ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 98 տոկոս կատարողականը և գրանցած հաջողությունները

ՏԿԵ նախարարությանը 2023-ին պետական բյուջեից հատկացվել է 275 մլրդ դրամ, որից ծախսվել է 270 մլրդ-ը, այսինքն` կատարողականը եղել է 98%:
Ճանապարհաշինության առումով նույնպես ցուցանիշները բավական գոհացուցիչ են: Հիմնանորոգման տվյալներով մեր կատարողականը 132% է, պլանավորված է եղել ծախսել 45 մլրդ դրամ, բայց ծախսել ենք 59.7 մլրդ դրամ:

2023-ին հանրապետության ամբողջ տարածքում սուբվենցիոն 446 ծրագիր է իրականացվել` ընդհանուր՝ 58.6 միլիարդ դրամ բյուջեով։

Շատերիս թվում է` համայնքների միավորման խոշորացման գործընթացը հանգեցրել է հսկայական աշխատատեղերի կրճատման, բայց դա ամենևին այդպես չէ: Իրականում, համայնքապետարանի աշխատակիցները գուցե քանակապես կրճատվել են, բայց համայնքային ենթակայության տակ գտնվող տարբեր կառույցներում աշխատակիցների թվի էական աճ ունենք: Մասնավորապես, եթե նախկինում Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատում էին 16885 անձ, այժմ արդեն աշխատում են 21362 անձ:
Սեյսմիկ անվտանգության ծրագրով շարունակվում է դպրոցաշինությունը:
Կառավարությունը վճարել է 446 ծրագրի համար, որոնց մեջ կան նաև մի շարք ենթածրագրեր։ Դրանց ֆինանսական կողմը կազմում է 58,7 մլրդ դրամ, որի մեջ Կառավարության մասնաբաժինը 30 մլրդ-ից ավելի է, և սա ռեկորդային բարձր ցուցանիշ է բոլոր տարիների համար։
Կարևոր է նաև «Զվարթնոց» օդանավակայանում մեր լիցենզավորված տաքսի ծառայություն ունենալը, որն աշխատում է 25 նոր էլեկտրամոբիլներով: Կարծում եմ` դրանք ևս կնպաստեն, որ մեր երկիր եկող զբոսաշրջիկների առաջին տպավորությունները լինեն դրական։
Կապիտալ ծախսերի տարիների տենդենցը նայելով` տեսնում ենք, որ ունենք բավական դրական աճ: ՏԿԵ նախարարության կապիտալ ծախսերն են. 2021թ.-ին իրականացրել ենք 77 մլրդ դրամի կապիտալ ծրագիր, 2022թ.-ին` 95 մլրդ դրամի, իսկ արդեն 2023թ.-ին`141 մլրդ դրամի:
Ճանապարհները երկրի տնտեսության արյունատար համակարգն են։

«Պրեստիժ» ամսագրի հյուրն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

-Պարո′ն Սանոսյան, շնորհակալություն հարցազրույցի համար։
Պարո′ն Սանոսյան, ամփոփելով 2023-ը` ինչպիսի՞ն է ՏԿԵ նախարարության կատարողական ցուցանիշը` ֆինանսական առումով:

-ՏԿԵ նախարարությանը 2023-ին պետական բյուջեից հատկացվել է 275 մլրդ դրամ, որից ծախսվել է 270 մլրդ-ը, այսինքն` կատարողականը եղել է 98%: Կատարողականի մեջ են մտնում կապիտալ ծրագրերն ու ընթացիկ ծրագրերը: Շատերիս հետաքրքրում են հատկապես կապիտալ ծրագրերը, որոնց միջինացված կատարողականը 96% է, որը նույնպես վերջին տարիներին աննախադեպ բարձր ցուցանիշ է:
ՏԿԵ նախարարությունն առանձնահատուկ է նաև սուբվենցիոն ծրագրերով, որոնցով կատարողականը կազմել է 132 %: Ըստ այս արդյունքների` նախնական պլանավորվածից մենք շատ ավելի բարձր ցուցանիշներ ունենք (վերաբաշխումների արդյունքում 22 մլրդ-ի փոխարեն ծախսել ենք 30 մլրդ-ից ավելի):
Ճանապարհաշինության առումով նույնպես ցուցանիշները բավական գոհացուցիչ են: Հիմնանորոգման տվյալներով մեր կատարողականը 132% է, պլանավորված է եղել ծախսել 45 մլրդ դրամ, բայց ծախսել ենք 59.7 մլրդ դրամ:
Միջին նորոգումներով ևս լավ արդյունքներ ենք գրանցել. պլանավորած 3.5 մլրդ դրամի փոխարեն` ծախսել ենք 6.5 մլրդ դրամ, ըստ որի` կատարողականը կազմում է 187%:
Մենք ունենք ռենովացիայի ծրագիր, որը մեզ ուրախացնում է տեղում առկա շահառուների և հաջողությունների թվով: Մենք պլանավորել էինք, որ կառավարությունը կսուբսիդավորի ընդամենը 309 մլն դրամ, բայց ունենալով շատ շահառուներ` սուբսիդավորել ենք 863 մլն դրամ: Այս ծրագրով ևս մեր կատարողականը բավական բարձր է` 278%:
Մյուս ծրագիրը, որի վրա ցանկանում եմ Ձեր ուշադրությունը սևեռել` «Հյուսիս-հարավն» է, որտեղ կատարված և պլանավորված աշխատանքների մասով 2023թ.-ն էապես տարբերվել է:
Աշխատանքներ ունենք կապված նաև Հայկական ատոմային էլեկտրակայանի և նրա կրկնակի երկարաձգման գործընթացի հետ:
Այս տարվա կարևոր ձեռքբերումներից է ընդերքի ռազմավարություն ունենալը: Հաշվի առնելով, որ մենք ընդերքի ռազմավարություն երբեք չէինք ունեցել, 2023թ.-ն առանձնացավ նաև դրանով, ինչը չափազանց կարևոր էր: Վերջապես պետք է նշել, թե ինչ ստանդարտներով և ինչ նպատակներով ենք ոլորտն առաջ տանում: Մենք արդեն ունենք ռազմավարությունից բխող հսկայածավալ աշխատանքներ:
Խոսելով դոտացիաներից` ասեմ, որ լայնամասշտաբ փոփոխություն արեցինք ֆինանսական համահարթեցման օրենքում, և բավականին կարևոր փոփոխություններ եղան տարածքային համաչափ զարգացման առումով:
Վերջին` 10-րդ ծրագիրը, որ կարևոր է ընդգծել` սեպտեմբեր ամսից հայտնի իրադարձությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման գործընթացին մեր նախարարության բազմաշերտ մասնակցությունն է, որը մինչ այժմ շարունակվում է:

-Պարո՛ն Սանոսյան, պետական ծրագրերով ի՞նչ աշխատանքներ են իրականացվել խոշորացված համայնքներում։

-ՏԿԵ նախարարության անելիքների մեջ հսկայական աշխատանքներ են ներառված` տարածքային կառավարման, մասնավորապես համայնքների, և մարզպետների աշխատակազմերի առումով:
Համայնքների առումով 2023թ.-ն աչքի է ընկնում նրանով, որ միավորման խոշորացման գործընթացի մի կողմից դրական իմաստով պտուղներն ենք մենք քաղում, մյուս կողմից շարունակում ենք աջակցել մեր համայնքներին, որպեսզի նրանք ավելացնեն իրենց կարողություններն ու հմտությունները, ինչը կբերի նրան, որ մենք կկարողանանք ապակենտրոնացման գործընթացի շնորհիվ համայնքներին մի շարք այլ ծրագրեր պատվիրակել:
Ի դեպ, ուրախությամբ պետք է նշեմ, որ 2023թ. նոյեմբերի 7-ին ստորագրվել է ապակենտրոնացման հայեցակարգը, ինչը կարևոր էր: Շատերիս թվում է` համայնքների միավորման խոշորացման գործընթացը հանգեցրել է հսկայական աշխատատեղերի կրճատման, բայց դա ամենևին այդպես չէ: Իրականում, համայնքապետարանի աշխատակիցները գուցե քանակապես կրճատվել են, բայց համայնքային ենթակայության տակ գտնվող տարբեր կառույցներում աշխատակիցների թվի էական աճ ունենք: Մասնավորապես, եթե նախկինում ՀՈԱԿ-ներում աշխատում էին 16885 անձ, այժմ արդեն աշխատում են 21362 անձ: Հետաքրքրական է նաև այն, որ մինչ խոշորացումը ավագանիների ընդամենը 9%-ն էին կանայք, իսկ հիմա`28%-ը, ինչը շատ ուրախալի է, և դրական ազդեցություն ունի համայնքների կառավարման գործընթացում:
Քանի որ մենք ունենք փոքր` մինչև 3500 բնակիչ ունեցող համայնքներ` հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված, իրենց համար առանձին տողով հատկացրել ենք մինչև 50մլն դրամ: Այսինքն` եթե մինչ այս տարվա կարգավորումներն իրենց հատկացվել է 8, 20, 25 մլն դրամ, արդեն հունվարի 1-ից նման համայնքներին տրամադրվում է 50 մլն դրամ, որպեսզի այդ համայնքները կարողանան ավելի լայնածավալ աշխատել իրենց ծրագրերի վրա:
Առաջին անգամ դոտացիոն ծրագրերում սահմանամերձ բնակավայրերի համար գումար ենք սահմանել: Մենք ունենք 82 սահմանամերձ բնակավայր, յուրաքանչյուրի համար տրամադրվել է 5 մլն դրամ:
Այս տարի էական աճ կունենանք նաև դոտացիոն ընդհանուր գումարի առումով, եթե նախորդ տարի 69.7 մլրդ դրամ էր, այս տարի կդառնա 85.3 մլրդ, այսինքն` համայնքներին մեծ գումար կհատկացնենք: Համայնքի վարչական միավորների մասով նախկինում կարգավորումը 5-20% էր, որը փոխել ենք 5-30%-ի: Այսինքն` մենք հնարավորություն ենք տվել վարչական մասից գումար տանել ֆոնդային մաս: Օրենսդրական այս փոփոխությունը բերում է նրան, որ մեր համայնքները կկարողանան հավելյալ 20 մլրդ դրամի ծրագրեր իրականացնել:
Մեր տեղական հարկերի, տուրքերի հավաքագրման գործընթացը մենք փորձել ենք դարձնել էլեկտրոնային: Նշեմ մի ցուցանիշ, որ էլեկտրոնային համակարգով 2.406.000 հատ վճարում է տեղի ունեցել, ընդհանուր` 40.5 մլրդ դրամ: Այսինքն` մարդիկ իրենց ձեռքի տակ եղած սարքավորումներով կատարում են վճարումները և դա ոչ միայն հեշտ տարբերակ է, այլ նաև զերծ է կոռուպցիոն երևույթներից:
Մենք 3 տարով երկարաձգեցինք նաև սահմանամերձ համայնքներին տրվող աջակցության օրենքը։
Միավորված համայնքներին աջակցության ծրագրերը շարունակվում են. դրանք կատարվում են Հայաստանի տարածքների զարգացման հիմնադրամի միջոցով: Սեյսմիկ անվտանգության ծրագրով շարունակվում է դպրոցաշինությունը: Նախատեսված 46 դպրոցից արդեն կառուցվել են 16-ը, 20-ն ընթացքի մեջ են, իսկ 10 դպրոցների շինարարական աշխատանքներն այս տարի կմեկնարկեն։
Մարզպետարանների առումով` համայնքների միավորման գործընթացից հետո նախաձեռնել էինք մարզպետարանի կանոնադրության և որոշակի կառուցվածքային փոփոխություններ, որոնք իրականացրել ենք նախորդ տարի: Եթե մեծ թվերով խոսենք` մարզպետների աշխատակազմերի աշխատակիցների մոտ 20% կրճատում ենք իրականացրել, այսինքն` բոլոր մարզպետարաններում միասին 1047 հաստիքի փոխարեն, ունենք 838 հաստիք:
2023թ.-ի ընթացքում իրականացրել ենք ավագանիների և համայնքապետարանի աշխատակիցների վերապատրաստման տարբեր ծրագրեր:
Ինչպես նշեցի՝ սուբվենցիոն ծրագրերում բավական մեծ թվային տարբերություն ունենք, բայց մենք ամեն տարի փոխելով սուբվենցիոն կարգը՝ փորձում ենք ստեղծել հնարավորություններ և խրախուսել համայնքներին աշխատել այդ պահին առկա խնդիրների վերացման վրա։
Փոփոխություններ ենք իրականացրել նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների դեպքում։ Ըստ որի՝ բոլոր ծրագրերը, որոնցում կա Կառավարության մասնաբաժինը, ավելացնում ենք 15%՝ խրախուսելով այդ փոքր համայնքներին։
Կառավարությունը վճարել է 446 ծրագրի համար, որոնց մեջ կան նաև մի շարք ենթածրագրեր։ Արդյունքում ծախսվել է 58, 7մլրդ դրամ, որից Կառավարության մասնաբաժինը 30 մլրդ-ից ավելի է, և սա ռեկորդային բարձր ցուցանիշ է բոլոր տարիների համեմատ։
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրերից երկուսի աշխատանքային խմբերում էլ աշխատում ենք, բայց նախարարությունը մեծամասամբ կենտրոնացված է «500 մանկապարտեզ»-ի աշխատանքների համակարգման ուղղությամբ։ Ըստ ներկայիս արդյունքների` մենք ունենք 470 մանկապարտեզ կամ նախակրթարան, որոնց աշխատանքները կամ արդեն ավարտվել են, կամ շինարարության, ինչու չէ` նաև մրցույթային փուլերում են: Մենք պետք է շարունակենք զբաղվել մյուս մանկապարտեզների շահագործմամբ, որպեսզի Կառավարության ծրագրային խոստումը մինչև 2026թ. ավարտն այս մասով իրականացված լինի:
Իհարկե, այս ծրագրերից զատ տարվա ընթացքում լինում են նաև չպլանավորված աշխատանքներ, որոնք այս տարի եղել են թվով 24-ը: Դրանք ամենատարբեր բնույթի ծրագրեր են եղել՝ դպրոցի քամուց քշված տանիքի վերանորոգումից, մինչև անգամ բժշկական կենտրոններում տարբեր սարքավորումների ձեռքբերում: 2023թ.-ին իրականացվել է 2 մլրդ 766 մլն դրամի նման աշխատանքներ:

-Ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել ճանապարհաշինարարական ուղղությամբ:

-Այս տարի իրականացվել է 803կմ ճանապարհների ասֆալտապատում և սալարկում: Այս թիվը հսկայական աշխատանքի մասին է` տարբեր նշանակության` միջպետականից մինչև համայնքային ճանապարհների առումով: Ասֆալտապատելուց զատ, մեզ համար կարևոր է նաև ճանապարհների անվտանգությունը, մենք սկսել ենք «սև կետերի» վերացման գործընթացը:
2023թվականին 25 սև կետերի վերացման համար ոստիկանության և այլ գործընկերների հետ իրականացրել ենք տարբեր միջոցառումներ՝ նորոգում, ճանապարհային էլեմենտների տեղադրում։ Եվ այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում։

-Խոսենք Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մասին:

-Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը բավական բարդ պրոյեկտ է. այն 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված է` մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ): Մենք գործընկերների հետ ունենք հետևյալ մասնագիտական վեճը` արդյո՞ք այս 60 կմ-ը պետք է մեկ լոտով կառուցել, թե՞ պետք է բաժանել երեք լոտերի` թունելն առանձին, թունելից հարավն ու հյուսիսն առանձին:
Այնտեղ կան երկրաբանական հետախուզման հետ կապված, բնապահպանական, սոցիալական և այլ հարցեր, կան դիտարկումներ, որոնք մենք միասին համաձայնեցրել ենք և կան, որոնք դեռ վերջնական տեսքի չենք բերել:
Հաշվի առնելով ծրագրի մեծությունը` մենք փորձում ենք այս փուլն այնպես անցնել, որ հետագայում շինարարության ընթացքում ի հայտ չգան խնդիրներ և շինարարական պրոցեսի կանգ չլինի: Այսինքն` գերադասել ենք առկա բոլոր խնդիրները լուծել, հետո միայն ընտրել շինարարական ընկերություններ և սկսել աշխատանքները: Կարծում եմ` առաջիկա ամիսների ընթացքում այս առումով որոշակի նորություններ և հայտարարություններ կունենանք:
Հիշեցնեմ, որ ամեն տարի մեր Ճանապարհային դեպարտամենտի մասնագետները մոտ 1600 ճանապարհ ուսումնասիրում են, որից ծնվում են այն որոշումներն ու նախագծերը, որոնք իրականացվում են: Ուսումնասիրության արդյունքում որոշվում է անել միջին նորոգում, թե՞ հիմնանորոգում կամ ինչպիսի հիմնանորոգում, այնպես որ դրանք մեր սովորական ընթացիկ աշխատանքներն են:

-Պարո′ն Սանոսյան, ի՞նչ փուլում է Սյունիքի Խոտ-Որոտան ճանապարհի կառուցումը:

-Ինչպես գիտենք, 2021թ.-ից Սյունիքում սկսվել է մի քանի ճանապարհների կառուցման գործընթաց, որոնք հիմնականում ամբողջովին նոր ճանապարհներ էին, բայց կրկին վերակառուցվում էին: Այդ ճանապարհները մենք հիմնականում ավարտել ենք` բացառությամբ երկուսի` Խոտ-Որոտան և Վերին Խոտանան ճանապարհը շրջանցող ուղին: Վերին Խոտանանի պարագայում աշխատանքները հիմնականում նորմալ են ընթացել, և մենք մի մասն այս տարի հասցրել ենք ասֆալտապատել, նույնիսկ ճանապարհից մեկ հատված գուցե երթևեկության համար բացենք ավազակոպճային ծածկույթով: Խնդիրներ չենք ունեցել` բացառությամբ ժայռային և այլ հատվածների դժվարությունների:
Ինչ վերաբերում է Խոտ-Որոտան ճանապարհին, իսկապես, շատ բարդ է ընթացել և դեռ շարունակում է ընթանալ այն առումով, որ ունենք մեկ ձորակ, որտեղ պետք է փորձել ճանապարհ կառուցել: Կառուցման ընթացքում բազմաթիվ դժվարությունների հանդիպեցինք` երկու-երեք անգամ փլուզումներ եղան, նույնիսկ շարքից դուրս եկան շինարարական տեխնիկաներ և այլն: Ի ուրախություն մեզ, աշխատակիցներից որևէ մեկը չվնասվեց, բայց, այնուամենայնիվ, այդ փլուզումները մեզ կանգնեցրեցին նոր բարդությունների առաջ:
Մենք ստիպված եղանք ստեղծել մեծ աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված են երկրաբաններ, գեոդեզիստներ և այլ մասնագետներ, ովքեր և′ կաբինետային պայմաններում, և′ դաշտում փորձում են խնդրի կարգավորումը գտնել, ընդ որում, խնդիրը բարդ է նրանով, որ կան հոսող ջրեր, այդտեղ է Որոտան գետի ջրի ակունքների որոշակի հատվածը, վերևում գտնվում է «Տաթև ՀԷԿ»-ի փոքր ջրամբարը, որտեղ ևս այս տարի պետք է շինարարական աշխատանքներ իրականացվեն, որովհետև կարծիք կա, որ գուցե ջրերի մի մասն էլ այնտեղից է հոսում:
Այդ ճանապարհն ընդհանուր մոտ 10 կմ է, որից 8 կմ հատվածը կարողացել ենք վերջերս ասֆալտապատել, իսկ մնացած 2 կմ-ում, որտեղ սողանքային փռվածքն է, շինարարները պարբերաբար փորձում են կարգի բերել, որպեսզի հայրենակիցների համար անցանելի լինի, ներքին շերտով ասֆալտապատել ենք` հույս ունենալով, որ այս ձմռան անցնելուն պես մասնագիտական վերջնական լուծումները կունենանք և ամբողջ ճանապարհը կավարտենք:

-Երբեմն դեպքեր ենք տեսնում, որ ոչ համախմբված աշխատանքի արդյունքում` նոր վերանորոգված ճանապարհները ստիպված են լինում քանդել և կոմունալ հարմարությունների համար աշխատանքներ կատարել: Արդյո՞ք նկատել եք այդ խնդիրը և ինչպե՞ս կարելի է այն կանխել:

-Դեռ կան այնպիսի տարածքներ, որտեղ ասֆալտապատման աշխատանքներից հետո, երբեմն կարիք է լինում արված աշխատանքը քանդել և համապատասխան ենթակառուցվածքներ անցկացնել, բայց հասարակությունը տեսնում է հենց նման դեպքերը: Կարծում եմ` 2023թ.-ը լավ էր այնքանով, որ նույն «Վեոլիա ջուր», «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների և մյուս գործընկերների հետ մենք փորձել ենք բավական սերտ համագործակցություն ունենալ թե′ կաբինետային, թե′ դաշտային հանդիպումներով` փորձելով համատեղել մի շարք ծրագրեր: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ ասֆալտապատումը նախանշված է եղել 2022թ.-ին, իսկ «Վեոլիա ջուր» ընկերությունն այդ հատվածի ջրային համակարգերի արդիականացումը նախանշել է 2023թ.-ին: Պատկերը տեսնելով` մենք դադարեցրել կամ չենք սկսել ասֆալտապատման աշխատանքները` խնդրելով, որ իրենք հնարավորինս շուտ անեն իրենց աշխատանքը, որից հետո անենք ասֆալտապատման աշխատանքները։
Իհարկե, այս դաշտում դեռ շատ անելիքներ ունենք, պետք է շարունակենք նշված ընկերությունների հետ համագործակցված աշխատել:

-Թեպետ տրանսպորտի ոլորտում խնդիրները շարունակվում են, բայց հաջող արդյունքներ են գրանցվել ավիացիայի ոլորտում: Խոսենք այս ուղղությունների և առաջ քաշված խնդիրների մասին:

-Տրանսպորտի ոլորտում մեր դժվարությունը շարունակվում է մնալ հանրային տրանսպորտի առումով` հատկապես միջմարզային, համայնքային տրանսպորտների մասով: Համայնքային տրանսպորտը բարելավելու համար մենք հայտարարում ենք մրցույթ, որին մասնակցում են ընկերություններ, ովքեր գալիս, երաշխավորում են, որ հաղթելու դեպքում իրենք կբերեն տրանսպորտային միջոցները: Նախանշվում են տրանսպորտային միջոցների քանակը, տեսակը և բերման ժամկետները: Դրա համար նրանք նաև ֆինանսական վճարում են անում` երաշխիքի տեսքով:
Այս ոլորտում առաջընթաց ունենք ավիացիայի ուղղությամբ` 11 ամիսների դրությամբ 5 մլն 44 հազար մարդ է ժամանել և մեկնել Հայաստանից: Ընդգծեմ, որ այս թվի 34%-ը տեղափոխվել են հայկական ավիաուղիներով. եթե նախորդ տարի ամեն չորրորդ ուղևորն էր հայկական ավիաուղիներով տեղափոխվում, այժմ արդեն` ամեն երրորդ ուղևորը:
Կարևոր է նաև «Զվարթնոց» օդանավակայանում մեր լիցենզավորված տաքսի ծառայություն ունենալը, որն աշխատում է 25 նոր էլեկտրամոբիլներով: Կարծում եմ` դրանք ևս կնպաստեն, որ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների առաջին տպավորությունները լինեն դրական։
Գործարկել ենք նաև Սյունիքի օդանավակայանը, որտեղից պարբերական չվերթներ ունենք երկուշաբթի և ուրբաթ օրերին: Եղել են դեպքեր, որ եղանակային պայմաններով պայմանավորված չվերթները չեն իրականացվել, բայց մեր և Շրջակա միջավայրի նախարարության գործընկերները որոշակի սարքավորումներ գնելու գործընթացի մեջ են։ Արդեն այս տարի այդ ծրագրերը ևս կիրականացնենք և եղանակային պայմաններից կախվածությունը կփոքրացնենք:
Երկաթուղային ոլորտում ունենք ուղևորափոխադրումների 7% աճ, բայց դրան հակառակ ունենք բեռնափոխադրումների նվազում` 18.5%, ինչն էլ կախված է Սոթքից հանքանյութի տեղափոխման հետ:

– Ի՞նչ արդյունքներ են գրանցվել էներգետիկայի ոլորտում 2023թ.-ին:

-Էներգետիկ ոլորտում կարևոր էր ատոմակայանի կրկնակի երկարաձգման հետ կապված գործընթացը. ինչպես գիտենք, մեր ատոմակայանն ունի մինչև 2026թ.-ի լիցենզիա, իսկ մեր նպատակն է այն երկարացնել մինչև 2036թ.-ը: Այդ գործընթացի համար տարին կարևոր էր ամբողջ փաստաթղթային, իրավական, Կառավարության որոշման առումով, որոնց համար, ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 160 մլն դոլար գումար, իսկ շինարարական կամ մասնագիտական այլ տիպի աշխատանքները պետք է իրականացվեն առաջիկայում: Այդ ընթացքում պլանավորում ենք մեր ատոմակայանի շահագործմանը զուգընթաց ունենալ նոր ատոմային էներգաբլոկ:
Մեզ համար շարունակվում է մեծ հետաքրքրություն ներկայացնել «Անդրսևծովյան մալուխի» ծրագիրը. մենք աշխատանք ենք տանում գործընկեր երկրների հետ, որպեսզի Հայաստանը ևս մասնակից դառնա:
Մենք մի շարք ենթակայաններում ավարտել ենք շինարարությունը, սակայն կան նաև այլ ենթակայաններ, որտեղ դեռ շարունակվում են աշխատանքները:

-Վերջին շրջանում մեծ զարգացում է ապրում այլընտրանքային էներգետիկան: Ինչպիսի՞ն են ցուցանիշներն այս ուղղությամբ։

-Մեզ ոգևորում և ուրախացնում է, բայց նաև աշխատանքի նոր դաշտ է բացում արևային էներգետիկայի ոլորտը, որտեղ մեր դրած բոլոր ցուցանիշներին հաճախ ոչ միայն հասնում ենք, այլ նաև դրանք գերազանցում ենք: Հայաստանն աշխարհում հայտնի է նրանով, որ արևային էներգիայի սարքավորումների տեղադրման խրախուսող քաղաքականություն է վարում, և դա իր արդյունքը տալիս է: Ինչպես ես հաճախ նշում եմ, մեր արևային կայանների հզորությունը մեր ատոմակայանի հզորությունից, կարծես, արդեն շատ է: Այն կազմում է 470 մեգավատ, երբ մեր ատոմակայանը 405 մեգավատ է: Ըստ մեր ռազմավարության` նպատակ ունենք 2040թ.-ին արևային կայանների հզորությունը դարձնել 1500 մեգավատ:

-«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մի շարք երկրների արդեն ներկայացվել է և լայն արձագանք է ստացել: Գործնականում արդյո՞ք առաջարկ ստացել եք այդ նախագիծը կյանքի կոչելու համար:

-«Խաղաղության խաչմերուկի» հիմնական հայեցակարգը առաջին անգամ ներկայացվել է Վրաստանում, որից հետո տարբեր հարթակներում և’ պարոն վարչապետը, և’ տարբեր գործընկերներ` այդ թվում մենք, հնարավորություն ենք ունեցել խոսել «Խաղաղության խաչմերուկ»-ի հայեցակարգի ծրագրի մասին: Ենթակառուցվածքային փուլ գալով` «Խաղաղության խաչմերուկ»-ը հիմնականում մեր նախարարությանն առնչվող ճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդման գծեր և գազամուղներ են, այս իմաստով` մեր նախարարությունը բավական ներգրավվածություն ունի: Պետք է ասեմ, որ մեզ հետ տարբեր հանդիպումների ընթացքում միջազգային կառույցների մի շարք գործընկերներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ծրագրի նկատմամբ` ընդգծելով իրենց ցանկալի ներգրավվածությունն այդ պրոցեսներում:

-2024թ.-ին արդյո՞ք նախատեսվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար մարզերում իրականացնել բնակարանաշինության ծրագրեր:

-Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ մենք ունենք աշխատանքային խումբ, և բավականին ինտենսիվ հանդիպումներ ենք ունենում` փորձելով լսել բոլորին: Ունենք նաև միջազգային գործընկերներ, բարերարներ, շինարարական կազմակերպություններ, մարզային գործընկերներ և բոլորին լսելով` փորձում ենք հասկանալ՝ ինչ որոշում կայացնել: Այդ որոշումը հեշտ չէ, և մենք շատ չենք շտապում, որպեսզի կարողանանք ճիշտ որոշում կայացնել:
Ճիշտ որոշում կայացնելու ակնկալիքներից մեկով, մենք` պարոն Խաչատրյանի հետ, վերջերս եղել ենք Ճամբարակում, հանդիպել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և այնտեղ ապրող մեր հայրենակիցներին և քննարկումներ ունենալով հասկանալ` իրենք ինչպիսի լուծում են ակնկալում կառավարությունից (նոր բնակարանի կառուցում, գումարի տրամադրում և այլն):
Կարծում եմ` միայն բնակարան գնելը կամ կառուցելը գուցե հարցի լուծում չէ, որովհետև հարց է առաջանում, իսկ հետո այդ համայնքում նա ինչո՞վ պետք է զբաղվի, արդյոք բնակարանի հետ նրան պետք է նաև որոշակի հողակտոր հատկացնել, որպեսզի կարողանա գյուղատնտեսությամբ զբաղվել, և կամ ինչ այլ արտոնյալ ծրագրեր իրագործենք, որ նրանք կարողանան աշխատել: Մի շարք նման հարցեր կան, որոնց լուծումները քիչ-քիչ գտնում ենք:
Առաջիկայում մենք կավարտենք այս աշխատանքները և կհայտարարենք այն ծրագրի մասին, որը պատրաստվում ենք իրականացնել: Այդ ծրագիրը կարող է մեկ ուղղությամբ չլինել, բազմաշերտ լինել, և տալ հնարավորություն, որպեսզի մեր հայրենակիցներն իրենք ընտրեն` այդ ծրագրերից, որից և որ ուղղությամբ օգտվել:

-Խոսենք միջազգային գործընկերների հետ հարաբերությունների մասին` 2023թ.-ին ինչպիսի՞ արդյունքներ ունենք արձանագրած` մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության, Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի հետ կապված:

-ՏԿԵ նախարարությունը նաև աչքի է ընկնում միջազգային գործընկերների հետ ունեցած հսկայական աշխատանքներով` թե′ պետությունների, թե′ միջազգային կազմակերպությունների, թե′ տվյալ երկրների դոնոր կազմակերպությունների, վարկային գործընկերների հետ: Հայաստանի հետ առնչվող դոնոր կազմակերպությունների գումարների մի զգալի մաս մեզ մոտ իրականացվող ծրագրերի միջոցով են իրացվում. այս առումով բավական ակտիվ տարի ենք ունեցել:
Թվարկված երկրներում, բացի ԱՄԷ-ից, թե ես, թե իմ գործընկերներն աշխատանքային տարբեր այցեր ենք ունեցել: Իրանի հետ աշխատանքներում հատկապես կարևորում ենք Իրանի իմ գործընկերոջ այցը Հայաստան, որի շրջանակներում մենք մի շարք կարևոր քննարկումներ և պայմանավորվածություններ ենք ունեցել, այցի շրջանակներում ստորագրել ենք իրանական ընկերության հետ համապատասխան պայմանագիրը` որպես Քաջարան-Ագարակ հյուսիս-հարավ ավտոճանապարհի մրցույթի վերակառուցման ծրագրի հաղթող:
Ինքս այցելություն եմ ունեցել նաև Հնդկաստան: Նրանց հետ մեր հարաբերությունները զարգանում են, այս իմաստով` տարբեր ուղղություններով մեր նախարարությունն անելիք ունի: Հաշվի առնելով, որ Հայաստանում շինարարական ընկերությունների լրջագույն պակաս կա, մենք խնդրել ենք իրենց, որ դիտարկեն մեր առկա շինարարական մրցույթները, որոնց կմասնակցեն նաև հնդկական ընկերությունները, ընդ որում, ուրախությամբ պետք է փաստել, որ Հնդկաստանում բավական զարգացած է այդ ոլորտը: Խոշոր ընկերություններ կան, որոնք ոչ միայն Հնդկաստանում են աշխատում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Մենք ուրախ կլինենք, եթե այս առումով ևս իրենք մեր երկրի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերեն: Կարծես արդեն կան որոշ ծրագրեր, որոնց նկատմամբ հետաքրքրությունն ակնհայտ է:

-Գիտենք, որ ոռոգման համակարգում խոշոր ծավալի արդիականացման աշխատանքներ են իրականացվում։ Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում արդիականացումից և ջրամբարների կառուցումից հետո:

-Կառավարության 2021-26թթ. ծրագրում ունենք նախատեսված 31 օրվա կարգավորիչ ջրամբարի (ՕԿՋ) և 15 ջրամբարի ծրագիր, որոնք հետևյալ փուլում են՝ 31 ՕԿՋ-երից 28-ի նախագծերն ավարտվել են, և այժմ շինարարական ընկերությունը փորձաքննություններից հետո հերթով փոխանցում է մեզ։
5 ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ավարտական փուլում են։ Առաջիկայում կմեկնարկեն տեխնիկատնտեսական հետազոտություններ։ Իսկ մեկի՝ Արգիճիի ջրամբարի դեպքում նախագծման աշխատանքների ժամկետը երկարաձգվել է։

-Պարո′ն նախարար, իսկ ի՞նչ պլաններ կան 2024 թվականի համար, արդյո՞ք 2023 թվականի պես հավակնոտ ծրագրեր նախատեսված են։

-Այո, այս տարի մեր նախարարության բյուջեն ավելի մեծ է, ավելի շատ աշխատանք ենք նախանշել, ավելի շատ ծրագրեր ունենք իրականացնելու։ Հատկապես կապիտալ ծրագրերի մասով մեծ անելիք ունենք։ Լիահույս եմ, որ լուրջ խոչընդոտներ չեն լինի և մենք կկարողանանք իրագործել մեր առջև դրված մեծածավալ աշխատանքները։

Facebook
Twitter
LinkedIn
Pinterest