Իմ ամենաճշմարիտ ճշմարտությունը՝ հավատն է առ Աստված. Ռոզա Ծառուկյան

«Աշխարհը նման է մեղվաբնի։ Եթե դու բարիք ես ստեղծում, քո կյանքը դառնում է մեղրով լի փեթակ, որից շռայլորեն բաժին ես հանում հարազատիդ, բարեկամիդ, ծանոթ ու անծանոթ հայրենակցիդ, ու փառք ես տալիս Բարձրյալին, որ քեզ ստեղծել է հենց այնպիսին, ինչպիսին կաս։ Եվ թերթելով քո կենսագրության 90-ամյա մատյանի ամեն մի էջը, յուրովի ես արժեւորում այն փշոտ ճանապարհը, որով քայլել ես դժվարությամբ, բայց արժանապատվորեն. քայլել ես ոչ թե պարզապես անցնելու, այլ վեր բարձրանալու եւ քո լուսավոր հետքը թողնելու համար» – այդ հետքն ունի լուսավոր անուն՝ Ռոզա Ծառուկյան։

«Պրեստիժ» ամսագրի հյուրն է «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ՀՀ մեղվաբուծության ասոցիացիայի նախագահ, ՀՀ ֆերմերների ազգային միավորման նախագահ Ռոզա Ծառուկյանը:

Իմ լույսն իմ հավատքն է առ Աստված:

Երբ հասնում ես ինչ-որ կետի ու հետ ես նայում, հասկանում ես, որ քո ներկայի համար պարտական ես անցյալիդ։ Անցյալդ պիտի այնքան մաքուր ու ճիշտ լինի, որ խիղճդ թույլ տա ներկադ վայելել:

Ես իմ հաջողությունների մեծ մասը վերագրում եմ իմ որդուն, իմ հարսին, իմ ամուսնուն, որովհետեւ ընտանիքն է այն ամուր սյունը, որի վրա կարող ես հենվել եւ վեր բարձրանալ։

Մարդն էլ մեղվի պես պիտի բարիք ստեղծի, պիտի քաղի կյանքի նեկտարը ոչ միայն իր, այլեւ իրեն շրջապատողների համար։

Կյանքը հեշտ չի տրվում մարդուն, մարդ պիտի կարողանա ամեն ինչի միջից դուրս գալ՝ առանց Աստծո դեմ չարանալու: Պետք է գոհանալ, փառք տալ ու առաջ շարժվել:

Մեղրիի դեղին մեղուն բացառիկ ցեղատեսակ է եւ հավասարազորը չունի աշխարհում: Այդ ցեղատեսակի պահպանման եւ բազմացման կարեւորագույն գործը եւս դարձավ իմ մասնագիտական գործունեության գլխավոր վեկտորներից մեկը:

Առաջին մեդալիս արժանացել եմ 1999 թ. օգոստոսի 31-ին: Այն ասես իմ քրտնաջան աշխատանքի առաջնեկը լիներ:

Մարդն էլ մեղվի պես պիտի բարիք ստեղծի, պիտի քաղի կյանքի նեկտարը ոչ միայն իր, այլեւ իրեն շրջապատողների համար։ Եվ դա պետք է անի խիստ կանոնակարգված՝ առանց վնասելու, առանց ետ ու առաջ ընկնելու։

Ես չեմ ափսոսում իմ ապրած կյանքի համար. չեմ ափսոսում, որ ապրել եմ այնպես, ինչպես ապրել եմ։

Հայ մայրերն աշխարհի ամենանվիրված մայրերն են։ Ես չգիտեմ մեկ այլ ազգ, որտեղ մայրն այդպես անմնացորդ ապրի իր երեխաներով, իր ընտանիքով։

Իմ խորհուրդներն ու խրատները միշտ ծառայել են իրենց նպատակին։

Թող հայ մայրերն իրենց կյանքի իննսունամյա բարձունքից խոսեն միայն իրենց ստեղծած բարիքի, թողած հետքի, իրենց զավակների հաջողությունների, թոռների ու ծոռների, իրենց երջանիկ ընտանիքների մասին:

Իմ հարստությունն իմ ընտանիքն է` զավակներս, թոռներս, ծոռներս։

-Տիկի՛ն Ռոզա, եթե հետ նայենք Ձեր ապրած կյանքի 90-ամյա բարձունքից, ո՞րն է այն լույսը, որը շարունակում է փարոս լինել Ձեզ համար։

-Իմ լույսն իմ հավատքն է: Մարդն ինչքան էլ մեծանա, ինչքան էլ բարձունքների հասնի, պետք է միշտ հիշի, որ Աստված է ստեղծել իրեն ու պիտի ապրի աստվածահաճո կյանքով: Ամբողջ կյանք եմ ապրել ու Աստծուց շնորհակալ եմ, որ դեռ շունչ ունեմ: Երբ հետ եմ նայում իմ 90 տարիների անցած ճանապարհին, ունեցել եմ թե՞ դժվարություններ, թե՞ ծանր աշխատանք, և թե՞ վաստակիս պտուղները վայելելու տարիներ: Եվ գիտե՞ք, այս կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում: Երբ հասնում ես ինչ-որ կետի ու հետ ես նայում, հասկանում ես, որ քո ներկայի համար պարտական ես անցյալիդ: Անցյալդ պիտի այնքան մաքուր ու ճիշտ լինի, որ խիղճդ թույլ տա ներկադ վայելել: Երբեմն, անցյալում լինում են պահեր, որոնց մասին դու նույնիսկ չես հիշում: Բայց գալիս է ժամանակը, և դու քաղում ես քո արածի թեկուզ փոքրիկ, բայց շատ հաճելի պտուղները: Մի դեպք պատմեմ. Տասնչորս տարի առաջ «Նեկտար» ընկերության գլխավոր հաշվապահն էի: Մի օր դուռը ծեծեցին, ներս մտավ մի առնական, գեղեցիկ տղամարդ, ասացի՝ համեցեք, նստեք;
Նստեց, նկատեցի, որ աչքերը կարմրած են: Ասաց.
-Տիկի՛ն Ռոզա, երեք օր է՝ ես փորձում եմ հանդիպել Ձեր որդուն, բայց ոչ մի կերպ չի ստացվում, այսօր վերջին օրն է, և ինձ համար ճակատագրական օր է: Ես օպերային երգիչ եմ: Երկու քննություն եմ հանձնել Իտալիայում՝ Լա Սկալայի հանձնաժողովին, մնացել է մեկ քննություն, բայց գումար չեմ գտնում: Մշակույթի նախարարը միայն ինքնաթիռի տոմսի հարցն է հոգացել, իսկ կացության համար գումար չի հատկացվել, և հիմա կանգնած եմ փաստի առաջ:
Մի խոսքով, Երևանում դիմել էր շատ գործարարների, բայց որևէ մեկից աջակցություն չէր ստացել։ Վերջին հույսը որդիս էր, այն էլ ոչ մի կերպ չէր կարողացել հանդիպել: Աշխատողներից մեկը, տեսնելով տղայի վիճակը, ուղղորդել էր նրան ինձ մոտ:
-Վերջին հույսս Դուք եք, եթե Դուք էլ չօգնեք, ապագաս կկորցնեմ:
Եվ որպեսզի համոզված լինեմ, որ իսկապես լավ տվյալներ ունի, և իրոք, Լա Սկալա է գնալու, սկսեց երգել:
Ամբողջ հիմնարկով ձայնը զրնգում էր, աշխատակիցները հարցնում էին միմյանց՝ Ծառուկյանի մոտ ո՞վ է երգում։ Իսկապես, շատ լավ էր երգում:
Երիտասարդին որոշակի գումար էր անհրաժեշտ իր նպատակին հասնելու համար, և ես սիրով աջակցեցի նրան:
Մի մասն ասում էր՝ խաբեց, մյուս մասն ասում էր՝ ձայնը զրնգում էր, չէր խաբի: Երկու ամիս անց եկա գրասենյակ, տեսա «Բրաբիոն ֆլորա սերվիս»-ի վարդերի կոմպոզիցիա, խմիչք ու քաղցրավենիք է դրված սեղանիս: Ընդունվել էր, եկել էր շնորհակալություն հայտնելու, բայց ես սարում էի եղել, ֆերմայում: Այդպես էլ գնաց, և տասնչորս տարի էլ որևէ լուր չունեի: Միայն գիտեի, որ ընդունվել է ու տեղափոխվել։ Այս տարի թերթում եմ «YouTube»-ը, մեկ էլ տեսնեմ՝ մի տղա է երգում. զգացի, որ ձայնը ծանոթ է, նայեցի՝ տեսնեմ ինքն է: Ու անկեղծ բավականություն զգացի, որ կարողացել եմ իմ ներդրումն ունենալ հայ տաղանդավոր մարդու կայացման գործում:

-Որտե՞ղ է ամենաերջանիկն ու հաջողակը՝ Ռոզա Ծառուկյան մայրը, տատը, սկեսուրը, բիզնես տիկինը։

-Իմ կյանքի բոլոր էջերը կարելի է ասել այնքան են սերտաճել միմյանց, որ դժվար կլինի տարանջատել դրանք: Ես մի ամբողջություն եմ, և Ձեր թվարկածներից որն էլ պակասեր, լիարժեք չէի լինի: Ես երջանիկ եմ թե՛ որպես սիրված մայր և տատ, թե՛ որպես հարգված ու գնահատված սկեսուր, թե՛ որպես մարդ, ով կարողանում է բարիք գործել, մարդկանց օգտակար լինել: Մարդը երջանիկ է, երբ իրեն պիտանի է զգում, իհարկե, դա հեշտ չի տրվում, որովհետև դու հաճախ ստիպված ես լինում զոհողությունների գնալ, որպեսզի բարիք գործես: Ես իմ հաջողությունների մեծ մասը վերագրում եմ իմ որդուն,  իմ հարսին, իմ ամուսնուն, որովհետև ընտանիքն է այն ամուր սյունը, որի վրա կարող ես հենվել և վեր բարձրանալ։ Դե, մայր լինելը բոլորովին այլ բան է. դա ոչ մի կարգավիճակի հետ չես համեմատի: Զավակդ ծնվեց, դու ապրում ես ամեն պահի նրա համար աղոթելով£ Հավատն Աստծո հանդեպ իմ կյանքի ամենամեծ ուղեկիցն է եղել: Ցանկացած բան այս կյանքում կարող է տեղի ունենալ միայն Աստծո կամոք: Եվ դեռ մանկուց կյանքն անընդհատ ցույց է տվել, որ դա այդպես էլ կա:

-Ասացիք, որ Ձեր ծննդավայրը Զովքն է: Իսկ ու՞ր են տանում Ձեր արմատները:

-Ես ծնվել եմ գաղթականի ընտանիքում: Հայրս Ալաշկերտից էր, մայրս՝ Ղարաքիլիսայից։ 1915 թ. մեր ընտանիքը եղեռնից փրկված շատ ընտանիքների նման եկել, հաստատվել էր այստեղ: Ինչպես յուրաքանչյուր գաղթած հայ, հայրս ևս կարոտով սպասում էր իր տուն վերադառնալու օրվան: Չկարողացավ: Բայց ես հորս առաջ հոգու պարտք ունեի, ու տասնամյակներ հետո գնացի Ալաշկերտ: Գտա հորս տունը, այգին: Խնձորենիները, թեև անխնամ էին, բայց բերք էին տվել: Երեք խնձոր քաղեցի, հող վերցրեցի, բերեցի, հասցրեցի հորս: Մուրադ գետից էլ ջուր բերեցի մորս համար: Ասես ուզում էի այդպիսով սիրտս զովացնել:

-Ձեր ապրած իննսուն տարիների մեջ ինչպիսի՞ ճշմարտություններ եք Ձեզ համար բացահայտել:

-Իմ ամենաճշմարիտ ճշմարտությունը հավատն է առ Աստված: Ես միշտ առաջնորդվել եմ իմ խղճով, երբեք չեմ վնասել, երբեք ոչ մեկի խնդրանքը չեմ մերժել, աշխատել եմ գրասենյակում, եղել եմ կոլտնտեսության կոմսոմոլի քարտուղար, կադրերի բաժնի վարիչ, տնօրենի քարտուղար, հաշվետար, գանձապահ, մի խոսքով՝ անցել եմ դժվար ճանապարհ, բայց երբեք չեմ տրտնջացել, համարել եմ՝ որ դա ինձ ի վերուստ է տրված, և մինչ այսօր էլ այդպես եմ մտածում:

-Կյանքը պայքար է և փաստորեն նույնիսկ ծնված օրից Դուք այդ պայքարի մեջ եք եղել։

-Ես պայքարի մեջ միշտ եմ եղել: Կյանքը հեշտ չի տրվում մարդուն, մարդ պիտի կարողանա ամեն ինչի միջից դուրս գալ՝ առանց Աստծո դեմ չարանալու: Պետք է գոհանալ, փառք տալ ու առաջ շարժվել: Սա է դժվարությունները հաղթահարելու միակ ճանապարհը:

-Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են շրջադարձային պահեր։ Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենամեծ և ամենակարևոր շրջադարձը։

-Թերևս, ամենաշրջադարձային տարեթիվն իմ կյանքում 1964 թվականն էր, երբ ես մտա մեղվաբուծության անսահման աշխարհ: Այն ժամանակ չէի կարող մտածել, որ ես կանգնած եմ իմ իսկական առաքելության ճամփաբաժանում ու մի ամբողջ կյանք պիտի նվիրեմ հայրենական մեղվաբուծության կայացմանն ու զարգացմանը: Մասնագիտական փորձառությունս սկսվել է Մեղվաբուծական գիտահետազոտական կայանում, որտեղ շուրջ 25 տարի աշխատել եմ՝ որպես գլխավոր հաշվապահ: Այնուհետև 1988թ.-ից տեղափոխվել եմ «Նեկտար» գիտաարտադրական միավորում, որի հարկի տակ գործում էր պետական կարգավիճակ ունեցող հինգ կոլտնտեսություն, մեկ մայրաբուծարան, և Մեղրիի փորձարարական բազան: Այստեղ անցկացրած աշխատանքային ինը տարիներն առանձնահատուկ եղան թե՛ ինձ համար, և թե՛ մեղվաբուծության հետագա զարգացման:
Այդ ժամանակահատվածում Մեղրիի շրջանի Կարճևան գյուղի հարակից հատվածից հողատարածք հատկացվեց Մեղրիի դեղին մեղուն ուսումնասիրելու համար: Արդյունքում պարզվեց, որ Մեղրիի դեղին մեղուն բացառիկ ցեղատեսակ է և հավասարազորը չունի աշխարհում: Եվ այդ ցեղատեսակի պահպանման և բազմացման կարևորագույն գործը ևս դարձավ իմ մասնագիտական գործունեության գլխավոր վեկտորներից մեկը:
1997թ. ապրիլի 1-ին, նշանակվելով որպես մեղվաբուծական գիտահետազոտական կայանի արտադրության գծով տնօրենի տեղակալ, ես իմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրի մեղվաբուծական մայրաբուծարանի զարգացման վրա:
Մեղրիի փորձարարական բազայի զարգացումն ինձ համար առաջնային կարևորություն ուներ, որովհետև հետխորհրդային շրջանում այդ բազայից ոչինչ չէր մնացել՝ այգու ծառերն ամբողջությամբ չորացել էին, մեղվաընտանիքները՝ անկել: Եվ այս ամենը վերականգնելն ինձ համար ինչ-որ տեղ մասնագիտական պատվի խնդիր էր: Ընկերության սեփականաշնորհումից հետո ես կարողացա իրականացնել իմ ծրագրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցով: Իսկ դրանք մեծ ու հավակնոտ ծրագրեր էին, որոնց ցանկում էր նաև Մեղրիի դեղին մեղուն պահպանելն ու համաշխարհային մեղվաբուծությանը ճանաչելի դարձնելը:
Դեռ 1973թ., երբ արժանահիշատակ դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Կոթողյանը բացահայտեց, որ Մեղրիի դեղին մեղուն յուրահատուկ, բացառիկ մեղվատեսակ է, ես որոշեցի շարունակել իմ վաղամեռիկ ընկերների աշխատանքը՝ պահպանելով այն՝ որպես ցեղատեսակ: Որպես տնտեսության սեփականատեր՝ առաջնորդվեցի նրանց ծրագրերով՝ կազմակերպելով գիտահետազոտական աշխատանքներ, ներգրավելով ասպիրանտներ, ովքեր կատարեցին լուրջ ուսումնասիրություններ և ստացան մեղվաբույծի գիտական աստիճան: Մոտ հինգ տարի առաջ Մեղրիի դեղին մեղուն և նրա ֆիզիոլոգիական հատկությունները սկսեցին ուսումնասիրել նաև Եվրոպայում:
Մի խոսքով, օր օրի «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի կենսագրությունը ձուլվեց իմ կենսագրությանը, և դարձավ այն խորհրդանշական մեղվաընտանիքը, որտեղ յուրաքանչյուրն իր մասնագիտական ներուժն է դնում, և որի հաջողությունների քաղցր պտուղները տարածվելով աշխարհով մեկ, ամեն օր ինձ բերում են այն մեծ բերկրանքը, որը կարծում եմ իմ տասնամյակների նվիրումի արդար հատուցումն է: Այդ գնահատանքի արդյունքն են նաև իմ բազմաթիվ մեդալներն ու պատվոգրերը։
Առաջին մեդալիս արժանացել եմ 1999 թ. օգոստոսի 31-ին: Այն ասես իմ քրտնաջան աշխատանքի առաջնեկը լիներ: Այսօր չեմ կարող ասել՝ քանի վաստակած մեդալ ու պատվոգիր ունեմ՝ աշխարհի տարբեր երկրներում կայացած էքսպոներից ու ցուցահանդեսներից, մեր երկրի բարձրագույն ղեկավարությունից։ Դրանցից յուրաքանչյուրը վկայությունն է իմ անհանգիստ, պրպտող, արարող էության:

-Ձեր աշխատասիրությունը, Ձեր բարությունը, Ձեր ազնիվ, բարոյական կերպարը ոգևորիչ է։ Իսկապես Դուք կին լեգենդ եք, և օրինակ եք շատ հայ աղջիկների ու կանանց համար։

-Գտե՞ք ինչ հետաքրքիր փիլիսոփայություն կա մեղվաընտանիքի մեջ՝ սկսած մայր մեղվից մինչև օրնիբուն աշխատող, նեկտար հավաքող մեղուների վարքագիծը։ Դա ինձ համար անվերջանալի բացահայտումների աշխարհ է, որը ուղիղ համեմատական է մարդկային կյանքի տարբեր դրվագներին։ Եվ, այո, մարդն էլ մեղվի պես պիտի բարիք ստեղծի, պիտի քաղի կյանքի նեկտարը ոչ միայն իր, այլև իրեն շրջապատողների համար։ Եվ դա պետք է անի խիստ կանոնակարգված առանց վնասելու, առանց ետ ու առաջ ընկնելու։
Ես չեմ ափսոսում իմ ապրած կյանքի համար. չեմ ափսոսում, որ ապրել եմ այնպես, ինչպես ապրել եմ։ Մարդ պիտի բարիք սերմանի, չարություն չունենա։ Ես միշտ աշխատել եմ իմ ունեցածից բաժին հանել մարդկանց։ Երբ ինչ-որ հագուստ եմ գնել, չեմ մտածել, որ դրանից միայն ես հագնեմ, ես ցանկացել եմ, որ բոլորն ինձ նման հագնվեն, ունենան այն ամենը, ինչ ես ունեմ, ես ուրախացել եմ ուրիշի ունեցածով։

-Մարդ պիտի ինքն իր խղճի հետ խաղաղ ու ներդաշնակ լինի։ Դուք Ձեր խղճի հետ խաղաղ ե՞ք:

-Ինքս վատ բան չեմ արել, փոխարենը՝ ներող եմ, եթե ինձ ցավեցնում են, ես ինչ-որ լավ բան եմ անում, և խիղճս հանգստանում է։ Ես խաղաղ մարդ եմ, երբեք կռիվ չեմ սիրել։ Վատ բանից, իհարկե, նեղվում եմ, բայց իմ մեջ եմ պահում, երբեք չեմ միջամտում։ Փոխարենը սիրում եմ ձեռագործով զբաղվել։

-Ձեռագործությունը Ձեր հոբբի՞ն է:

-Այո՛։ Առանց դրա ես չեմ կարող: Գործելուց չեմ հոգնում. եթե զգում եմ՝ մատներս թմրում են, մի քիչ դադար եմ տալիս, հեռուստացույց նայում, նորից սկսում գործել։ Հինգ-վեց ժամ կարող եմ նստել իմ սենյակում, զբաղվել իմ սիրած գործով։ Չեմ սիրում մտնել կենցաղային հարցերի մեջ, խառնվել ներքին խոհանոցին, շատ հարցերում մի կողմ եմ կանգնում, որովհետև համոզված եմ՝ երիտասարդները շատ ավելի լավ գիտեն իրենց անելիքը։

-Իսկ Ձեր խորհուրդնե՞րը, խրատնե՞րը։

-Իմ խորհուրդներն ու խրատները միշտ ծառայել են իրենց նպատակին: Ինչպես բոլոր մայրերն ու տատիկները, ես ևս աշխատում եմ իմ երեխաներին, թոռներին ու ծոռներին  ճիշտ խրատներ տալ։

-Ձեր տարիները Ձեր հարստությունն են: Իսկ ո՞րն է Ձեր տարիների ամենամեծ հարստությունը։

-Իմ հարստությունն իմ ընտանիքն է` զավակներս, թոռներս, ծոռներս: Ութ թոռ, քսանչորս ծոռ ունեմ։ Բոլորի մեջ ինձնից մասնիկ կա՝ թե՛ բնավորությամբ, թե՛ արտաքինով, թե՛ շարժուձևով, թե՛ սովորույթներով. յուրաքանչյուրը յուրովի նման է ինձ։ Անչափ սիրում եմ բոլորին, ամեն մեկին՝ յուրովի, երեխաները բոլորն էլ առանձնահատուկ են ինձ համար և առանձնանում են իրենց էությամբ։ Նրանք մի աշխարհ սեր են։ Թող աշխարհի բոլոր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ, սիրով ու ջերմությամբ լի ընտանիքներում։

-Ի՞նչ կմաղթեք հայ ընտանիքներին, մեր ժողովրդին։

-Հայ մայրերն աշխարհի ամենանվիրված մայրերն են: Ես չգիտեմ մի այլ ազգ, որտեղ մայրն այդպես անմնացորդ ապրի իր երեխաներով, իր ընտանիքով։ Ես ուզում եմ, որ հայ մայրերը երբեք արցունք չտեսնեն, որ մեր երկիրն ապրի խաղաղ, բարգավաճ կյանքով։ Մեր ժողովուրդն արարող ժողովուրդ է, և թող միշտ հնարավորություն ունենա զբաղվելու ստեղծագործ աշխատանքով, շենացնելու մեր երկիրը, ամրացնելու մեր երկրի սահմանները։ Թող հայ մայրերը իրենց կյանքի իննսունամյա բարձունքից խոսեն միայն իրենց ստեղծած բարիքի, թողած հետքի, իրենց զավակների հաջողությունների, թոռների ու ծոռների, իրենց երջանիկ ընտանիքների մասին։

Հարցազրույցը՝ Աստղիկ Աբրահամյանի

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest