս ժամանակի զգացողությունը չկորցնել ու երբեք չուշանալ: Ինձ հետ համագործակցող մարդիկ գիտեն, որ կարևորագույն որոշումներիս առաջնային նպատակն է՝ չսպասելով վաղվան՝ իրականացնել այն այսօր, եթե նույնիսկ դա շատ թանկ կարժենա, ես չեմ խնայում և, անկասկած, առավել շահում եմ:
– ‹‹Դայմոնդ ›› ռեստորանում տիրում է առանձնահատուկ սիրով լեցուն մթնոլորտ և յուրաքանչյուր հյուրի առաջ դռները բացվում են հայկական հյուրընկալությանը համապատասխան ջերմությամբ: Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր աշխատանքային գործունեությունը:
– ‹‹Դայմոնդ›› ռեստորանի ամեն անկյունում կա իմ շունչը, որովհետև անընդհատ ներկա եմ և մասնակից յուրաքանչյուր կարևոր աշխատանքի, որտեղ անպայման ներդնում եմ իմ սերն ու նվիրվածությունը: Եվ աշխատակիցներն էլ վարակվել են այդ մթնոլորտով ու կարծես ընտանեկան միջավայր են ստեղծել իրենց համար: Փորձում եմ միշտ պահել այն տեմպը, որի արդյունքում խնայվում է այս աշխարհում ամենաթանկ բանը՝ ժամանակը:
-Տիկի′ն Չարչյան, այս տարիների ընթացքում ի՞նչ է տվել Ձեզ կյանքը և ի՞նչ եք տվել Դուք կյանքին:
– Աստծուց տրված կյանքը ինձ տալիս է հնարավորություն սիրելու այդ կյանքը, մարդկանց, աշխատանքը և աշխարհը: Արարելու ունակություն է տրվել, որն անդադար բերում է մոտիվացիայի զգացման, օրինակ ծառայելով քո կատարած քայլերի մեջ: Կյանքը ընձեռում է հնարավորություն վայելելու, բարի գործեր կատարելու, ներելու, ներվելու և սիրվելու համար : Իսկ ես իմ հերթին կյանքին տվել եմ փոխադարձ գեղեցկության զգացում ամեն ինչում՝ արտահայտելով այն իմ բոլոր գործողություներում և շնորհակալության զգացում՝ ընձեռած ամեն օրվա հնարավորության համար:
– Աստված կնոջը ստեղծել է գեղեցիկ և կատարյալ: Ի՞նչ եք կարծում, որն է կատարյալ կնոջ կերպարը:
– Աստված, անկասկած բոլորին՝ կին թե տղամարդ, ստեղծել է գեղեցիկ և կատարյալ, յուրաքանչյուրի մեջ դնելով իրեն հատուկ գեղեցկության ու կատարելության չափանիշներ և արժեքներ: Կատարյալ կինը հավաքական կերպար է, որն իր մեջ ներառում է մարդկային արժեհամակարգի մեծ շղթա, որտեղ յուրաքանչյուր մանրուք կարևորություն է ներկայացնում: Կնոջ կատարելությունը հենց իր գլխում է ստեղծվում և ապա հաստատվում տղամարդու կամ այլոց խոսքերի հիմքով: Յուրաքանչյուր կին գեղեցիկ է, եթե կարողանա իրեն հայելու մեջ գեղեցիկ տեսնել և իր մեջ զարգացնել ամենակարևորը՝ հոգու գեղեցկությունը, որը կարող է սահմաններ չճանաչել: Առաջնային հատկանիշներից է կնոջ խելացի ու բանիմաց լինելու փաստը, ինչն ի զորու է իր շուրջ հավաքել ամենքին՝ ցույց տալու իր հոգու ներդաշնակությունը, գեղեցկությունն ու բարությունը: Եվ այսօր, կարևորում եմ կանացի բնական ու նրբաճաշակ արտաքին տեսքը, որն օրեցօր աղավաղվում է և հեռանում կանացիության չափանիշներից: Առանձնահատուկ ուզում եմ նշել կնոջ ներսից եկող լույսի մասին, որի առկայությամբ է միայն հնարավոր պահպանել և խնամք տանել գեղեցկության նոր որակների համար:
– Տիկի′ն Չարչյան, մեր հասարակությունում Դուք ընդունված եք նաև որպես գեղեցիկ, խնամված և հիացմունքի արժանի կնոջ կերպարով: Որքանո՞վ եք կարևորում այն հաճոյախոսությունները, որ լսում եք ամենօրյա շփման մեջ:
– Այո, իմ կյանքի առօրյայի մի մասն է կազմում հաճոյախոսություններ ու հիացմունքի բառեր լսել մարդկանցից: Ինքս էլ սիրում եմ գովեստի խոսքեր ասել, որը շատ կարևոր շարժիչ ուժ է մարդու համար: Խելացի մարդիկ կարողանում են ճիշտ օգտագործել այն դրական էներգիան, որ ստանում են յուրաքանչյուրի շոյող խոսքերից: Միշտ կարևոր է լսել հաճելի խոսքեր, սակայն պիտի հստակ տարբերակես իրականությունը, որովհետև շատ հնարավոր է դրանք ուղղակի ոգևորող խոսքեր են. դու պարտավորվում ես ամենօրյա աշխատանք տանել ինքդ քեզ հետ ու հասնել այն մակարդակին, որի մասին հաճելիորեն լսում ես: Մեկ խոսքով կարելի է մարդու մեջ շատ գեղեցիկ զգացողություններ արթնացնել, և ես կոչ եմ անում այդպես վարվել յուրաքանչյուրի հետ:
– Դուք սոցիալական հարթակում ունեք բազմաթիվ երկրպագուներ, ովքեր հետևում են Ձեր կյանքին և գործունեությանը: Հետաքրքիր է, ի՞նչ տեսակ դրական և բացասական կողմեր ունի այն:
Սոցիալական հարթակի ակտիվությունս ինձ բերեց նոր գաղափարի, նոր ծրագրի իրականացմանը, որը մշակումերի փուլում է և ունի «կարգավորված կյանքի» խորագիրը:
-Սոցիալական էջս վարում եմ մեծ սիրով և շատ ժամանակ եմ տրամադրում իմ հետևորդներին, կարդում նամակները՝ ողողված սիրով, անկեղծությամբ ու ջերմությամբ: Քանի որ նամակները շատ են, ինձ այդ հարցում օգնում են իմ երկու ադմինները, ովքեր նաև փոխանցում են այն հարցերը, որոնց անձամբ պիտի պատասխանեմ: Շատերը կանացի դիվանագիտական խորհուրդներ են հարցնում, վստահում իրենց խնդիրը և ակնկալում իմ սրտացավ օգնությունը: Իմ սոցիալական էջում կան բազմաթիվ կարճ գրություններ, որոնք շատ սպասված են հետևորդների կողմից և իրենց մեջ ներառում են ճշմարիտ խորհուրդներ, լույսով, հավատով լցվելու ու այսօրը գեղեցիկ ապրելու ուղղորդումներ: Հարկ եմ համարում նշել, որ իմ մոտիվացիայի դաշտում տղամարդիկ նույնպես կան, որոնց կարևոր քայլից առաջ պակասում է վստահությունը և հաճախ մոտիվացիոն մեկ նախադասությունը բավարար է լինում մարդուն որոշում կայացնելու համար: Իսկ ես իմ հերթին չափազանց անկեղծ եմ և ռեալիստական խոսքով ներկա իմ հետևորդների հետ շփման մեջ:
Սոցիալական հարթակի ակտիվությունս ինձ բերեց նոր գաղափարի ծրագրի իրականացմանը, որը մշակումերի փուլում է և ունի «կարգավորված կյանքի» խորագիրը:
Ուզում եմ խոսել մի նախաձեռնության մասին, որի նմանը չկա Հայաստանում և ցանկություն ունեմ այդ փորձը Միացյալ Նահանգներից բերել մեր հայրենիք: Սոցիալական հարթակներում և հոգեբանների սենյակներում քննարկվող անհանգստացնող թեմաների մասին այլևս հնարավոր կլինի խոսել այլ հարթակից: Այն ունի կենդանի շփման կառուցվածք, որի հիմքում մարդկանց պատմությունների ու կյանքի փորձի մասին կքննարկվի մասնագետների կողմից, սակայն նույն պատմությունն ունեցող մարդիկ կունենան հնարավորություն միմյանց հետ շփվելու և խնդրի լուծումները միասին գտնելու:
Սալվադոր Դալին ասում է. ‹‹Միշտ բարձրաձայնիր քո հաջողությունների մասին››: Ես սովորել եմ այդպես արարել ու առաջ գնալ՝ չհավատալով սնահավատությանը, որովհետև լինելու բանը կլինի, մանավանդ՝ եթե դու ջանք գործադրես նպատակիդ հասնելու համար:
– Հայկական մրցանակաբաշխությունների կենտրոնում անընդհատ հնչում է Նարինե Չարչյան անունը և վերջերս բազմաթիվ մրցանակների շարքը համալրվեց. Դուք ստացաք Բացառիկ կին-գործարար 2023 միջազգային մրցանակ, նաև միջազգային Face of country ընկերության կողմից «Անմար աստղ» մրցանակը, կանադական միջազգային «Gold Star of the World»: Ի՞նչ նշանակություն ունեն դրանք Ձեր կյանքում:
– Ճիշտ եք նկատել, որ յուրաքանչյուր տարի մրցանակների շարքը ավելանում է: Իհարկե, դրանք ինձ համար մեծ կարևորություն են ներկայացնում աշխատանքս գնահատականի արժանացնելու տեսանկյունից, քանի որ ամենքիս համար մոտիվացիոն շարժառիթներ են հարկավոր: Եվ անսպասելիորեն հոգիդ ուրախությամբ է լցվում և պատասխանատվության մեծ զգացումով շարունակում ես արժանապատվորեն կրել մրցանակների խորհուրդը:
– Դուք հասարակության մեջ սեր ու բարություն սփռող կնոջ կերպարով եք ներկայանում: Ի՞նչ է սերը Ձեզ համար:
– Սերն ինձ համար կյանք է՝ իր բոլոր ճյուղավորումներով հանդերձ: Սիրո բոլոր դրսևորումների շարքում ամենահզոր զգացումը մայրական սերն է դեպի զավակները, որ չի ճանաչում սահմաններ և պայմաններ և, իհարկե, ճշմարիտ սերն առ Աստծված, ով մեր մեջ դրել է սիրելու հրաշք ունակությունը՝ իմաստ հաղորդելով մեզ տրված կյանքին : Այդ կյանքն օրինաչափ է դառնում կնոջ և տղամարդու միջև սիրո լույսով, որը ծնում է ցանկություն ունենալ շարունակություն ամենագեղեցիկ ու կատարյալ դրսևորմամբ՝ ընտանիք կազմելով, զավակներ ունենալով: Ես հավատում եմ, որ սերը մեզ տալիս է հնարավորություն հայելային արտացոլմամբ ինքներս մեզ ճանաչելու, զգալու և տեսնելու համար: Եվ որքան գեղեցիկ են այդ զգացողությունները, այնքան ճշմարիտ է ընտրությունդ, որի հիմքում պիտի լինի սրտի և գիտակցության փոխկապակցված համաձայնությունը:
– Տիկի′ն Չարչյան, քանի որ Ձեր անվան շուրջ միշտ պտտվում է հաջողակ կին արտահայտությունը, կխնդրեմ ներկայացնեք ինչ է հաջողությունը Ձեզ համար:
Հաջողությունը չեն բաժանում , հավատացեք՝ ոչ ոք հեշտությամբ չի հասնում արդյունքի:
– Իմ մեջ անսահման սեր կա, որով ապրում եմ յուրաքանչյուր օրը, վայելում տրված պահը և հենց դա է իմ երջանկության գաղտնիքը: Հաջողությունը չեն բաժանում և հավատացեք՝ ոչ ոք հեշտությամբ չի հասնում արդյունքի: Հնարավոր է շատերին թվում է, թե հաջողությունն ինձ ժպտացել է ու ես պարզապես բախտավոր աստղի տակ եմ ծնվել՝ չհանդիպելով մեծ խնդիրների: Սակայն ճշմարտությունն այլ է. հավատացեք, իմ ձեռքբերումների և գրանցած հաջողությունների ետևում կա մեծ պայքար՝ անհաղթահարելի թվացող խնդիրերի շարքով, որոնք լուծվել են միմիայն աշխատասիրության ու անկոտրում կամքի շնորհիվ: Իհարկե, համարձակություն է պետք որոշում կայացնելու և առաջին քայլն անելու համար, սակայն բավարար չէ միայն համարձակությունը, այն իրենից հետո ենթադրում է մեծ պատասխանատվություն, որի գիտակցումն ամենքին տրված չէ և, երբեմն խելացի ու հեռատես մարդիկ կարող են պակաս համարձակ թվալ, քան մյուսները, որոնք բարձր գիտակցման շնորհիվ չեն մոտենում այդ քայլին: Համարձակության կարևորագույն դրսևորումներից է մարդկանց սիրելը՝ հաշվի առնելով անհատի զգացողությունը, հարգելը դիմացի մարդու ընտրությունը, սխալն ընդունելն ու ներողություն խնդրելը, ճշմարտության աչքերին նայելով՝ չզբաղվելով ինքնախաբեությամբ ու, վերջապես, ազնիվ լինելն ինքդ քո, և ամենքի առաջ:
– Համաձա՞յն եք այն արտահայտության հետ, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը:
– Ամեն օր լսում եմ այդ արտահայտությունը, սակայն չեմ կարծում, որ այն բավարար է աշխարհը փրկելու համար: Համոզված եմ, գեղեցկությունից առաջ կան ուրիշ արժեքներ՝ սիրո, բարության, նվիրվածության, պատվախնդրության կողքին է միայն հնարավոր ասել, որ գեղեցկությունը կարող է փրկել աշխարհը:
– Հետևելով Ձեր սիրելի արտահայտություններին, առանձնացրել ենք հետաքրքիր մեկը և կխնդրեմ մեկնաբանեք ինչ է նշանակում այն: «Մարդն ունի երկու կյանք, երկրորդը սկսվում է այն ժամանակ, երբ հասկանում ենք, որ կյանքը մեկ անգամ է տրված»: Հետաքրքիր է, ե՞րբ և ինչպե՞ս հասկացաք այդ մասին:
– Գուցե զարմանալի կթվա, բայց այս ամենի մասին ես հասկացել եմ դեռ քսան տարի առաջ, երբ կյանքի դժվար փուլում էի հայտնվել: Այո, կյանքը մեկն է և այդ բարձր գիտակցությունը քեզ տանում է մի ճանապարհով, որտեղից դու սկսում ես նոր՝ երկրորդ կյանքը և առաջնահերթ սկսում ես ապրել ինքդ քեզ համար: Գոհանում ես տրված յուրաքանչյուր օրվա համար ու փորձում շատ սիրել ինքդ քեզ, որից հետո աշխարհը նույնպես սկսում է սիրել քեզ: Մեր պահպանողական և ավանդապաշտ հասարակությունը մեծամասամբ իր կյանքը նվիրում է հանուն որևէ արժեքի, որոնց շարքը չի վերջանում, իսկ կյանքը պարզապես վերջանում է: Հարկավոր է ճիշտ ժամանակին հասկանալ, բաց չթողնել, քեզ տրված օրերի ու ժամերի տերը լինել:
– Բազմիցս ուսումնասիրելով Ձեր կենսագրությունը, ակներև է դառնում հայրենասիրությունը, որը տարիներ շարունակ ապացուցել եք կատարած գործով: Ձեր գործունեությունը մշտապես ծավալել եք Հայաստանում ՝ փոխարենը կարող էիք արտասահմանում ավելի մեծ արդյունքներ գրանցել:
– Իսկապես դա է ճշմարտությունը: Անկեղծ ասած, ես զարմանում եմ և չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր անդադար ձգտում են ավելի շատ գումար աշխատելուն: Ամեն բան պետք է ունենա իր սահմանները և հենց դրա մեջ է կյանքի օրինաչափության գեղեցկությունը: Յուրաքանչյուր անգամ կատարած աշխատանքին նվիրվելուց առաջ, չեմ մտածել շահույթի, գնահատանքի մասին և մինչ այսօր էլ իրականացնում են այն ամենը, ինչը կարևոր եմ համարում:
– Տիկի′ն Չարչյան, բարեմաղթանքի խոսք ունե՞ք մեր հասարակությանը, որոնց լայն զանգվածները հետաքրքրված են Ձեր գործունեությունով և գնահատանքի արժանացնելով կատարած աշխատանքները՝ ակնկալում են փորձի փոխանակում:
— Կոչ եմ անում իմ հայ հասարակությանը լինել սիրով լցված ամենքի նկատմամբ, որովհետև յուրաքանչյուրս ունենք թերություններ և մեր առաքելությունն այս կյանքում ուրիշների թերությունները բացահայտելը չէ, ընդհակառակը՝ ամենքի մեջ իրեն տրված բաժին լավն ու գեղեցիկը տեսնելն է: Կյանքում կարևորագույն զգացումը շնորհակալ լինելն է՝ առ Աստված, ծնողներին, հայրենիքին, այն հասարակությանը, որում ապրում ես և որի մի մասնիկն ես կազմում:
Շատ եմ սիրում Հայաստանը և մեծ ցավով եմ նայում մեզանում սիրո ու համախմբվածության պակասից առաջացող խնդիրներին: Ի վերջո, սիրո դրսևորումներից մեկն էլ համբերությունն է, որը շատ է պակասում մեզանում, որի շնորհիվ կարող էինք անլուծելի թվացող հարցերում խոնարհաբար հաղթանակել:
Իմ սերը հասարակության հանդեպ, նախ և առաջ իմ հոգու հանգստության համար է և երբեք՝ ոչ մրցանակների ու բարձր խոսակցությունների: Բարեգործությունը սիրում է լռություն: Օգնելով երեխաներին, ծերերին, սահմանամերձ բնակչությանը՝ դա ընկալում եմ ոչ թե որպես հպարտության իրավունք, այլ պարզ մարդկային պարտավորություն:
Իմ հայրենիքի համար խաղաղություն եմ խնդրում և երազում: Սիրում եմ բոլորին և այդ սերն ապացուցում ամենակարևոր դրսևորումներից մեկով՝ անկեղծությամբ:
– Գործարար կնոջ կյանքում ինչպես է ձևավորվել ընտանիքի մոդելը:
Ընտանիքը ինձ համար գաղափար է և ես երջանիկ եմ այդ գաղափարի շուրջ:
– Ամուսինս եղել է ոչ միայն սիրելի զուգընկեր, այլև անսպառ ուժ ու հենարան ինձ համար, հրաշալի հայր մեր զավակների համար: Ամուսնուս հետ դաստիարակել ենք կիրթ, հայրենասեր, հայրենիքին նվիրված մարդիկ: Մի՞թե սա չէ իմ գլխավոր ձեռքբերումը: Երկուսն էլ բարձրագույն կրթություն ունեն և իմ օրինակով զբաղվում են գործարարությամբ: Հպարտանում եմ նրանցով և հաճախ ինքս եմ խորհուրդներ լսում տարբեր հարցերի շուրջ: Այժմ ես երկու տարեկան հրաշք աղջնակի տատիկ եմ, ով չափազանց նման է ինձ և նրա մեջ տեսնում եմ իմ մանկությունը: Հիանում եմ նրա խելացի պահվածքով, յուրահատուկ բնավորությամբ և հետաքրքիր աղջկական տեսակով: Մեր ընտանիքում միշտ եղել է ջերմ, ընկերական, մտերմիկ մթնոլորտ:
Սիրում եմ պատրաստել ընտանիքիս համար և կարծում եմ ընտանեկան ամուր կապերի զարգացման համար մեծ նշանակություն ունի միասին սեղան նստելը, որտեղ երբեք չեն խոսում այլ գործից: Ուզում եմ նշել, որ խոհանոցն իմ տարերքն է և կարող եմ ասել, որ համեղ պատրաստելը ժառանգել եմ իմ մայրիկից: Ընտանիքն ինձ համար գաղափար է և ես երջանիկ եմ այդ գաղափարի շուրջ:
– Տիկի′ն Չարչյան, ո՞րն է Ձեր ամենասիրելի տոնը, և ինչպե՞ս եք անցկացնում այդ օրը:
– Իմ ամենասիրելի տոնը Սուրբ Ծնունդն է՝ Քրիստոսի ծննդյան օրվա խորհրդով:
Այդ օրը, եթե նույնիսկ հայրենիքում չլինեմ, անպայման վերադառնում եմ, տոնը Հայաստանում նշելու համար: Ինքս հոգ եմ տարել, որ իմ ընտանիքում նույնպես ընկալվի և ընդունվի այս տոնի խորհուրդն ու կարևորությունը:
– Եվ վերջում, ի՞նչ նվիրական երազանքներ ունեք:
– Նվիրական երազանքս՝ մեր երկրի հարատև խաղաղությունն է, և ոչ միայն մեր հայրենիքում, այլև ամբողջ աշխարհում: Եվ միակ ճանապարհը դեպի խաղաղություն՝ դա սերն է, որ յուրաքանչյուրս պարտավոր է նվիրել իր հայրենիքին և աշխարհին: Մենք պիտի փնտրենք խաղաղությանը՝ ընդառաջ գնալով նրան, այն գտնենք մեր ներսում և ապա լույսի նման տարածենք աշխարհով մեկ:
Մարդը միշտ պայքարում է ինքն իր մեջ, իր ներսում: Մարդն իր մեջ պետք է ապրեցնի հավատը, առանց որի կկորչեն մարդկության ինքնությունն ու ոգևորումների հիմքը հանդիսացող երգն էլ, ծիծաղն էլ, սերն էլ, կյանքն էլ…
Անձնական ցանկություններիս շարքում առաջնահերթությունը տրված է շատ թոռներ ունենալու մտքին, քանի որ սերս, հոգատարությունս թոռնիկներիս նվիրելու մեծ սպասումով եմ լցված: Աստծո օրհնությամբ՝ թող կատարվեն:
Հարցազրույցը՝ Նոնա Թելոյանի