Մուսալեռ գյուղի բեմից մինչև hամայն հայության սրտեր:
1980-ական թթ. մի տեսախցիկ ունեի: Ես դեռ փոքր էի, բայց փորձելով գումար վաստակել այդ տեսախցիկով հարսանիքներ էի նկարում (դե այն տարիներին այսօրվա գերժամանակակից սարքերն ու մասնագետները դեռ չկային): Առիթներից մեկի ժամանակ հորեղբայրս, որ սովորաբար իր մեքենայով էր ինձ տանում «աշխատանքի», ասելով, որ առիթը փչանում է լավ տրամարդություն ապահովող երգեր չլինելու պատճառով` խնդրեց, որ ես երգեմ: Իրականում զարմացա իր առաջարկից, բայց նրան մերժել չէի կարող: Մեկ երգ կատարելով արդեն նկատեցի, որ ամբողջ սրահի հյուրերը հետաքրքրությունից դրդված շրջվել և ինձ են լսում, բայց այդքան մարդու հայացքներից ամաչելով և ինքս էլ չհասկանալով կատարվածը` հուզվեցի և սկսեցի լաց լինել:
Տուն գալով հորեղբայրս հայրիկիս ասաց. Արտաշը պետք է երգի, տար երգացրու, իրենը հենց սա է»: Կարելի է ասել` իմ հորեղբայրն էր իմ տաղանդի բացահայտողը, դրա համար իրեն շատ շնորհակալ եմ, իմ սերն իր հանդեպ նաև արտահայտվում է նրանով, որ իմ որդին` Գրիշան, նրա պատվին է անվանակոչվել: Ի դեպ, իմ հորեղբոր թոռնիկին` Գրիգորին, նույն ձևով ես եմ բացահայտել, քաջալերել և այժմ նա երգում է ԱՄՆ-ի մեր ռեստորանում, տեսահոլովակներ նկարահանում: Մի խոսքով, իմ առաջին ձայնագրությունը եղել է «Մշո երկիրն իմ անուշ» երգը` 30 և ավելի տարիներ առաջ: Այսօր ունեմ արդեն 200-ից ավել երգեր, իսկ հայրիկիս երգերն անցնում են 700-ը, գումարելով նաև Տիգրանի երգերը` մեր ընտանեկան ռեպերտուարը հատում է 1000-ը:
Սովորաբար ասում են երաժշտությունը լեզու չունի, երբ հասնում է քո հոգու լարերին, դառնում է հարազատ, գուցե դրա համար այլ ազգերի մոտ ևս իմ երգարվեստը սիրված, ընկալված և հասկանալի է:
Ամեն ինչի հետևում ընտանեկան քաջալերանքն է, գիտակցումը, որ ընտանիքդ քո կողքին է, քեզ հետ քայլում է քո նույն ճանապարհով և բոլոր իրավիճակներում քեզ մղում է ավելին անելու և ավելի շատ ստեղծագործելու։
Աշխարհում լավագույն տիտղոսները ես չեմ փոխի իմ ժողովրդի տված սիրո և գնահատանքի հետ:
Նույն կերպ եղել է իմ հայրիկի կյանքում, ոչինչ իրեն այնքան չի ուրախացրել և ոգևորել, որքան իր հանդիսատեսի տված սերն ու գնահատանքը:
Մարդ մնալը դժվար, բայց ամենակարևոր արժանիքն է: Որտեղ էլ լինես, ինչ էլ որ անես, պետք է չմոռանաս մարդկային, բարոյական և ազնիվ արժեքների մասին: Ես դժվարություններ սիրում եմ հաղթահարել և պատրաստ եմ միշտ հաղթահարել, բայց երբեք չձուլվել և չկորցնել իմ մարդկային տեսակը:
Ամեն ինչ սկսվում է ընտանիքից. կայացած ընտանիք ունենալով դու կայացած մարդ ես նաև քո կյանքում: Բոլոր կարևոր արժեքներն ու մոտեցումները կապված են թե՛ ընտանիքի, թե՛ հայերնիքի հետ: Հայրենիքն ու ընտանիքը մեկ միասնական արժեհամակարգ են:
Երազում եմ, որ հայրենիքում այն խնդիրները, որոնք ունեցել են մեր պապերը, և այժմ ունենք մենք, չունենան եկող սերունդները, որ նրանք ապրեն հզոր երկրում, խաղաղ ու բարեկեցիկ պայմաններում` մտածեն միայն դրականի և կյանքի պայծառ գույների մասին:
Ինչպես ասում են` երաժշտությունն աշխարհի լեզուն է, որը բխում է սրտից, հոգուց և չի ճանաչում ազգություն ու սահման: Ներխուժելով մարդու կյանք, այն խորը արմատներ է դնում և ծիլեր տալիս նրա սերունդների ներսում:
Գեներով փոխանցվող երաժշտական տաղանդն ակնառու է Ասատրյանական ընտանիքում: Դեռ տարիներ առաջ լինելով հոգևորականներ` Ասատրյանական մեծամեծներն իրենց երաժշտական ունակություններն են ցուցադրել եկեղեցում, իսկ հետագայում, պահպանելով գենետիկ կոդը` արմատների լավագույն շնորհը, այն իր համար աշխատանք է դարձրել երգիչ, երգահան Արամ Ասատրյանը: Չհեռանալով գեներից` մեծանուն երգչի ճանապարհը շարունակել են իր որդիներն ու թոռները:
«Պրեստիժ» ամսագրի զրուցակիցն է ժողովրդի կողմից սիրված և ճանաչված երգիչ Արտաշ Ասատրյանը:
-Հարգելի՛ Արտաշ, շնորհակալ ենք զրույցի մեր հրավերն ընդունելու համար, մեզ համար մեծ պատիվ է Ձեզ ներկայացնել «Պրեստիժ» ամսագրում:
Զրույցը սկսենք Ձեր մանկությունից. եթե հետհայացք գցեք Ձեր անցած ուղուն` ինչպիսի՞ հետաքրքիր, հաճելի հիշողություններ կպատմեք Ձեր մանկությունից։
-Ես ևս ուրախ եմ հարցազրույցի համար:
Դեռ մանկուց Ասատրյանների ընտանիքը վայելել է մեր ժողովրդի սերն ու հարգանքը՝ ի շնորհիվ մեր հոր՝ Արամ Ասատրյանի։ Ծնվել եմ Էջմիածնում՝ համայն հայության հոգևոր կենտրոնում, սովորել եմ Խ․ Աբովյանի անվան չորրորդ միջնակարգ դպրոցում: Իմ սիրելիին հանդիպել և սիրահարվել եմ հենց այդ դպրոցում, դեռ երրորդ-չորրորդ դասարանում, իսկ արդեն հինգ-վեցերորդ դասարանում սիրո առաջարկություն եմ արել նրան՝ իմ ապագա կնոջը։ Փառք Աստծո, նա այդ տարիներից ինձ հավատացել է՝ չնայած նրան, որ իր ծնողները դեմ էին՝ քանի որ շատ աշխույժ և ակտիվ պատանի էի։ Իհարկե, արդեն ամուսնությունից հետո ընկերացել եմ նրա ծնողների հետ և հիմա շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք։
Խոսելով մանկությունից՝ ասեմ, որ շատ ակտիվ և հիշարժան օերեր ենք ունեցել, շատ չարաճճիություններ ենք արել այդ տարիներին։ Այն ժամանակվա մանկությունը շատ է տարբերվում այժմյան փոքրիկների մանկությունից, մենք մեր օրերն անցկացնում էինք ընկերների հետ բակում խաղեր խաղալով, սպորտով զբաղվելով, ճամբարներ գնալով։ Հիմա շատ եմ կարոտում մանկության այդ հիշարժան օրերը։
-Հարգելի՛ Արտաշ, Ձեր մասնագիտությունը Ձեզ ասես գենետիկորեն է փոխանցվել: Մեծանուն երգիչ Արամ Ասատրյանի որդին լինելը Ձեզ համար հարթել է երգչի փառահեղ ճանապարհ: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս կայացրեցիք Ձեր մասնագիտության ընտրությունը։
-Դեռ 10 տարեկան էի, երբ առաջին անգամ հայրիկիս հետ երգեցի «Մշո երկիրն էն անուշ» երգը, մեր ձայնագրությունը մեծ տարածում գտավ և ես սկսեցի հայրիկիս հետ շրջագայել տարբեր երկրներով։ Դեռ փոքր տարիքից հայրս իմ մեջ սերմանել է երաժշտության հանդեպ սեր, հարգանք, գնահատանք և դրանով համոզել է, թե որքան լավ աշխատանք է երաժշտի, երգչի աշխատանքը։
Մեր ժողովրդի ուրախությունը, ծափահարությունները շատ ոգևորիչ է մեզ համար։ Միշտ ասում եմ, որ շատերը մեծ գումարներ են վաստակում, բայց հաճախ այդ սերն ու հարգանքը չեն վայելում, իսկ մեր համերգներին մարդիկ երգում, պարում, ուրախանում են, մեծ հաճույք ստանում և հաճույքով էլ վճարում, ինչն ինձ համար հպարտություն է։
Արժանանալով մեր ժողովրդի սիրուն՝ ասեմ, որ ինքս էլ շատ եմ սիրում և գնահատում մեր ազգին, խոնարհվում եմ ինձ սիրողների, իմ երաժշտությունը գնահատողների առաջև, նրանք բոլորը շատ թանկ են ինձ համար։ Ես փորձում եմ միշտ անմիջական շփվել նրանց հետ, քանի որ կարծում եմ` գոռոզությունը արտիստի համար չէ, գոռոզանում են միայն հիմար մարդիկ։ Մենք ժողովրդի ծոցից ենք դուրս եկել և ժողովրդի մեջ էլ գտել ենք մեր սերը, մենք չենք փոխվել և շարունակում ենք մնալ մեր ժողովրդի զավակը։ Հայրս լինելով ժողովրդի մի մասնիկը՝ մինչև հիմա մեր երկրի համար մեկ երգիչն է, իսկ այժմ արդեն մեր երիտասարդ սերունդն է երգում՝ ծանր հրետանի Գրիշան, ում հետ միասին երգում ենք՝ ոչ միայն որպես հայր և որդի, այլ նաև որպես ընկերներ։ Ինչպես ժամանակին ես եմ իմ հայրիկին տեսել և նրանից սովորել, այժմ նույն կերպ այդ ամենը փոխանցում եմ որդուս, որ ինքն էլ հետագայում փոխանցի եկող սերունդներին։
-Ի՞նչ է տվել Ձեզ երգչի մասնագիտությունը։
-Փառք Աստծո, երգչի մասնագիտությունն ինձ տվել է ամեն ինչ՝ լավ ընկերություն, մեծ հարգանք, ճանաչում, ժողովրդի կողմից անկեղծ սեր, գնահատանք, իհարկե, նաև հաճույքով իրականացվող աշխատանք։ Իմ մասնագիտության շնորհիվ ձեռք բերած իմ ծանոթություններն իմ հարստությունն են, նրանք տարածված են ամբողջ աշխարհում և նրանցից յուրաքանչյուրն ընտրյալ է։ Նոր ծանոթություններ հաստատելով՝ միշտ փորձում եմ ընտանիքներով ընկերություն անել, մեծացնել շրջապատը և այդ սիրո մեջ ապրել։ Ես իմ շրջապատով եմ ուժեղ։
Երբեմն մտածում եմ՝ եթե երգչի մասնագիտությունը չընտրեի, հավանաբար կգնայի սպորտի ուղղությամբ, քանի որ մանկուց սիրում և զբաղվում էի ըմբշամարտով։ Կամ գուցե որպես աշխատանք ընտրեի խոհարարությունը. գաղտնիք բացեմ` ինչպես ասում են՝ շատ համեղ ձեռք ունեմ, հաճախ արագ իմպրովիզներ անելով բավականին համեղ ուտեստներ եմ կարողանում պատրաստել, որոնք հետագայում գումարվում են մեր ընտանեկան սիրելի բաղադրատոմսերին։ Անգամ տարբեր երկրների խոհանոցներում սնվելուց հետո, իմ հավանած ուտելիքը կարող եմ ինքս պատրաստել՝ առանց խոհարարներին տեսնելու և բաղադրատոմսերը հարցնելու՝ ի շնորհիվ իմ համային բարձր զգացողության։
-Ձեր արմատները Մուշից են գաղթել․ ըստ Ձեզ՝ մարդու զարգացման, կայացման, անհատականության ձևավորման մեջ ի՞նչ դեր ունեն գեները։
-Մարդու գենետիկ կոդը չի փոխվում, դա Աստծո, բնության կողմից շնորհված կոդն է։ Իմ պապի պապերը ևս երգիչներ են եղել, նրանք եկեղեցում հոգևորականներ են եղել, և ինչպես գիտենք, եկեղեցում ձայնային լավ տվյալներ ունենալը կարևոր էր։ Ցավոք, գաղթը կտրել է շատերի կապը, բայց մեր ազգը եկեղեցուց ծնունդ առած և երգով ապրող սերունդներ է տվել։
Գեներով մեզ են փոխանցվել մարդկային շատ ու շատ հատկանիշներ, կարողություններ, երաժշտական մեծ տաղանդ։ Այսօր էլ մեր գենը գործում է իմ որդու օրինակով։ Վստահ եմ` մեր գենը դեռ շատ ու շատ պտուղներ է տալու և երգն ու երաժշտությունը ապագայում ևս ապրելու է մեր ընտանիքում։
Մեր վերջին երգը կոչվում է «Մեր գենը», որը նաև շատ հաջողված տեսահոլովակ ունի և տարածվելով ամբողջ աշխարհում արժանացել է շատ ու շատ դրական արձագանքների։ Ի դեպ, կիսվեմ այդ երգի նախապատմությամբ․ մի առիթով ինձ հայ տղա մոտեցավ և խոսելով մեր երաժշտության հանդեպ իր սիրո մասին նաև ասաց՝ ամեն ինչի մասին երգում եք, բայց ձեր գենի մասին չեք երգում, պետք է ձեր գենի մասին էլ երգ ունենաք։ Սկզբում զարմացա, բայց հետո, հենց իր հետ տեսաուղերձ ուղարկեցինք մեր գուսան Սերգեյ Կարինյանին՝ ասելով, թե ինչ է պահանջում մեզնեց մեր ժողովուրդը՝ մեր գենի մասին երգ: Ընդամենը օրեր անց գուսանն ուղարկեց այն: Որոշ ավելացումներ անցելուց հետո որոշեցինք՝ քանի որ երգը գենի մասին է, այնտեղ պետք է լինեն նաև եղբորս որդիները և մեր հորեղբոր թոռը, ովքեր ևս երգում են։ Այժմ շատ հաճելի է, երբ երգում եմ՝ «Առաջինը Արամն էր՝ իմ հայրը» և մեր ժողովուրդն իմ ետևից նույնը երգում է. մեծ պատիվ է, որ մարդիկ այդքան սեր են տածում, որ երգելով, որպես իրենց հայր, անվանում իմ հորը։ Սա ինձ համար անբացատրելի հաճույք է, ես շատ սիրում և խոնարհվում եմ մեր ամբողջ ազգի առաջ:
-Արդյո՞ք Ձեր հոր թողած հայրենասիրական և սիրային երգերի ժառանգությունն է Ձեզ մղել նույնաբնույթ երգերի կատարմանը, թե՞ այլ ժանրում ևս փորձել եք ներկայանալ:
-Այլ ժանրում ևս երգել եմ, օրինակ` վերջերս երգած «Մութ գիշերին» երգի նոր տարբերակը, կամ այլ զուգերգեր ևս ունեմ, բայց ցանկանում եմ ընդգծել, որ ինձ հոգեհարազատ է երաժշտական 6/8 տարբերակը. այն ամենն ինչ անում ենք մենք, դա մեր արյունն է: Բայց հաշվի առնելով մարդկանց հետաքրքրվածությունը, ցանկանում եմ ևս մի քանի երգեր ունենալ դուետի տարբերակով, քանի որ ինչպես տեսնում ենք` դրանք բավականին մեծ տարածում են գտնում նաև արտասահմանում` մինչև անգամ Ղազախստանում, Ուզբեկստանում, Ռուսաստանում և շատ այլ երկրներում: Շատ հաճելի է, երբ իմ կատարած աշխատանքը նպաստում է նաև մեր լեզվի տարածմանն ու ճանաչմանը: Սովորաբար ասում են երաժշտությունը լեզու չունի, երբ հասնում է քո հոգու լարերին, դառնում է հարազատ, գուցե դրա համար այլ ազգերի մոտ ևս իմ երգարվեստը սիրված, ընկալված և հասկանալի է: Իսկ երաժշտական մյուս ոճերի հետ կապված` մեր ընտանիքում այդ պատասխանատվությունն իր ուսերին է վերցրել Գրիշան:
-Տարիների ընթացքում երգարվեստը բավականին մեծ փոփոխություններ է կրել: Հետհայացք գցելով 1990-ական թթ.` ըստ Ձեզ` ի՞նչ փոփոխություններ է կրել այն և ինչպես եք գնահատում երգարվեստում կատարված ժամանակակից փոփոխությունները:
-Դեռ 1980-90-ական թթ. երաժշտական տեպն ավելի հանգիստ ու դանդաղ էր, իսկ այժմ հասարակության կողմից ավելի ռիթմիկ և ակտիվ երգերն են նախընտրելի: Հատկանշական է նաև, որ հիմա 90-ականների երգերի արդիականացումը և նոր ոճով մատուցումը բավականին մեծ հետաքրքրություն է վայելում: Շատ եմ լսել, երբ ասում են` հին երգերն ավելի լավն են, գուցե պարզապես անցած տարիների լավագույն հիշողություններն են հարազատ դառնում ունկնդրին:
Կարծում եմ` այժմ երաժշտական որևէ ուղղության բաց չկա ժամանակակից երգարվեստում, ամեն ճաշակի երաժշտություն կա, բայց մասսայական ընդունելության արժանացած հիթերը բացակայում են կամ մեղմ ասած շատ քիչ են: Սովորաբար համընդհանուր սիրվող երգեր են մեր ոճի կատարումները, չգիտեմ ինչու են ‹‹ռաբիս›› անվանումը տվել դրանց, բայց, վստահաբար, մասսայական սեր և ուշադրություն են վայելում այդ ոճի երգերը: Դրանք մարդկանց տան, հոգու, արյան կանչի երգերն են: Նրանք վայելում են մեր կատարումները, լսում այդ գեղեցիկ երգերը, իսկ մենք՝ իրենց գոհունակությունն ու մեզ արժևորող խոսքերը:
-Դուք շրջագայել եք տարբեր երկրներով, մասնակցել հյուրախաղերի, բազում համերգներ ունեցել: Խոսելով աշխատանքային պրոցեսից` ինչպե՞ս եք նոր մենահամերգի պատրաստվում, ի՞նչ զգացողություններ եք ունենում:
–Շրջագայություններից խոսելով ասեմ, որ հասցրել եմ 3-4 անգամ պտտվել երկրագնդի շուրջը։ Բայց հիմա ինձ և՛ հաճելի, և՛ տխրեցնող փաստ է, որ օրինակ` Սախալինում առաջին հայն եմ եղել, ով մենահամերգ է ունեցել` այն էլ լեփ-լեցուն դահլիճում, բայց այնտեղ կան բազում հայեր, ովքեր գնացել են մեր հայրենիքից: Ինձ համար ցավալի է, որ օրինակ` Սևան գնալու փոխարեն, ես գնացել եմ Արգենտինա, որ իմ երգերով ուրախացնեմ հայ ընտանիքին: Ես հպարտանում եմ արտերկրում հայեցի ապրող մեր ազգաբնակչությամբ, բայց ցավում եմ, որ մեր հայրենիքը դատարկվում է իր զավակներից:
-Դուք երբեմն մեկ թռիչքից հետո անմիջապես մյուս թռիչքն եք ունենում, առանց հանգստանալու հագեցած գաֆիկով եք աշխատում: Խոսենք վարագույրից այն կողմ` Ձեր ստեղծագործական թիմի, գերլարված աշխատանքի մասին։
-Շատ են եղել օրեր, որ իրար հաջորդող ամեն օր երգել ենք տարբեր երկրներում, մեր ստեղծագործական թիմը սիրով ընդունում է բոլոր հրավերները և լավագույնս ներկայանում իր երկրպագուներին։ Մեզ այնքան ջերմությամբ ու սիրով են հրավիրում, որ նրանց մերժելը մեզ համար մեծ խնդիր է։ Այս կյանքը մեկ անգամ ենք ապրում, փորձում ենք ոչ մեկի չնեղացնել։ Մեր թիմի ծանրաբեռնվածությունը կապված է մարդկանց կողմից սիրո և մեծ պահանջարկի, նրանց երջանիկ օրն առավել հիշարժան դարձնելու մեծ ցանկության հետ։ Ես ուրախ եմ, որ Աստված ինձ այդ շնորհքն ու առողջությունը տվել է, որ օրեր շարունակ ես կարող եմ հանդես գալ կենդանի կատարումներով և չհոգնել։
-Ի՞նչ կասեք ստեղծագործական թիմի մասին, ովքե՞ր են Ձեզ հետ աշխատում։
-Մենք աշխատում ենք ստեղծագործական մեծ թիմով, որտեղ սկսած ադմինիստրատիվ աշխատակցից մինչև երաժիշտները՝ օժտված են բարձր պրոֆեսիոնալիզմով և աշխատում են մեծ պատասխանատվությամբ։ Մեր թիմում ունենք բարձր լսողությամբ երգահաններ, հզոր երաժիշտներ, նրանց բոլորին շատ շնորհակալ եմ իրենց նվիրումի համար։ Բայց ամեն ինչի հետևում ընտանեկան քաջալերանքն է, գիտակցումը, որ ընտանիքդ կողքիդ է, քեզ հետ քայլում է նույն ճանապարհով և բոլոր իրավիճակներում քեզ մղում է ավելին անելու և ավելի շատ ստեղծագործելու։
Իմ մեծ ստեղծագործական թիմն իմ երկրորդ ընտանիքն է, իսկ արդեն երրորդ ընտանիքը՝ ռեստորանային ոլորտում ունեցած փոքր բիզնեսների համախմբված թիմն է։ Լոս Անջելեսում ունենք ռեստորանային երեք համալիրներ, ևս մեկը՝ «Մուսալեռ այգի» ռեստորանային համալիրը բացել ենք մեր հայրենիքում։ Այս թիմերում բոլորի հետ սիրով, ջերմ, ընկերական հարաբերություններ ունենք և կարծում եմ՝ դա մեծ ձեռքբերում է, երբ քո թիմը դառնում է քո ընտանիքի անդամի պես հարազատ և նվիրված իր աշխատանքին։ Շատ հաճելի է, որ շրջապատված եմ հավատարիմ և լավ մարդկանցով։
-Նկատելով Ձեր կերպարային յուրօրինակությունը` Ձեզ հատուկ` նորաձև, հետաքրքիր հագուկապը, խոսենք Ձեր ոճի մասին: Դուք ամեն անգամ ներկայանում եք նոր և առավել ոճային կոստյումներով, կասե՞ք` ով է Ձեր խորհրդատուն, ոճաբանը կամ կոստյումների հեղիանակը:
-Իմ ոճային առանձնահատկությունը ևս կապում եմ մանկության հետ, ես դեռ վաղ տարիքից տեսել և գնահատել եմ գեղեցիկն ու փորձել յուրահատուկ կերպով համադրել հագուստը: Այժմ ոճաբանների խորհրդատվություններ ևս ունենում եմ, բայց առաջին հերթին կարևորում եմ իմ սիրելիի` Աննայի կարծիքը, ով ինձ օգնում է ճիշտ և համապատասխան գույներ ընտրել և համադրություններ կազմել:
Ես կարևորում եմ մարդու արտաքին տեսքը, չէ՞ որ առաջին հայացքից հենց արտաքնապես ես ճանաչում մարդուն. կարևոր է միշտ ներկայանալի և կոկիկ տեսքը, հետո միայն շփվելով կարող ես բացահայտել նրա մարդկային որակները, ինտելեկտը և տաղանդը։ Կարծում եմ` ես կարողանում եմ իմ հանդիսատեսին գոհացնել նաև իմ ոճային առանձնահատկությամբ, քանի որ շատ եմ լսում, որ նրանց մոտ սպասում կա ամեն անգամ տեսնելու կերպարային նոր և յուրահատուկ լուծումներ:
-Ձեր կյանքում նաև բազում գնահատանքի խոսքեր, մրցանակներ եք ստացել. դրանցից որո՞նք են Ձեզ համար ամենակարևորներն ու հիշվողները:
-Ես կարևորում եմ իմ ստացած բոլոր մրցանակները, բայց ինձ համար ամենամեծ և արժեքավոր մրցանակը ժողովրդի տված սերն է, իրենց ծափահարություններն ու ոգևորությունը: Այդ ամենից առավել ինձ համար ոչինչ չկա, աշխարհում լավագույն տիտղոսները ես չեմ փոխի իմ ժողովրդի տված սիրո և գնահատանքի հետ: Ես օր օրի ավելի մեծ սեր եմ զգում իմ, իմ ընտանիքի և իմ մատուցած ծառայության հանդեպ, հենց այդ սերն է, որ ինձ մղում է ստեղծագործելու և միշտ առաջխաղացում գրանցելու: Նույն կերպ եղել է իմ հայրիկի կյանքում, ոչինչ իրեն այնքան չի ուրախացրել և ոգևորել, որքան իր հանդիսատեսի տված սերն ու գնահատանքը: Նա ոչ մի մրցանակի կարիքը չի զգացել, քանի որ ունեցել է իր համար ամենակարևորը` ժողովրդի սերը, ինչի մասին երազում են շատ ու շատ, անգամ տիտղոսակիր արտիստներ:
-Գործնական հաջողություններին անդրադառնալով` չենք կարող չխոսել միջազգային գործունեության մասին. միջազգային գործընկերների հետ աշխատանքներից որո՞նք են Ձեզ համար նվաճումներ եղել:
–Արտասահմանյան տարբեր արտիստների հետ աշխատել և դուետներ ենք հանձնել հանդիսատեսի դատին, որոնցից շատերը դարձել են ժամանակի հիթեր: Արամ Ասատրյան և Միխայիլ Շուֆուտինսկի, Խանզա, Ջոն և Քրիս Բոզիդիս, Գևորգ Խաչատրյան, ինչու չէ նաև` Արման Ասատրյան և Գրիշա Ասատրյան… մարդիկ, որոնց հետ աշխատանքը մեծ հաջողություն և ավելի լավ, մեծ ստեղծագործական նվաճումներ ունենալու հնարավորություն է տվել: Ինչ վերաբերում է միջազգային նոր համագործակցության պլաններին, այսօր ես իմ բոլոր հավակնությունները կապում եմ Գրիշոյիս հետ, ցանկանում, որ մեծ հաջողություններ ունենա միջազգային ասպարեզում, արժանանա հանդիսատեսի սիրուն: Նա շատ տաղանդավոր երաժիշտ ու երգիչ է: Ես ավելի, քան համոզված եմ, որ Գրիշոյի անունը մոտ ապագայում հնչելու է մեծ ու ճանաչված բեմերից։
-Հարգելի′ Արտաշ, Դուք լինելով ժամանակակից լավագույն երգիչներից՝ ստեղծագործում եք կյանքի, սիրո, երեխաների ու հայրենիքի մասին: Կասե՞ք, ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Կյանքը գույնզգույն է իր բոլոր դրսևորումներով։ Հայրենիքը, ընտանիքը, հարազատությունը, ու այդ բոլորի հանդեպ տածած սերը ամենաթանկ արժեքներն են, որոնք պետք է բարձրաձայնվեն ու նաև երգի և երաժշտության միջոցով մատուցվեն հանդիսատեսին, ունկնդրին: Ես և հայրս նաև հարևանի մասին երգ ունենք` «Ուրախության թե տխուր պահին, դուռն ես ծեծում հարևանի, առաջինը միշտ նա է հասնում, լավ հարևանը լավ բան է կյանքում» տողերով:
Նոր մտահաղացումներ ևս ունենք, որոնց միջոցով դեռ շատ ու շատ անգամներ կխոսենք մեր արժեքների, դրանց կարևորության և հոգևոր հարստության մասին: Այդ երգերը նաև ուսուցողական նշանակություն ունեն, հաճախ արտասահմանում մեծացած երեխաները լսելով ներշնչվում են այն արժեքներով, որոնց մասին երգում են իրենց ազգի արտիստներն ու ժողովրդին իրենց երաժշտությամբ վարակողները: Ես իմ հանդիսատեսից եմ լսում, որ մեր հայեցի ու հայերեն երգերն են օգնում պահել մայրենի լեզուն, սերն ու հարգանքը եղբոր, ծնողի, բարեկամի և հարևանի հանդեպ, եկեղեցու և հայրենիքի նկատմամբ: Ես ինձ շատ լավ եմ զգում, որ մեր երգերը հասնում են հանդիսատեսի գիտակցությանն ու տալիս են իրենց դրական արդյունքը:
-Դուք երկար տարիներ ապրել եք արտերկրում: Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում եք։ Հետաքրքիր է, ի՞նչ պլաններ ունեք կապված Հայաստանի և ստեղծագործական ծրագրերի հետ:
-Այս տարի պլանավորում ենք իմ հայրիկի` Արամ Ասատրյանի հոբելյանական 70-ամյակը նշել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այն տեղի կունենա աշնանը: Կազմակերպչական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, ցանկանում ենք նաև արդիականացված երգերով հանդես գալ, կլինեն նոր ստեղծագործությունների պրեմիերաներ, տարբեր լեզուներով կատարումներ:
Այս ամենի հետ մեկտեղ` այժմ վայելում ենք մեր հայրենիքի, բնության և հարազատների կարոտը, քանի որ ամիսներ անց պետք է մեկնեմ ԱՄՆ` գարնանը կրկին հայրենիք վերադառնալու նպատակով:
Մեր հայրենիքի այս դժվարին իրավիճակներում կարևոր է այստեղ բոլորիս իրար կողքի ամուր կանգնած տեսնել: Այնքան հաճելի է, որ մարդիկ գալիս են «Մուսալեռ այգի» ռեստորանային համալիր մեր երգերը լսելու, մեզ հետ շփվելու։ Նրանք իրենց հպարտությունն են հայտնում, որ մեզ հայրենիքում են տեսնում` նշելով, որ մենք վստահություն ենք ներշնչում, որ մեր հայրենիքի կողքին ենք և կտրված չենք այստեղից:
-Հայաստան գալով Դուք նշեցիք նաև Ձեր հրաշք դստեր` Սյուզիի հարսանեկան հուզիչ և հետաքրքիր տոնակատարությունը: Նա հատկապես այդ օրը, իսկական հայուհու կերպարում էր, ով արտաքուստ ևս ցույց էր տալիս իր պարզ ներաշխարհն ու հայեցիությունը: Ծնողի կյանքում շատ կարևոր ու մեծ իրադարձություն է զավակի ամուսնությունը: Խոսենք Ձեր չքնաղ դստեր՝ Սյուզիի մասին:
-Սյուզիի հարսանիքը շատ բուռն արձագանք ստացավ հասարակության կողմից, խոսակցությունները մինչ օրս չեն դադարում իր հագուստի, կերպարի մասին: Դեռ շատ չի անցել, բայց արդեն լսում ենք, որ հարսանեկան պատրաստություններ տեսնող երիտասարդները` նրանով ոգեշնչված, ևս փորձում են ընտրել նմանատիպ` հայկականն արտացոլող կերպարներ: Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ իմ դստեր կերպարը մղղիչ ուժ է հանդիսացել քայլ անելու դեպի հայկականն ու մեր ազգայինը:
Խոսելով դստերս մասին` ասեմ, որ նա շատ ուժեղ մարդ է, ամեն ինչ ինքն է կազմակերպել, թե ինչ և ինչպես պետք է լինի, անգամ իր հագուստի ազգային յուրօրինակ ոճը մեծ ոգևորություն էր առաջացրել իր հետ աշխատող դիզայներների մոտ: Նրանք չորս ամիս աշխատել են Սյուզիի զգեստի վրա, բոլոր դետալները եղել են արծաթից, որոնք հանվել էին Մշո զարդերի պահման արխիվներից, քանի որ նա` որպես մշեցու թոռ, ցանկացել է ամեն ինչ կրել հենց Մշո գավառի պատմական ոճով: Փառք Աստծո, ամեն ինչ ստացվել էր բարձր ճաշակով և իմ դստեր գեղեցիկ մատուցմամբ: Այս ամենի նպատակը նաև այն էր, որ որպես օրինակ տեսնելով` նոր սերնդի աղջիկները հայկականին ևս մեծ ուշադրություն դարձնեն, քանի որ այն իր ճաշակով և ոճով ոչնչով չի զիջում արտասահմանյանին: Առիթից օգտվելով` ևս մեկ անգամ շնորհավորում եմ Մարտունին և Սյուզիին, նրանց մաղթելով բախտավորություն և անսահման սեր։
«Երջանիկ տեսնեմ ողջ կյանքս,
կողքիդ կլինեմ միշտ, իմ թանկս,
քո ցավը տանեմ, աղջիկս, աշխարհս…»:
-Հայտնի ասույթ է, որ յուրաքանչյուր կայացած ու հաջողակ տղամարդու թիկունքում ուժեղ և սիրող կին է կանգնած: Ձեր հաջողություններին որքանո՞վ են նպաստել Ձեր կինն ու ընտանեկան ներդաշնակությունը:
-Իմ սիրելին` Աննան, շատ է նպաստել և այժմ ևս շարունակում է նպաստել իմ և մեր ողջ ընտանիքի հաջողությունների գրանցմանը: Նա ևս շատ լավ ընտանիքից է, մասնագիտությամբ` լրագրող, բայց ուսումն ավարտելուց հետո չի աշխատել, այլ իր ողջ ներուժով տրվել է ընտանիքին և բալիկների դաստիարակմանը:
Իմ կյանքում Աննան շատ մեծ դեր ունի: Այն ինչի ես հասել եմ, 70-80%-ով իր շնորհիվ է: Մեր երեխաների համեստ և հայեցի կերպարը ևս նրանով է պայմանավորված: Ես շատ շրջագայում եմ, հաճախ տանը չեմ լինում, բայց նա միայն քաջալերում և առաջ է մղում ինձ: Աննան շատ թանկ է ինձ համար:
-Խոսելով Ձեր նախասիրություններից՝ որտեղի՞ց եք ստանում այն ուժն ու էներգիան, ստեղծագործական մոտիվացիան, որը Ձեզ առաջ է մղում:
-Գերլարված աշխատանքից, շրջագայություններից անդին` ես լիցքավորվում, ուժ և էներգիա եմ ստանում իմ ընտանիքում: Երբ ծանրաբեռնված օրերից հետո տեսնում ես քո ընտանիքում ամեն ինչ լավ է, բոլորն իրար հանդեպ սեր և հարգանք են տածում, մտածում են իրար մասին և փորձում են ամեն կերպ աջակցել իրար, դա հոգևոր ուժ է տալիս: Աստծո կամքով է, որ ես ունեմ հրաշալի ընտանիք և նա ի կատար է ածում մեր բոլոր խնդրանքները: Նաև մեր եկեղեցին ու մեր հավատքն է ինձ ուժ տալիս, որ կարողանում եմ կյանքի ռիթմին համընթաց քայլել:
– Ձեր կյանքում որո՞նք են այն հիմնարար արժեքները, որոնցից չեք շեղվում:
-Հաճախ ասում եմ` մարդ մնալը դժվար, բայց ամենակարևոր արժանիքն է: Որտեղ էլ լինես, ինչ էլ որ անես, պետք է չմոռանաս մարդկային, բարոյական և ազնիվ արժեքների մասին: Ես միշտ պատրաստ եմ հաղթահարելու բոլոր դժվարությունները, բայց երբեք չձուլվել և չկորցնել իմ մարդկային դիմագիծը:
-«Պատահականություն, ճակատագիր, Աստված». Ըստ Ձեզ` կյանքում ո՞րն է առավել ճշգրիտ և մեծ դերակատարմամբ:
-Միանշանակ` Աստված: Գուցե մյուս ուժերը ևս ներգործում են ինչ-որ չափով, բայց եթե դասակարգենք, իմ համոզմամբ գլխավոր և աներեր ուժն Աստծունն է:
-«ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» համատեքստում հայրենիքն ու ընտանիքը մեկ միասնական արժեհամակարգ է: Դուք ո՞ր արժեքներն եք կարևորում ընտանիքի արժեհամակարգի պահպանման և ո՞ր արժեքները՝ հայրենիքի համար։
-Ամեն ինչ սկսվում է ընտանիքից. կայացած ընտանիք ունենալով դու կայացած մարդ ես քո կյանքում: Բոլոր կարևոր արժեքներն ու մոտեցումները կապված են թե՛ ընտանիքի, թե՛ հայրենիքի հետ: Ինչպես արդեն ասացիք` հայրենիքն ու ընտանիքը մեկ միասնական արժեհամակարգ են:
-Արտահայտելով Ձեր հայենասիրությունն ու նվիրումը երկրին՝ ի՞նչ մտքեր, երազանքներ ունեք կապված մեր հայրենիքի հետ:
-Իմ ողջ մղումները կապված են մեր երկրի անունն ավելի բարձր հարթակներից լսելի դարձնելու հետ: Աղոթքներս մեր հայրենիքի մասին են, որ եթե աշխարհում այն առաջինը չլինի, գոնե ոչնչով չզիջի և հավասար քայլի առաջին շարքերու գտնվող մյուս պետությունների հետ, լինի արդիական, զարգացած և բարեկեցիկ կյանք ապահովի իր քաղաքացիների համար, որ մեր ժողովուրդը ևս կարողանա վայելել կյանքն իր ողջ գույներով, աշխարհի բարիքները հայերի համար ևս հասանելի լինեն:
Երազում եմ, որ այն խնդիրները, որոնք ունեցել են մեր պապերը, և այժն ունենք մենք, չունենան եկող սերունդները, որ նրանք ապրեն հզոր երկրում, խաղաղ ու բարեկեցիկ պայմաններում` մտածեն միայն դրականի և կյանքի պայծառ գույների մասին:
-Խոսենք ապագա պլաններից…
-Իհարկե, արդեն խոսեցինք հայրիկիս նվիրված հոբելյանական համերգի մասին, որդուս գործունեության և միջազգային ասպարեզ դուրս գալու մասին: Իսկ անձամբ իմ գործունեությանն անդրադառնալով` ասեմ, որ ստեղծագործական բուռն աշխատանքներ են կատարվում, նոր երգերի, տեսահոլովակների և ակտիվ շրջագայությունների տեսքով:
-Եվ վերջում, Ձեր խոսքն ու ուղղերձը մեր հայերնակիցներին և Ձեր երկրպագուներին:
-Իմ հայերնակիցներին և երկրպագուներին ցանկանում եմ ասել, որ բոլորին անչափ սիրում և գնահատում եմ իրենց սերն ու նվիրվածությունը մեզ և մեր աշխատանքին: Ցանկանում եմ, որ մեր բոլոր հայրենակիցների տանը մշտապես հնչի ուրախ երաժշտություն, երգ ու պար։ Բարձր տրամադրությունը տան հզորության և ամրության վկայականն է, ամեն ինչ հաղթահարելի է միասնականությամբ և ժպիտով:
Խոսքս ուղղելով երկրպագուներիս ասեմ` ի պատասխան ձեր մեծ սիրո` ձեզ սպասվում են նոր ստեղծագործություններ, որոնք ևս, վստահ եմ, կդառնան ձեր հոգու երգերը և կարտահայտեն իմ ամբողջ սերն ու ջերմությունը:
Հարցազրույցը՝ Ոսկեհատ Պողոսյանի